Անկարան և Սև ծովը. տարածաշրջանային գերակայության համար ռուս-թուրքական բազմադարյա պայքարը. Foreign Affairs

Ամերիկյան Foreign Affairs պարբերականում մայիսի 12-ին հրապարակվել է Աքին Ունվերի «Անկարան և Սև ծովը» խորագրով հոդվածը, որում խոսք է գնում տարածաշրջանում գերակայության հասնելու համար ռուս-թուրքական բազմադարյա պայքարի մասին: Հոդվածը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.

«1783 թվականին Օսմանյան կայսրությունը կորցրեց Ղրիմը՝ այն զիջելով Ռուսաստանին, ինչը շրջադարձային պահ հանդիսացավ երկու քաղաքակրթությունների պատմության ընթացքում: Օսմանների համար դա առաջին դեպքն էր, երբ նրանք իրենց տարածքները հավերժ հանձնեցին քրիստոնեական երկրին՝ տվյալ դեպքում Եկատերինա Մեծի Ռուսաստանին, ով ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի նման միջամտեց ղրիմյան քաղաքացիական պատերազմին ու զավթեց թերակղզին՝ մուսուլմանական բնակչությամբ խոշոր տարածք:

Ռուսների համար դա սկիզբ հանդիսացավ գերտերություն դառնալու համար, Սև ծովը Ռուսաստանը կապեց Արևմուտքի հետ: 1783 թվականից հետո Մոսկվան օգտագործեց իր ծովային հզորությունը՝ օսմաններին հանգիստ չտալու համար: Շուտով նա իր գործունեությունը Սև ծովից դուրս բերեց դեպի Էգեյան ու Միջերկրական ծով:

Դա հանգեցրեց հերթական պատերազմին՝ 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմին, որը դարձավ բրիտանացիների ու ֆրանսիացիների այն ցանկության արդյունք, որ նրանք չէին ցանկանում ռուսներին թույլ տալ ամբողջովին գերակայել Սև ծովում` ի վնաս Օսմանյան կայսրության, որն իր հերթին ձգտում էր պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում:

Ըստ էության, դա ոչ թե լոկալ բախում էր, այլ՝ ապագա համաշխարհային պատերազմների նախերգանք: Ռուսաստանը ձևականորեն պարտվեց այդ պատերազմում, իսկ օսմանները հաղթեցին նրանում: Սակայն իրականում օսմանների համար պատերազմը շահեցին ֆրանսիացիներն ու անգլիացիները:

Եվ այնուամենայնիվ, Օսմանյան կայսրության իշխանությունները սխալ գնահատեցին տեղի ունեցածը՝ զգալով սեփական գերազանցությունն ու դրսևորելով անհոգություն : Միաժամանակ ռուսները ղրիմյան իրենց պարտությունն օգտագործեցին մի շարք կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք թեև չկանխեցին ցարիզմի տապալումը, սակայն դանդաղեցրին այն:

Դրանով իսկ 19-րդ դարի վերջին Ռուսաստանը պատրաստ էր նոր պայքար սկսել Օսմանյան կայսրության դեմ՝ Կովկասում, Բալկաններում ու Սև ծովում գերակայելու համար: Բնականաբար, Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը Թուրքիային երբեք չի խանգարել կապեր պահել թերակղզու հետ: Այդ շրջանը մուսուլման մտավորականների համար աստիճանաբար վերածվեց Փարիզի նման վայրի:

Ղրիմը ծնունդ է տվել ժամանակակից թյուրքական ազգայնականության բազմաթիվ հիմնադիր հայրերի, ինչպիսիք են Յուսուֆ Աքչուրան ու Իսմայիլ Գասպրինսկին:
Ընդ որում, Թուրքիայի համար Ղրիմի նշանակությունը չի սահմանափակվել միայն մշակութային ասպեկտով:

Փրինսթոնի դոցենտ Մայլք Ռեյնոլդսն իր «Փլուզվող կայսրություն» գրքում գրում է, որ Ղրիմը չափազանց կարևոր էր oսմանյան հետախուզության համար, ով հավատում էր, որ եթե հաջողվի Ուկրաինան անջատել Ռուսաստանից, ապա Ռուսաստանը կփլուզվի, և օսմանները կկարողանան վերադարձնել Սև ծովում իրենց գերակայությունը: Հետախույզների կարծիքով՝ օսմանների համար լավագույն ռազմավարությունը եղել է Ղրիմի մուսուլմաններին դժգոհությունների հրահրելը:

Այդպիսով զարմանալի չէ, որ 1914 թվականին օսմաններն Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտան՝ դա սկսելով ռուսական էսքպանսիոնիզմի խորհրդանիշ դարձած Սևաստոպոլի ռմբակոծությունից: Գործողությունն անցավ հաջող և օգնեց պատերազմի ժամանակ կաթվածահար անել ռուսական Սևծովյան նավատորմի գործողությունները:

Սակայն վերստին օսմանների հաղթանակն ապահովեցին օտար երկրները: Կայսրությունը չուներ սեփական ռազմածովային տեխնոլոգիաներ, և նավահանգիստների վրա հարձակման համար նա օգտագործեց գերմանական Goeben և Breslau նավերը:

Ռմբակոծությունից հետո Ստամբուլը լքող ռուս դեսպանն ընդգծեց, որ օսմանները կարող են հաղթել ճակատամարտը, սակայն կպարտվեն ընդհանուր առմամբ. «Եթե հաղթեն գերմանացիները, Օսմանյան կայսրությունը կդառնա նրանց գաղութը, եթե հաղթեն բրիտանացիները, ապա այն կփլուզվի»: Պատերազմից հետո վերադառնալով Ստամբուլ՝ նա հայտարարեց, որ այդ քաղաքն իսկապես կարող էր դառնալ ռուսական:

1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունն Օսմանյան կայսրությանը փրկեց ռուսներից, որոնք շատ ավելի առաջ էին շարժվել Արևելյան Անատոլիայում, քան դա ակնկալում էին թուրքերը: Պատերազմից հետո որոշակի ջերմացում նկատվեց ռուս-թուրքական հարաբերություններում:

Ոմանք անգամ կարծում են, որ Լենինի ու Աթաթուրքի ժամանակները պատմության մեջ միակ շրջանն են, երբ միմյանց հետ համագործակցել են Ռուսաստանն ու Թուրքիան: Նախկին երկու կայսրությունների հանրաճանաչ առաջնորդներն այդ ժամանակ ընդգծում էին Արևմուտքին իրենց դիմակայելը, և այդ ֆոնին Ղրիմի հարցը կորցրեց իր նշանակությունը:

Սակայն շուտով երկու երկրների միջև հարաբերությունները նորից սառեցին: Ռուսաստանը՝ (ԽՍՀՄ) Իոսիֆ Ստալինի գլխավորությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս եկավ որպես եվրասիական ավազանում գերակայող երկիր: Ստալինը հանդես եկավ Արդահանի, Արտվինի ու Կարսի մարզերը վերադարձնելու օգտին և պահանջեց հատուկ կարգավիճակ տրամադրել Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական նավերին:

Ստալինը քանիցս վիճարկել է նեղուցների կարգավիճակի մասին 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիան, որն ավելի քան 10 տարի կարգավորում էր Բոսֆորով ու Դարդանելով նավարկությունը: Ստալինի կարծիքով՝ այն չէր համապատասխանում հետպատերազմյան աշխարհին, որում նոր Ռուսաստանը չպետք է ենթարկվի թուրքական կառավարության քմահաճույքներին:

Յալթայի կոնֆերանսի մասին բրիտանական փաստաթղթերում նշված է, որ Ստալինը հարց է ուղղել Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին. «Ինչպե՞ս կվարվեր Բրիտանիան, եթե Իսպանիան կամ Եգիպտոսն իրավունք ստանային փակել Ջիբրալթարի նեղուցն ու Սուեզի ջրանցքը, կամ էլ ինչպե՞ս կվարվեր ԱՄՆ-ը, եթե հարավամերիկյան որևէ երկիր իրավունք ունենար փակել Պանամայի ջրանցքը»:

(1956 թվականին Բրիտանիայի վարչապետ Էնթոնի Իդենի կառավարությունը տվեց այդ հարցի պատասխանը, երբ Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերն արեց հենց այն, ինչի մասին խոսել էր Ստալինը՝ փակեց Սուեզի ջրանցքը): Հենց այդ ժամանակ էլ Թուրքիան փոխեց իր կուրսը և, չդիմանալով Ռուսաստանի աճող ճնշումներին, 1952 թվականին անդամակցեց ՆԱՏՕ-ին:

Խորհրդային Միության փլուզումից հետո գլոբալիզացվեց Սևծովյան տարածաշրջանը, ստեղծվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը: Թուրքիան շեշտը դրեց Սև ծովում իր կայունացնող դերի, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանին բնական գազով ապահովելու իր ունակության վրա:

Վերստին դեժավյու

Այս տարվա մարտին, ամեն ինչ փոխվեց, երբ Ռուսաստանը գրավեց Ղրիմը և հայտարարեց, որ մտադիր է ամբողջովին օգտագործել դրա գեոռազմավարական պոտենցիալն ու շարունակել Սևծովյան նավատորմի զարգացումը: Ռուս-թուրքական ողջ հարաբերությունների պատմության ընթացքում երկրորդ անգամ ձևավորված խաղաղությունն ու կայունությունը վերստին իրենց տեղը զիջեցին ռուսական էքսպանսիոնիզմին:

Սև ծովում գերակայելը կարող է անխուսափելիորեն հանգեցնել Բոսֆորի նեղուցի կարգավիճակի վերանայման հարցին, որովհետև պարեկություն կատարող ռուսական նավերը կարող են միայն դրա միջով անցնել Միջերկրական ծով: Բնականաբար, արևմտյան երկրները Միջերկրական ծովում ռուսական յուրաքանչյուր ներկայությունն ընկալում են որպես սպառնալիք:

Թուրքիան չափազանց խոցելի է Սև ծովում: 2013 թվականի օգոստոսին Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը չեղյալ հայտարարեց ազգային նավաշինական տասնամյա ծրագիրը (MILGEM), որը նախատեսում էր «սթելս» տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցել ժամանակակից կորվետներ: Դա կապված էր, ոչ թե բուն նախագծի, այլ ԱԶԿ-ի ու նախագիծը ֆինանսավորող Koç կորպորացիայի միջև կոնֆլիկտի հետ:

2013 թվականի սեպտեմեբրին Թուրքիան ընդունեց ճակատագարական որոշում՝ նախապատվությունը տալով չինական HQ-9 զենիթա-հրթիռային համալիրներին: Առանց MILGEM-ի ու էժանագին և անհուսալի ՀՕՊ-ի միջոցներով Թուրքիան վստահություն չի ներշնչում ռուսական էքսպանսիային դիմակայելու համար:

Անգամ եթե Մոսկվան իրեն պահի զգուշավոր, Սև ծովում Ռուսաստանի գործողություններն անխուսափելիորեն կբարդացնեն Թուրքիայի կյանքը: Օրինակ, Ռուսաստանը վստահ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերջին հաշվով հաղթանակ կտանի քաղաքացիական պատերազմում, և ի երախտագիտություն ռուսական աջակցության՝ Ռուսաստանին հնարավորություն կտա երկարաժամկետ հենքով օգտվել Տարտուսի ռազմածովային բազայից:

Եթե Սևաստոպոլի ու Տարտուսի նկատմամբ վերահսկողությունն ապահովի Ռուսաստանի ելքը դեպի տաք ջրեր, ապա Թուրքիան գործնականում կշրջապատվի ուժեղացող ռուսական նավատորմով: Դրա հետ կապված՝ կարող են տուժել տարածաշրջանում բացառիկ տնտեսական գոտիների ստեղծման և թուրքական շելֆում նավթի ու գազի հետախուզման աշխատանքները:

Ռուսաստանը կարող է սկսել վիճարկել Բոսֆորի իրավական կարգավիճակը՝ Ստալինից հետո ապացուցելով, որ ժամանակն է թարմացնել Մոնտրեի կոնվենցիան և իրեն տրամադրել անսահամանափակ մուտք դեպի ջրատարածություններ: Ռուսական նավատորմն արդեն իսկ ցույց է տվել, որ կարող է ծառայել որպես ճնշման միջոց՝ նման վեճերի կարգավորման համար:

Բացի այդ, շրջափակելով Փոքր Ասիան՝ Պուտինը մարտահրավեր է նետում «Հարավային գազային միջանցքի» եվրոպացի ստրատեգներին, ինչպես նաև «Անդրանատոլիական գազատարի» նախագծի հեղինակներին, որը նախատեսված է ադրբեջանական գազը Ռուսաստանի տարածքի շրջանցմամբ Եվրոպա հասցնելու համար:

Եթե Ստալինի ժամանակ ռուսական էքսպանսիոնիզմը Թուրքիան վերածեց ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակցի, ապա Ղրիմ ռուսական ներխուժումը Թուրքիային կհիշեցնի, թե ժամանակին նա ինչու է անդամակցել դաշինքին՝ կապված նրա հետ, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը սկսել է հեռանալ Արևմուտքից:

Այլ կերպ ասած, ո՛չ Օսմանյան կայսրությունը, ո՛չ էլ ժամանակից Թուրքիան երբեք ի վիճակի չեն եղել ինքնուրույն ո՛չ զսպել ռուսական էքսպանսիոնիզմը, ո՛չ էլ դիմակայել դրան: 1689 թվականից սկսած՝ Թուրքիայի համար գոյատևելու համար միակ իրական հնարավորությունը եղել է դաշնակիցների հետ համագործակցելը:

Սակայն դրա համար նա Արևմուտքին պետք է ցուցադրի իր հուսալի աջակցությունը: Երբ նա սկսում է զիջել ռուսական պահանջներին, Ռուսաստանը միայն դառնում է ավելի ինքնավստահ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի (Օսմանյան կայսրություն) միջև մղվել է խոշորամասշտաբ 12 պատերազմ.  1568-1570 (1572), 1676-1681, 1686-1700, 1710-1711, 1735-1739, 1768-1774, 1787-1792, 1806-1812, 1828-1829, 1853-1856 (Ղրիմ), 1877-1878, 1914-1917 (Առաջին համաշխարհային պատերազմ):

Տեսանյութեր

Լրահոս