![](/banners/BeFunky-design.jpg)
Հրազդանի կիրճից այսօր երեկոյան բերման ենթարկվածները եղել են Արթուր Վանեցյանին սպասարկող «Range Rover»-ով
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/screenshot-2025-01-10-211422-770x_.png)
Հունվարի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով, որը սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։
Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ ինքը և իր հետ գտնվող անձինք ձերբակալվել էին քրեական ոստիկանության կողմից, ինչպես հետագայում հաղորդվեց՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արսեն Բաբայանն ազատ էր արձակվել, իսկ նրա հետ եղած երկու անձինք ձերբակալվել էին։