Բաժիններ՝

Սերգեյ Փարաջանովի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրվի Ռոտերդամում

Ուզբեկ ռեժիսոր Ալի Խամրաևի «Փարաջանովի յասամանագույն քամին» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ռոտերդամի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որը կանցկացվի հունվարի 30-ից փետրվարի 9-ը։

Ֆիլմը նկարահանվել է ի հիշատակ լեգենդար ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի, նկարահանումները տևել են մեկ տարի։ Ինչպես պատմում է ռեժիսորը, ֆիլմը հուզիչ պատմություն է երկու գործընկերների՝ կինոյի վարպետների ընկերության մասին, որը մեծ ու բարի հետք է թողել Ալի Խամրաևի սրտում։ Ֆիլմում ականավոր կինոռեժիսոր Փարաջանովի` Տաշքենդ ժամանելու, ուզբեկական հարսանիքին մասնակցելու և դրանով հիանալու դրվագներ կան։

«Փարաջանովին ցույց եմ տվել այնպիսին, ինչպիսին տեսել եմ, այս ֆիլմը շատ անձնական է»,- ասել է Խամրաևն իր արվեստի երկրպագուների հետ հանդիպումներից մեկի ժամանակ։

Ռոտերդամի կինոփառատոնը Կաննի, Վենետիկի և Լոկարնոյի փառատոների հետ մեկտեղ համարվում է հեղինակային կինոյի աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը։

«Մենք Սերգեյ Փարաջանովի մասին բազմաթիվ վավերագրական ֆիլմեր ենք ստացել, և դա զարմանալի չէ, քանի որ նա աննախադեպ հանճարի տեր ռեժիսոր էր: Մեր ընտրած ֆիլմն ապշեցրեց մեզ նրանով, թե ինչպես է ռեժիսորը պատկերացրել Փարաջանովին,որի հետ երկար տարիներ մտերիմ է եղել: Փարաջանովի արվեստն իսկապես ինչ-որ բան է նշանակում Խամրաևի համար, այն մինչ օրս ոգեշնչում է նրան, ստիպում է մտածել, փորձարկումներ անել, ձգտել, երազել: Ռեժիսորը խորացել է արխիվների մեջ՝ մեկնելով Հայաստան և Վրաստան՝ այդպիսով հարգելով Սերգեյ Փարաջանովի հիշատակը»,- ասել է կինոքննադատ Օլաֆ Մյոլլերը ֆիլմի մասին։ Նրա կարծիքը հրապարակվել է փառատոնի կայքում։

Խորհրդային նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս