«Ամսի 16-ին կասեն՝ վա՜յ, Սյունիքը. սա խուճապ չէ, եղբայր, թշնամին մտել է տունդ». Հռիփսիմե Առաքելյան
«Փաշինյանը շատ լավ գիտի, չէ՞, որ իրեն բերել են, որ Հայաստանը վերացնի: Ինքը եկել է հենց դրա համար, որ Հայաստանը վերացնի: Մեր երկիրն ամենաբարձր մակարդակով հանձնել ենք թուրքին, էն մի թուրքը այս մի թուրքին ասում է սա, հետո մենք ակնկալում ենք, որ այստեղից ներքին թուրքը պետք է հակադարձի հայկական շահերի մասի՞ն: Ո՞նց կարող է նման բան լինել: Փաշինյանի կողմից բնական պատասխան է հնչել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով Ալիևի սպառնալիքներին ի պատասխան՝ Փաշինյանի տված հարցազրույցին:
Նա խնդրեց այս իրավիճակում ժողովրդին որևէ կերպ չմեղադրել. «Ժողովուրդն իր դիրքորոշումը հայտնում է, 100 հազարով հրապարակում էր և հավատում էր, որ այդ համախմբումը պետք է հասցնի որոշակի արդյունքների, բայց եղավ այն, ինչ եղավ: Ես նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, թե ընդդիմությունն ինչպես է պատկերացնում իր քայլերը նույն խորհրդարանական ընտրությունների գնալու դեպքում: Մենք սրանց հետ պետք է գնանք խորհրդարանական ընտրությունների՞: Քանի սրանք իշխանության են, խորհրդարանական ընտրություններով սրանք չեն գնալու: Նրանք ամբողջությամբ օգտագործելու են վարչական ռեսուրսը, սրանք ամեն ինչի ընդունակ են»:
Հռիփսիմե Առաքելյանը աղետալի համարեց հանդիպումների ժամանակ Խորենացու «Ողբը» կարդացող Աննա Հակոբյանի մտքերը գրի առնող դասախոսների պահվածքը. «Ի՞նչ է ասում, որ այդպես գրում են, Խորենացու «Ողբը» թելադրում է, իրենք էլ գրում են, որ հետո տեսնեն՝ քանի սխալ են կատարե՞լ: Դասախոս մարդիկ են, նշումներ են անում. Այդ ի՞նչ դարակազմիկ մտքեր է ասում, որ նշումներ եք անում: Սա ողբերգություն է»:
Նա ֆեյսբուքյան իր էջում շարք է սկսել, որտեղ ներկայացնում է Աննա Հակոբյանի հանդիպումներին մասնակցող տարբեր անձանց՝ նշելով, որ նրանք կրթության հետ հաշտ չեն, գնացել են կրթվելու:
«Պարզվում է, որ կան մարդիկ, որոնց ճանաչում ենք, բայց չենք արձանագրել, որ գնացել են: Տեսանյութերում երաժշտության տակ լալահառաչ խոսում են, երևի Արիստոտելի մոտ են գնացել, փորձում են խելացի երևալ, ու երբ այդ մարդկանց եմ ներկայացնում, նեղանում են, ասում են՝ ինչու եք մեզ թիրախավորել: Ես ձեզ չեմ թիրախավորել, դուք եք ձեզ թիրախավորել, ես որևէ մեկին չեմ լուսանկարել այդ կրթվելու ոդիսականի ընթացքում, դրանք բաց տեղադրված են այդ տիկնոջ էջում, ինչի՞ց են նեղվում: Ես, օրինակ, չէի տեսել, որ Սեդրակ Մամուլյանը, որին աստղ սարքել են հեռուստաընկերությունները, այդ թվում՝ ես, քանիցս իմ հաղորդումներին հրավիրելով, այդ մարդկանց մենք պտտեցրել ենք, PR ենք արել, ու տեսնում եմ, որ գնացել է՝ կրթվի այս մարդը: Ի՞նչ անում այդ մարդը այնտեղ, գոնե նորմալ ճաշ եփել դրանց սովորեցնի, թե չէ խոզի թթված կռճոններով ձվածեղ են անում, ուտում են, հասկանո՞ւմ եք»,- նշեց նա՝ շեշտելով, որ դրանով զբաղեցնում են ժողովրդին:
Նրա մոտ տպավորություն է, որ Փաշինյանի տիկինը քարոզարշավ է անցկացնում. «Ի՞նչ է նշանակում՝ կրթվելը նորաձև է, կարող է իրենք են նոր հասկացել, որ կարելի է կրթվել, և դա դարձել է թրենդ: Այդտեղ հասած մարդը պետք է արդեն կրթված լիներ»:
Հռիփսիմե Առաքելյանը ծանր է տանում այս ամենը. «Երկիրդ խլում են, ու դու չես կարողանում այդ ամենի դեմն առնել: Դու չգիտես՝ ինչ անել: Թշնամին մտել է քո տուն, ու դու տեսնում ես այս սրիկայության անչափելիությունը, տեսնում, որ ոչինչ չես կարողանում կանխել, քո ջլատությունը տապալում է ամբողջապես: Ես չեմ ուզում համարել, որ ժողովուրդն անտարբեր է: Յուրաքանչյուրը յուրահատուկ կերպով է ընկալում ցավը, տագնապը: Մարդ կա՝ գոռում է, խոսում է, լացում է, այդ էմոցիաները միջից հանում է, մարդիկ կան, որոնք անընդհատ լուռ են, ու մեկ էլ տեսնում ես՝ այդ մարդը մարեց, քնեց՝ չարթնացավ, մարդ կա՝ փորձում է քեֆ-ուրախություն կազմակերպել, որ այդ աղմուկի մեջ խնդիրը թաղի, մարդ կա՝ խմում է, շատ ծխում է: Երբեմն վոքս-փոփերի ժամանակ երբ տարբեր մարդկանց լսում ենք, նրանք կարեկցանքի արժանի են, որովհետև հիվանդ են: Հիվանդ մարդու կարծիքը գեներացնել և ասել՝ մեր ժողովուրդը սա է, ես դա չեմ կիսում»:
Նա ընդգծեց՝ Ալիևը Հայաստան ոտքով է գալու. «Նա տանկերով չի գալու: Մի երկու դրոն են ուղարկելու, հետևակով քայլելով են մտնելու՝ Հայաստանը վերցնեն: Ու ես չգիտեմ՝ ինչ անել այս իրավիճակում: Ես նաև հասկանում եմ, որ որևէ մեկը չի ուզում մտնել այս պատասխանատվության տակ: Միավորման կոչեր արվում են, բայց պետք է գեներացվի ինչ-որ բան, որի շուրջ պետք է միավորվել: Մենք անընդհատ խոսում ենք, նրանք իրենց գործն անում են: Ասացին, որ հունվարի 16-ին դեմարկացիա են անելու, հես ա բոլորը կզարմանան, կասեն՝ վա՜յ, Սյունիքի այս գյուղը տվեց: Հես է՝ ամսի 16-ին բոլորը նորից կջղայնանան, կասեն՝ վա՜յ, Սյունիքը: Երկրորդ փուլով Սյունիքն են վերցնելու: Արցախի հանձնումով վերջացած էր մեր պատմությունը, իսկ Սյունիքով լրիվ է ավարտվելու: Սա խուճապ չի, սա ուղեղն աշխատեցնելու մասին է, որ՝ եղբայր, թշնամին մտել է տունդ»:
Նա շեշտեց՝ այս իրավիճակում եկեղեցին շատ բան կարող է անել. «Ես դեռ սպասում եմ եկեղեցուն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում