Հայաստանի իշխանությունն արագացնում է Հայաստանը չեզոքացնելու Բաքվի և Անկարայի պլանը. Հայկ Խալաթյան
Մինչ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ամբողջ Հայաստանն անվանում է «Ֆաշիստական պետություն», Հայաստանի Կառավարությունը շտապում է ընդունել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով։
Գործընթացին շատ արագ արձագանքեցին Մոսկվայից. ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունն անընդունելի համարեց նախ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, ապա ՌԴ փոխվարչապետ Ալեքեյ Օվերչուկը՝ շեշտելով. «Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը մասնակցության միջև, այս երկու կազմակերպությունները «անհամատեղելի» են… եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, «մի կողմից՝ կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ չբացառեց, որ Ադրբեջանի ղեկավար Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցելու մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, խոսելով Ալիևի սպառնալիքներին ի պատասխան՝ Հայաստանի ԵՄ անդամակցության հարցն օրակարգ բերելու ՀՀ Կառավարության քաղաքականության մասին, նախ հիշեցրեց՝ Ադրբեջանը Հայաստանի համար ստեղծում է այնպիսի պայմաններ, որ դրանք բերեն հայկական գործոնի ամբողջական չեզոքացմանը, ուստի պայմանագիր կստորագրեն, եթե այդ պայմանագիրը հենց հայկական գործոնի չեզոքացում ապահովի, հակառակ պարագայում, կգնան ավելի կտրուկ քայլերի։
«Հայաստանի իշխանություններն իրենց այս քայլով՝ դեպի ԵՄ անդամակցության մասին նախագծով, ամեն ինչ անում են, որ արագացնեն Բաքվի և Անկարայի՝ Հայաստանը չեզոքացնելու պլանը»,- ասաց Հայկ Խալաթյանը։
Ինչ վերաբերում է Մոսկվայից Հայաստանի Կառավարության ընդունած որոշման վերաբերյալ հնչած արձագանքներին, Խալաթյանն ընդգծեց՝ դրանք կարող ենք դիտարկել՝ որպես սպառնալիք, կամ այլ բան, անկախ նրանից՝ ի՞նչ ենք դիտարկում, կարևոր է հասկանալ այն հետևանքները, որոնք հայ ժողովուրդը կունենա իրականում հողի վրա։
«Վերլուծելով Հայաստանի իշխանության գործելաոճը՝ չեմ բացառում, որ նման նախաձեռնության նպատակն Ադրբեջանի պահանջները բավարարելն է՝ հանրաքվեով՝ Սահմանադրության փոփոխությունը, իսկ այդ հարցով հնարավոր չէ կողմ քվեարկություններ ապահովել, ուստի պետք է ժողովրդին նաև հանրաքվեի ժամանակ առաջարկել դեպի Եվրոպա գնալու երազանքը։ Չի բացառվում, որ Ռուսաստանից կոշտ արձագանք ստանալուց հետո Հայաստանի Ազգային ժողովն այդ նախագծին դեմ քվեարկի։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը վերջին պահին հանրաքվեի չի գնալու»,- ասաց Հայկ Խալաթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։