Արցախում ցեղասպանության առաջին պատասխանատուն Փաշինյանն է. ինքն է հանձնել Արցախը, հիմա էլ վախենում է փռշտալ, որ հանկարծ Ալիևը չջղայնանա. Արտակ Բեգլարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Երբ 2022թ․ ապրիլի 13-ին Փաշինյանը հայտարարեց Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, դա արդեն Արցախը հանձնելու անոնսն էր։ Հետո ադրբեջանական ջերմուկյան հարձակումից հետո տրվեց նախերգանքը։ Այդ ժամանակ Արցախի իշխանությունները հայտարարություն տարածեցին՝ ահազանգելով, որ Հայաստանի իշխանություններն Արցախի վերաբերյալ հերթական զիջումների չպետք է գնան։ Պրահայի՝ հոկտեմբերի 6-ի հայտարարությունը որոշ չափով համապատասխանում էր սպասելիքներին, բայց մեզ համոզում էին, որ այդ հայտարարությունը չի նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որովհետև այնտեղ խոսվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Մեզ ասում էին, որ Արցախի հարցը առանձին պետք է քննարկվի։ Հետո Փաշինյանը հատկապես 2023թ․ շրջափակման ընթացքում սկզբում՝ անուղղակիորեն, ապա՝ ուղղակի հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաև Արցախը։ Ուղիղ տեքստով 2023թ․ապրիլի 13-ին հայտարարեց, որից 4 օր հետո Ալիևն անցակետ տեղադրեց Լաչինի անցակետում։ Կարծում եմ՝ դա Ալիևի և Փաշինյանի միջև փոխհամաձայնեցված էր։
Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ»։
- 2018թ․Արցախից մեզ համար հիմնականում ընկալելի չէր՝ ինչի համար է իշխանության եկել Փաշինյանը։ Փաշինյանին հաջողվել էր մոլորեցնել ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Իրեն հաջողվել էր թեման տաք պահել ներքին խնդիրներով։ Ես հիմա եմ հասկանում, որ նախընթաց շրջանում Փաշինյանը դիտավորյալ էր մտել «ազգային կերպարի» մեջ, այդ թվում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ինչ-որ խմբով Արցախ գնալով, ասելով, որ Արցախը չպետք է զիջենք… Հիմա հասկանալի է, որ դա հատուկ էր արվում: Հետո մինչև 2021թ․ինքը մնաց այդ դաշտում, խաղաց, մոլորեցրեց ժողովրդին, հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ, և, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, իր վրայից գցեց պատասխանատվությունը։ Իմ կարծիքով՝ 2018-2020թթ․ ինքը մի կողմից խաղաց իր պոպուլիստական խաղը՝ իր վարկանիշի հարցը լուծելու համար, մյուս կողմից՝ բանակցությունները տարավ փակուղի և աստիճանաբար բերեց-հասունացրեց պատերազմի պահը, որ հետո ասի՝ արցախցիները, նախկինները, բանակը, արտաքին ուժերն են մեղավոր պարտության մեջ, բայց ոչ ես։ 2021թ․նույնն արեց՝ Հադրութ, Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Հետո ընտրություններից հետո արեց իր նախընտրական ծրագրին հակառակ բաներ։
- Նախկինում Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ հանդես են եկել՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, բանակցել են Արցախի անունից, Արցախին երբեք մենակ չեն թողել, ու որևէ հետին միտք չի եղել Արցախին մենակ թողնելու ու այն Ադրբեջանին հանձնելու։
- Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով ու մեղավորությամբ է Արցախը հանձնվել։ Ինքն է հանձնել Արցախը։ Ես հիմա համոզված եմ, որ ինքը 2014-2015թթ.-ից սկսեց մտնել ազգային այդ կերպարի մեջ, մտավ միտումնավոր։ Ինքը դեռ 90-ականներից Արցախը բեռ էր համարում և վերադարձավ իր նույն այդ կարծիքին 2022թ.-ից սկսած։
- Աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների ծրագրով երկար ժամանակ հայ հասարակությանը նախապատրաստել են այս իրավիճակին՝ դրսից ներդրված կոնկրետ նարատիվներով։ Զուգահեռ ուռճացրել են ներքին թեմաները՝ սոցիալական վիճակ, կոռուպցիա և այլն, որը՝ իրական, որը՝ հնարովի։ Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունների գլխավոր երկու բացթողումներն են եղել ազգային գաղափարախոսության թույլ լինելը և արդյունավետ կառավարման խնդիրները։ Եվ դրանից Փաշինյանն ու մյուս դերակատարներն օգտվել են։ Նիկոլ Փաշինյանի ծնունդը՝ որպես ղեկավար, նաև եղել է մեր համակարգային սխալների միջոցով՝ իհարկե, արտաքին ուժերի դերակատարմամբ։
- Ադրբեջանում տարեցտարի խորացել է հայատյացությունը, իսկ քսենոֆոբիան՝ էթնիկ ատելությունը, միջազգայնորեն արգելված է։ Սա իրենց ազգային գաղափարախոսության հիմքն է։ Ադրբեջանն իր ազգային գաղափարախոսությամբ իր ժողովրդին նախապատրաստել է երկարատև պայքարի, մենք նախապատրաստել ենք խաղաղության կամ կիսատ-պռատ պայքարի։
- Փաշինյանը հստակ պլանով է եկել իշխանության, Արցախը հանձնելու, Արցախի «բեռից» ազատվելու համար ու մեղքը նախկինների վրա գցելով։ Այ այստեղ ինքը սխալվում է։ Մինչև 2018թ. Արցախը եղել է զարգացող, կայուն պետություն։
- Ի պաշտոնե ներգրավված եմ եղել բանակցություններում, մասնակցել եմ Անվտանգության խորհրդի նիստերին և տեղյակ եմ՝ ինչ է բանակցվել։ Երբ Փաշինյանը հայտարարեց Արցախի նշաձողն իջեցնելու մասին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ ես էլ եմ մասնակցել արևմտյան պաշտոնյաների հետ բանակցություններին, ու իրենք էլ ասում էին, որ հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Եվ երբ մենք խոսում էինք ինքնորոշման իրավունքի մասին, ասում էին՝ հիմա դրա ժամանակը չէ։ Ինքնավարության մասին զրույցներ ավելի շատ եղան շրջափակման ժամանակ, ու իրենք ասում էին՝ չէ, ի՜նչ ինքնավարություն։ Հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում բանաձև պիտի ընդունվեր այդ մասին։ Առաջարկը եկել էր ֆրանսիական կողմից, դեմ էին ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Ֆրանսիայի հետագա քայլերը պայմանավորված էին ԱՄՆ-ի դիրքորոշմամբ, և իրենց իսկ կողմից արված առաջարկից ֆրանսիացիները հրաժարվեցին: Ամերիկյան կողմի ներկայացուցիչը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսային զրույցում ասել էր, որ Արցախի ինքնավարության մասին բանաձևն այս պահին իրենք համարում են ապակառուցողական, Արցախին առաջարկում էին մնալ Ադրբեջանի կազմում, և, որ իրենք երաշխավորում են, որ ոչ մի վտանգ մեզ չի սպառնա. Իհարկե այդպես ասում էին, բայց կոնկրետ որևէ երաշխիքներ չէին տալիս։ Ռուսաստանն էլ հարցը դիտարկում էր Ադրբեջանի սահմանադրության ներքո, մշակութային ինքնավարության պես մի բան էր առաջարկում, բայց ռուսական առաջարկը մեծ հաշվով այն էր, որ հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Բրյուսելը՝ ԵՄ-ն, ասում էր՝ հարցը հիմա պիտի լուծվի՝ Արցախը՝ Ադրբեջանի կազմում։ Ռուսական առաջարկն այն էր, որ հայ-ադրբեջանական համաձայնագրում Արցախի հարցը պետք է ներառվի ու կարգավիճակի հարցն առկախվի։ Սրան արցախյան կողմը համաձայն էր։ Բայց հատկանշական է, որ այս փուլում Ֆրանսիան հետ էր քաշվել ու որպես միջնորդ՝ հանդես չէր գալիս։
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նախօրեին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել էր. «Այդ օրերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նիկոլին ասել է՝ դուք չեք կարող ադրբեջանցիների հետ ապրել, եկեք հանենք ժողովրդին։ Առաջին փուլում Նիկոլը չի համաձայնել, հետո համաձայնել է։ Ամեն ինչ ծրագրված ու պլանավորված էր»։
- Այո, շրջափակման ժամանակ տարբեր տեղերից ազդակներ եմ ստացել, որ արևմտյան շրջանակները Հայաստանի իշխանություններին՝ Փաշինյանին, առաջարկել են Արցախի ժողովրդի տեղահանման պլաններ կազմել։ Թե Հայաստանի իշխանություններն ինչ են պատասխանել, չգիտեմ։
- Արևմտյան երկրների բլոկում Մեծ Բրիտանիան Ադրբեջանի թիվ 1 աջակիցն է։ Իրենք աջակցել են Արցախի ժողովրդի ցեղասպանությանը։ Բայց Արցախի ցեղասպանության թիվ 1 աջակիցը եղել են Հայաստանի իշխանությունները։
- Ռուս-ուկրաինական պատերազմից հետո բացառիկ մի դեպք էր եղել. ռուս-ամերիկյան-արևմտյան բանագնացները հանդիպել էին Թուրքիայում մեր հարցով, և ես, չգիտեմ՝ ինչու, վստահ եմ, որ հենց այդտեղ էլ որոշվել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա։ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ամերիկյան կողմի գլխավոր բանագնացն էր, բայց այլ բանակցողներ ևս եղել են ԱՄՆ-ի կողմից։
- Երբ ասում ենք՝ արևմտյան շրջանակներ, պետք է հասկանալ, որ առաջին ջութակն ԱՄՆ-ն էր, և Լուիս Բոնոն գլխավոր բանակցողն է եղել։ եվ բանակցությունները եղել են թե՛ Արցախի նախագահի, թե՛ ԱԳ նախարարի մակարդակով։ Ես ևս մասնակցել եմ բանակցություններին։ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որ այդ ժամանակ Երևանում էր, ամենաակտիվ բանակցողն էր։ Բրատիսլավայի և Սոֆիայի բանակցություններն իր կազմակերպածն էին, ու ես հստակորեն կարող եմ ասել, որ արցախյան կողմը չի՛ մերժել առաջարկները, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները. հայկական կողմը տեր չի կանգնել բանակցություններին։ Միջնորդներն ասում էին՝ բանակցություններին իրենք չեն մասնակցի, կլինեն կողքի սենյակում, կխոսեն արցախյան ու ադրբեջանական կողմերը։ Ու չնայած վիճակը տխուր էր, բայց մենք համաձայնել ենք այդ բանակցություններին։ Սակայն այդ հանդիպումները չեն կայացել ոչ մեր պատճառով։ Չեղարկել է ադրբեջանական կողմը։ Եվլախի հանդիպման առաջարկին էլ արցախյան կողմը պատրաստ էր օգոստոսի վերջին, բայց ինչ-ինչ պատճառներով ադրբեջանական կողմը հետաձգում էր։
- Երբ մենք արևմտյան այդ միջնորդներին (ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին, մինչ այդ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին, Եվրոպայի ներկայացուցիչներին, այլոց) ասում էինք՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ ատրճանակը գլխներիս դրած, մենք պետք է բանակցենք Ադրբեջանին մեր հպատակության մասի՞ն, մեզ պատասխանում էին՝ լավ է լինելու։ Մեզ ասացին՝ բացեք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, դրանից հետո Լաչինն էլ կբացվի։ Մենք սեպտեմբերի 18-ին բացեցինք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց։
- Մենք ուրիշներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից, որևէ երկրից նեղանալու բան չունենք։ Իրենք իրենց շահերով են առաջնորդվել։ Իսկ Հայաստանի իշխանություններն ի՞նչ էին արել, առաջնորդվել էին անձնական, խմբային շահերով։ Եթե Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացում դիրքորոշում չփոխեին, համոզված եմ՝ անգամ Արցախի շրջափակումը չէր լինի։ Նիկոլը փոքր քայլերով այնպիսի իրավիճակի հասցրեց, որ ժողովուրդը հարմարվեց Արցախը հանձնելուն։ Եթե միանգամից տար, նպատակին չէր հասնի։ Նույնը հիմա անում է Ալիևը։
- Ադրբեջանն ի՞նչ արեց Լաչինի միջանցքը շրջափակելուց առաջ․․․ Պայթեցրեցին գազատարը, հայկական կողմից ռեակցիա չեղավ, որևէ արձագանք չեղավ նաև միջազգային, արևմտյան շրջանակներից։ Հետո եղավ Փարուխի օպերացիան, ռուսական կողմն ընդվզեց, արևմտյան կողմը՝ ողջունեց։ Հետո եղավ Դրմբոնի օպերացիան, էլի ռեակցիա չեղավ։ Հետո դեկտեմբերի 3-ին եղավ Շուշիի օպերացիան, էլի ոչ մի արձագանք, ու դեկտեմբերի 12-ին միանգամից մտան էկոլոգիական կեղծ ակտիվիստները, մի քանի ամիս մնացին, հետո ապրիլի 23-ին դրեցին անցակետը։ Դրանից հետո դադարեցվեցին մատակարարումներն անգամ «Կարմիր խաչի» կողմից, հետո եղավ սեպտեմբերի 19-ը։ Ալիևը ստուգեց կարմիր գծերը, ստուգեց ռեակցիաներ, այդ թվում՝ միջազգային հանրության, ռիսկերը կառավարեց. համոզված եմ՝ Ալիևի որոշ քայլերը համաձայնեցվել են Հայաստանի իշխանությունների հետ… հետո եղավ այն, ինչ եղավ։
- Այո՛, 44-օրյա պատերազմի ժամանակ լռեցված էր այլընտրանքային կարծիքը, բայց նույնիսկ դրանից հետո ճշմարտությունը վեր հանվեց, բայց ի՞նչ եղավ 2021թ․ ընտրությունների ժամանակ…
- Գլխավոր մեղավորը Փաշինյանն է։ Ինքն է, չէ՞, խաբել ժողովրդին։ Երբ միջազգային կազմակերպություններում հիմա էլ խոսում եմ արցախցիների վերադարձի իրավունքի մասին, մեզ ուղիղ ասում են՝ Հայաստանի իշխանություններն այլ կարծիք ունեն, նրանք ասում են՝ այդ հարցը մեզ համար փակված է։ Մինչև մենք այստեղ այդ հարցը չլուծենք, միջազգային ատյաններում ոչնչի չենք կարողանալու հասնել։ Մեր գլխավոր խնդիրը Երևանում է։ Քանի Փաշինյանն է իշխանության, ով համարում է, որ լավ բան է արել, ոչ մի լավ բան չի լինելու մեզ համար։
- Մինչև 2023թ․ մարտի վերջ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ցեղասպանություն իրականացնել, և միջազգային հանրությունը պետք է կանխի դա։ Նույնիսկ մարտի 15-ին կառավարության նիստում Արտաքին գործերի նախարարին հանձնարարեց ՄԱԿ-ին տեղեկացնել, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում։ Ինքը դա ցուցադրաբար անելով՝ ապագայի համար իրեն ապահովագրում էր։ Նախ, Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) այդպես էլ չդիմեց ՄԱԿ-ին, և ապրիլից Փաշինյանի խոսույթը փոխվեց։ Ցեղասպանություն ձևակերպումը սարքեց էթնիկ զտում, մինչև սեպտեմբերի 21-ը։ Երբ Ադրբեջանն արդեն մտել էր Արցախ, ինքը հայտարարեց, որ որևէ էթնիկ զտման վտանգ չկա, ու Բայրամովը ՄԱԿ-ի ԱԽ նիստում հենց Նիկոլ Փաշինյանի այդ խոսքին հղում արեց։ Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե ինքն ասում էր՝ էթնիկ զտման վտանգ կա, ինչո՞ւ էր այդ օրերին Ադրբեջանի մաս ճանաչում Արցախը։ Արդյո՞ք ինքը սրանով ցեղասպանություն իրականացնողի աջակից չի դառնում։
- Նիկոլ Փաշինյանն անձամբ աջակցել է Արցախի ցեղասպանությանը:
- Ես գիտեմ, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմը համաձայնություն է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկին։ Նիկոլ Փաշինյանն անձնապես է կայացրել որոշում՝ չդադարեցնել պատերազմը։ Մենք դրա մասին իմացել ենք այդ որոշումը կայացնելուց հետո։ Ես գիտեմ, որ Արայիկ Հարությունյանն անընդհատ ասում էր Փաշինյանին՝ կանգնեցրու պատերազմը, սպանդ է, անընդհատ նոր տարածքներ ենք կորցնում։ Փաշինյանը չկանգնեցրեց, իսկ հետո ասաց՝ ժողովո՛ւրդ, ով ինչ ունի, կասկաներ վերցրեք, գնացեք կռվելու… Հետո ԱԺ-ում ասաց՝ եթե համաձայնեի Պուտինի առաջարկին ու կանգնեցնեի պատերազմը, ինձ դավաճան կասեին։ Դա է Նիկոլ Փաշինյանը։ Այնինչ, այդքան զոհեր ու կորուստներ չէինք ունենա:
- Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում այն վիճակն էր, որ ես լացակումած մտել եմ մեր տուն, վերցրել երեխայիս սիրած կոշիկներն ու դուրս եկել, որ գոնե ամեն ինչ կորցնելուց հետո նրան իր սիրած բանը տանից տամ…
- Թե ինչ նպատակով էր Աննա Հակոբյանը գտնվում բունկերում, ես չգիտեմ։ Բայց որ ինքը իրավունք չուներ այդտեղ գտնվել, միանշանա՛կ է։ Բայց դա այնքան փոքր դրվագ է այս ընդհանուրի մեջ։ Այնքան բան կա, որ իրենք իրավունք չունեին անելու, բայց արել են։ Փաշինյանն իր դիմակը վաղուց պատռել է։ Իսկ թե բանակում այդ օրերին կառավարման ինչ քաոս էր, թող նախկին գեներալներն ասեն…
- Այդ օրերին Արցախին Փաշինյանի կողմից կոնկրետ ուղղություններով զորք չուղարկելը, ազգային գաղափարախոսության կրող գեներալներին վարկաբեկելը, վստահ եմ, հատուկ էր արվում։
- Աշխարհաքաղաքական միջավայրը գնալով բարենպաստ է դառնում Ադրբեջանի կողմից Սյունիքի վրա հարձակման համար։ Այո, ռիսկը շատ մեծ է, որ Զանգեզուրի միջանցքը Փաշինյանն արդեն հանձնել է։ Էրդողանը դեռ մեկ տարի առաջ է ասել՝ Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։ Հարցն այն է, թե ինչ գնով, ինչ ռեժիմով է այդ ճանապարհը լինելու։ Ես չգիտեմ՝ ինչ կա Փաշինյանի մտքին։
- Շատ դեպքերում քաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային, հիմնված է փոխվստահության վրա։ Փաշինյանին ոչ ոք չի վստահում, քանի որ նախկինում ունեցել են վստահության ձախողված փորձ։
- Ռուսական կողմն էլ իր սխալներն ունի, մեր հանդեպ իր պարտավորությունները ոչ ամբողջությամբ է կատարել, բայց մենք մեր իշխանություններից պետք է պահանջենք։ Բոլորն երկրներն ունեն իրենց շահերը։ Մեր խնդիրն այն է, որ ռուս-արևմտյան հակամարտության մեջ կողմ չլինենք։
Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն քաղաքական գործիչները կրկնում են։ Ասում են՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ, ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել. ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն՝ կար այդ հնարավորությունը։ Ուրի՞շ։
2021-22 թթ.-ին քննարկվում էին ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպումներն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, օրինակ, Սոֆիայում, որոնք ուղղակի հօդս ցնդեցվեցին, ու նաև այն հեռանկարները, որոնք կարող էին այդ հանդիպումների արդյունքում ստեղծվել։
Հիմա, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք՝ Երևանում ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Շատ լավ, լսեցինք ձեզ, ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել էր Միրզոյանը։
- Չեմ էլ նայել Արարատ Միրզոյանի ասուլիսը, բայց այն, ինչ երեկ նա հայտարարել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, խայտառակություն է։ Իրենք են պարտավոր դա ապահովել։ Մի՛ մոռացեք, որ իրենց դիմումի հիման վրա էր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը նախորդ տարի՝ դեկտեմբերի 17-ին, արձանագրել, որ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք։ Դա ապահովելու համար մեկ պարտավորությունը Հայաստանի Հանրապետությանն է։ Բայց ՀՀ այս իշխանությունները վախենում են փռշտան, որ Ալիևը չջղայնանա, կամ պայմանավորվել են չխոսել։
- Փաշինյանն ուրախացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի առևանգմամբ, բայց չեմ կարող պնդել, որ դա տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև պայմանավորվածության արդյունքում։ Կասկածի հիմք կարող է լինել։ Դա պետք է ստուգվի։ Իհարկե, եթե ուզեին, կկարողանային այնպես անել, որ դա տեղի չունենար, նրանք Բաքվի բանտերում չհայտնվեին, բայց քանի որ իրենք չեն հանձնել, չեմ կարող պնդել, որ աջակցել են։
- Բոլորս պետք է միանշանակորեն ամեն ինչ անենք, որ Բաքվում գտնվող մեր հայրենակիցները վերադառնան, ու պետք է հորդորենք մեր հասարակությանը ադրբեջանական թեզերն այստեղ չբերել։ Պարզ է՝ նրանք տարբեր եղանակներով ցուցմունքներ են կորզելու, չպետք է դրանց ուշադրություն դարձնենք։ Ես էլ այդ օրերին տեղեկություն ունեի, որ ինձ էլ են որոնում, ու մտածում էի, որ ամեն ինչ պետք է անեմ, որ հետ գամ իմ ընտանիքի մոտ։ Հերոսության ժամանակը չէ։ Մեր հայրենակիցները պետք է հետ գան, ու դա պետք է ապահովի Հայաստանի իշխանությունը։
- Արցախը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասն է, իսկ Փաշինյանի համար՝ բեռ, վզկապ է։ Պետք է հասնենք ազգային իշխանության՝ առանց Նիկոլ Փաշինյանի ու իր արբանյակների, պետք է պայքարենք մեր իրավունքների համար։ Ես վստահ եմ, որ Արցախի թեման փակված չէ։
- Ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ Փաշինյանից հետո ընտրություններով կարող է լինել ազգային իշխանություն։ Ինքը կամ կարող է վերարտադրվել, կամ իրեն հարող շրջանակ բերել իշխանության։
Մանրամասները՝ տեսանյութում։