«Փաշինյանն ուղերձ հղեց Բաքվին և Անկարային. միասին են այս շիլան եփում». Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ թեև Նիկոլ Փաշինյանը լցրել է հայ ժողովրդի համբերության բաժակը, ինստիտուցիոնալ արձագանքներ Փաշինյանի հակահայ թեզերին գրեթե չկան, անհատներն են արձագանքում:

«Օրինակ՝ Երևանի պետական համալսարանն անդեմ հասկացություն չէ. ես ինձ ամոթալի վիճակում եմ զգում, որ ԵՊՀ-ն այսպիսի կործանարար գաղափարական միջամտությունների հետ կապված մնում է իներտ վիճակում: Լավ, գոնե գիտականորեն գնահատական տվեք, թե էս ի՞նչ է անում ժողովրդի հետ, ժողովրդի ինքնությունն այս ի՞նչ տրանսֆորմացիաների է ենթարկում: Գոնե այդ մասին հետազոտություններ գրեք և հրապարակեք: Այո, նույն ԵՊՀ-ից առանձին անհատներ արձագանքում են, բայց ինստիտուցիոնալ պատասխան չկա այդ նույն ԵՊՀ-ից, որին Փաշինյանը փախստականների ճամբար է անվանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մենուա Սողոմոնյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի պահանջները կատարելով՝ պահում է իր իշխանությունը. «Նա ուղերձ է հղում Ալիևին, որ՝ այն, ինչ ուզում ես, կամաց-կամաց տալիս եմ, փուլ առ փուլ տալիս եմ: Այս իրավիճակում չենք կարող ասել՝ պատերազմ կլինի, թե ոչ, բայց մի շարք ինֆորմացիաներ հիմք են տալիս ասելու, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորված ձևով այս շիլան եփում են, որպեսզի զիջումները կամաց-կամաց լինեն: Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի իշխանության լինելը, որովհետև չլինելու պարագայում այս հոխորտանքին, այս ագրեսիվ քաղաքականությանը շատ ուժեղ դիմակայություն կցուցաբերվի, ազգային համախմբում կլինի, դրա համար Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի այստեղ լինելը»:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ Արևմտյան և Արևելյանի Հայաստանի սահմանումներով Փաշինյանն Ալիևին փորձում է ցույց տալ, որ նրա նշած «ֆաշիզմի ջախջախումը» իրականացնում է գաղափարական տրանսֆորմացիաների միջոցով:

«Կաթիլ առ կաթիլ, դոզավորված ձևով քարոզչություն է անում, որի արդյունքում հայ հասարակությունը կդառնա այնպիսին, ինչպիսին նա է ցանկանում: Այդ ուղերձները ոչ միայն դեպի Բաքու են ուղղված, այլև՝ դեպի Անկարա: Բայց Ալիևն էլ պետք է իմանա, որ չի կարող անվերջ սողացող օկուպացիայի ենթարկել Հայաստանը: Իրականում ֆաշիզմը Ադրբեջանում է, և մենք մեր առջև երկարաժամկետ խնդիր ենք դնելու Ադրբեջանում արմատախիլ անելու ֆաշիզմը: Փոխարենը՝ Հայաստանում փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ: Փաշիզմը սոցիալ-քաղաքական համակարգ է, որը գաղափարախոսական հիմք չունի, դրա միավորող գաղափարը պարզապես հարատև իշխանությունն է, որը ճանապարհ է բացում հարստություն կուտակելու և այդ ամենը վայելելու համար: Դա ուշ միջնադարյան օսմանյան փաշայական տիպի համակարգ է. ինչպես փաշան է սուլթանին անվերապահ ենթարկվում, այնպես էլ փաշայության ներսում տարբեր բեյեր, տարբեր վալիներ ստրկական հավատարմությամբ ծառայում են փաշային: Մենք Հայաստանում փաշիզմն ենք արմատախիլ անելու»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս