«Արթմեդից» փախած Ալավերդյանցի Կոկոյին դեռ չեն հայտնաբերել
2024թ. հոկտեմբերի 1-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմեց քրեական հեղինակություն, կալանավորված անձ Ալավերդյանցի Կոկոն:
Ըստ «Արթմեդ» ԲԿ-ի 168.am-ի աղբյուրների՝ վերջինս տևական ժամանակ բուժում է ստացել նշված կենտրոնում և փախուստի է դիմել դուրս գրվելիս:
Հիշեցնենք, որ «Կոկո» մականվամբ Կոնստանտինը Հունանյանն ազատազրկված է եղել սպանության համար: Մասնավորապես, նա ազատազրկվել է 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով։
Մամուլը այդ օրերին գրել էր, որ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ Կոնստանտին Հունանյանին հաջողվել է ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:
Այսօր մենք դիմեցինք Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)՝ ցանկանալով պարզել՝ արդյո՞ք հայտնաբերվել է 2.5 ամիս առաջ փախուստի դիմած կալանավորված անձը: ՆԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ Կոնստանտին Հունանյանը դեռ գտնվում է փախուստի մեջ:
«Ձեր նշած անձը դեռ գտնվում է հետախուզման մեջ: Շարունակվում են միջոցառումները նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- ասացին ՆԳՆ-ից:
Հետաքրքիր է ստացվում, որ օրինակ, ստատուս գրելու կամ խոսելու համար մեղադրյալ դարձած ընդդիմադիր գործչին ոստիկանությունը հայտնաբերում է րոպեների ընթացքում ու փռում ասֆալտին, իսկ իրենց իսկ սպանության մեջ մեղադրվող փախուստի դիմած կալանավորված անձին մինչ այժմ չեն կարողանում հայտնաբերել: