«Փաշինյանը լսումներին մասնակցի՝ ի՞նչ անի, ինձ պատասխանի, թե իր կինը Կապանում ի՞նչ գործ ուներ. քանի դեռ շնչում եմ, Զանգելանի փուշը բոլորի կոկորդին է կանգնելու». Անահիտ Ադոյան

Նախորդ տարվա վերջին Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մի քանիսի հարազատներն ու ծնողները հավաքվել էին ԱԺ-ի մոտ՝ պահանջելով հանդիպում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք ասում էին, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է իրենց ընդունի ու պատասխանի մի շարք հարցերի, այդ թվում՝ ինչո՞ւ չի հրապարակվում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։

Սակայն Անդրանիկ Քոչարյանը նրանց չէր ընդունել, առաջարկել էր, որ միայն 3-4 հոգու կընդունի, ինչը մերժվել էր։ Փոխարենը՝ նրանց ընդունել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ասելով, որ անհետ կորածների հարցով ԱԺ-ում լսումներ կլինի, թե ե՞րբ, մինչև այս պահը հայտնի չէ։

«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ-ից իրենց որևէ մեկը չի ասել, որ լսումներ պետք է լինեն, նրանք դրա մասին տեղեկացել են լուրերից։

Տիկին Անահիտի խոսքով՝ այդ լսումներից և առհասարակ այս իշխանություններից որևէ ակնկալիք չունի՝ պետությունը պետք է «ներկայիս իշխանություններից մաքրվի», միայն դրանից հետո ակնկալիքներ կունենա։

Կարդացեք նաև

«Եթե հրավիրեն այդ լսումներին, կգնամ, Ալեն Սիմոնյանին միայն մեկ հարց կտամ՝ մեր տղաները բա ո՞ւր անհետացան, տարածները, որոնք դուք հանձնեցիք, այդ տարածքում են նրանք կորել՝ առանց որևէ մեկ կրակոցի հանձնեցիք։ Կոնկրետ քիմիկներին իրենք տարել, հանձնել ու հետ են եկել, բա այդ հանձնված երեխաներն ո՞ւր են, այդ տարածքներն էլ հո նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո՞ չեն հանձնվել՝ հոկտեմբերի 21-ին են հանձնվել։ Ես միշտ ասել եմ՝ քանի դեռ շնչում եմ, ապա Զանգելանի փուշը բոլորի կոկորդին է կանգնելու, այդ գործը երբեք չի փակվելու»,- նշեց Անահիտ Ադոյանը։

Տիկին Անահիտը վստահ է՝ տեղի ունեցածի պատասխանատուն ու մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ լսումներին ներկա չի լինելու։

«Նա այնտեղ չի լինելու, որովհետև որևէ պատասխան չունի։ Բոլորը կհիշեն, որ մենք փակել էինք Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկը, Նիկոլ Փաշինյանը պետք է ընդամենը 5 րոպեով դուրս գար, մեզ լսեր, բայց չեկավ։ Ինքս Վարդան Ղուկասյանին խնդրել եմ, որ մեր երեխաների հարցն էլ բարձրացնի, ինչպես բարձրացրել էր Շուշիում զոհված ոստիկանների հարցը։

Հոկտեմբերի 21-ին մենք իմացանք, որ մեր երեխաները հայտնվել են շրջափակման մեջ։ Մեր ծնողներից մեկն այդ օրը Կապանում է եղել՝ հոկտեմբերի 21-ին, երեկոյան, ու տեսնում է, որ Անդրանիկ Մակարյանի մոտ մտնում է նույն ինքը՝ Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը, չգիտեմ՝ կի՞նն է, թե՞ չէ,  ամուսնացած չեն։ Ի՞նչ գործ ուներ Աննա Հակոբյանն Անդրանիկ Մակարյանի մոտ, ինչո՞ւ էր գնացել Կապան՝ հասկանալու գործը լա՞վ է արվել, թե՞ չէ։ Մենք ունենք վերադարձված գերի՝ Արարատի մարզից, երբ նա մինչև գերի ընկնելը թաքնված է եղել կիսաքանդ տան մեջ, որտեղ լսում է, որ 4 անգամ ռացիա են տալիս ոմն Կամոյին ու ասում. «Կամո, ոնց պայմանավորվել էինք, պայմանավորվածի նման է»։ Ի՞նչ էին պայմանավորվել, ինչպե՞ս հանձնեն երեխեքին։

Հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը լսումներին մասնակցի՝ ի՞նչ անի, գա ինձ պատասխանի, թե իր կինը Կապանում ի՞նչ գործ ուներ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Անահիտ Ադոյանը  հիշեցրեց, որ Անդրանիկ Մակարյանը մինչև վերջերս մնացել էր իր պաշտոնին, քանի որ, նրա կարծիքով՝ Ա. Մակարյանը Նիկոլ Փաշինյանի բարեկամն է։

«Մինչև այսօր Մակարյանին չեն դատում, իրենց ձեռքը չէ՞, իրենց ձեռքն է։ Սրանք մեզ բոլորիս շիզոֆրենիկ են սարքել։

Նախորդ անգամ, երևի մի 2 ամիս առաջ, երբ հանդիպել էինք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, նրան ասել եմ, որ ինձ ուղղակի կարող են «վերցնել», որ քիմիկների գործը փակվի։ Զարմացած ինձ հարցնում է՝ Անահիտ, այս ի՞նչ եք ասում։

Տղերքը պետք է գան, ինչպես տարել, հանձնել են, այնպես պետք է վերադարձնեն, այլ տարբերակ չկա, կապ չունի՝ վերադարձողների մեջ ի՞մ տղան կլինի, նրա՞նը, թե՞ մյուսինը»,- շեշտեց տիկին Անահիտը և հավելեց, որ գերատեսչություններից ԱԱԾ-ն միակն է, որն իրենց ընդունում ու լսում է։

«ԱԱԾ-ում գերատեսչություն կա՝ անհետ կորածների ու գերիների հարցով, Արմեն Աբազյանը դրա ղեկավարն է, ու ստիպված է մեզ ընդունել ու լսել։

Ես ասել եմ՝ այս ամենը ղեկավարում են 4 կառույց, առաջինը՝ Նիկոլն է, նա հրահանգում է նույն ԱԱԾ-ին, իսկ սա էլ իր հերթին հրահանգում է Քննչական կոմիտեին, իսկ 4-րդ կառույցը Հերացին է՝ դատաբժշկական կենտրոնը։ Այս 3-ն էլ ենթարկվում են Նիկոլին՝ համար մեկ դավաճանին»,- ընդգծեց Անահիտ Ադոյանը։

Տիկին Անահիտը նաև վստահ է, որ իր հեռախոսը գաղտնալսում են՝ ասելով՝ թող լսեն, թե ինչ է իրենց մասին խոսում։

«Իմ թոռնիկն ինձ ամեն օր ասում է՝ բա պապաս ե՞րբ է գալում, ի՞նչ անի իմ տղան, որ չի կարողանում այդտեղից գա»,- նշեց Անահիտ Ադոյանը։

Հիշեցնենք, որ «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով դատաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Լրահոս