ԵՄ անդամակցության «մշուշոտ» հեռանկար, նոր խնդիրներ Ռուսաստանի հետ․ ի՞նչ կստանա ՀՀ-ն ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկով

Հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Հիմնական զեկուցող, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով վերջին տարիներին ՀՀ-ի և Եվրամիության դինամիկ և զարգացող հարաբերություններից։

«ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և ըստ էության ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, նաև Դուք հայտարարել եք, որ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Մենք այդ հնարավոր համարելու նշանները տեսել ենք, և ահա ելնելով այս հանգամանքներից՝ առաջարկում ենք դրական դիրքորոշում հայտնել»,- ասաց Միրզոյանը։

Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։

Ըստ նրա՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։ Փաշինյանի խոսքով՝ մինչ հանրաքվեի անցկացումը, Հայաստանը պետք է անդամակցության հարցը քննարկի Եվրամիության հետ։

Կարդացեք նաև

«Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Սա ինչի՞ համար եմ ասում, որովհետև, իմ ընկալմամբ, մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը, գոնե այս պահին, իմ ընկալմամբ, որևէ այլ գործողություն չունի անելու։ Եվ սա ինչի՞ եմ ասում՝ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար», – ասել էր Փաշինյանը ՀՀ կառավարության նախօրեի նիստում։

Կրեմլի արձագանքը չուշացավ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին, ասել է. «Իհարկե, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց պետք է հաշվի առնել Եվրամիության դիրքորոշումն այս հարցում»: Նա հիշեցրել է Թուրքիայի օրինակը, որն «արդեն տասնամյակներ շարունակ պահպանում է ԵՄ անդամակցության իր կողմնորոշումը, սակայն Բրյուսելի կողմից առանձնապես փոխադարձության չի հանդիպում»:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին անդամակցությունից Երևանի օգուտներին և առավելություններին, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ՝ «այն շատ-շատ դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին՝ որպես պետության, և երկրի ժողովրդին»։

«Մենք գիտենք, որ ԵԱՏՄ անդամակցությունը շահավետ է Հայաստանին համար: Դա չափվում է տոկոսներով, աճի տեմպերով, և այլն, և այլն»,- ասել է Պեսկովը։

Նա նաև ասել է, թե ՀՀ-ն չի կարող լինել և ԵԱՏՄ, և ԵՄ անդամ։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս անդրադարձել է թեմային՝ ասելով, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզբ։ Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի հետ իր տնտեսական քաղաքականությունը կկառուցի այդ հանգամանքը հաշվի առնելով։ Միաժամանակ ՌԴ փոխվարչապետն ասել է, որ դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է, որի իրավունքը երկիրն ունի: Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի մուտքը Եվրամիություն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության հետ: Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ի հետ կապերի դադարեցման դեպքում երկրում կաճեն էներգիայի և սննդամթերքի գները, 70-80 տոկոսով կկրճատվի արտահանումը: «Այդպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտներ, աշխատանք և կսկսեն ավելի շատ վճարել ամենաանհրաժեշտի համար: Փոխարենը, նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն, իսկ Հայաստանը կզրկվի բնակչությունից»,- կանխատեսել է ՌԴ փոխվարչապետը:

ԵՄ անդամակցության օրինագծի հավանությանը զուգահեռ՝ ՀՀ ժամանեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով հանդիպել է Փաշինյանի հետ։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանը հիշեցրել է, որ 2023 թվականի աշնանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում իր կողմից ընդգծվել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ Կառավարության գործուն քայլերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,- ասված էր հաղորդագրությունում։ Զուգահեռաբար՝ «Ազատություն» ռադիոկայանն ուշագրավ տեղեկություն տարածեց այն մասին, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, չնայած Բաքուն պահանջում է դադարեցնել առաքելությունը, համարելով, որ այն ՀՀ-ում լրտեսական գործունեություն է ծավալում։

Ավելորդ է նշել, որ այս առաջարկը վստահաբար քննարկվել է Գրոնոյի երևանյան այցի ընթացքում։

ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության օրինագծի հավանությունը, իսկ հետագայում՝ ԱԺ-ում օրինագծի ընդունումը ՀՀ արտաքին քաղաքական առանցքային հանգրվան է Փաշինյանի իշխանության որդեգրած արևմտյան վեկտորի քաղաքականության շրջանակում, սակայն որն, ըստ էության, ոչինչ չի նշանակում ԵՄ անդամակցության տեսանկյունից։ Սակայն ակնհայտորեն այս որոշումից հետո խնդիրները Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ կխորանան։

Ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշումը Երևանին է՛լ ավելի կհեռացնի Մոսկվայից՝ մոտեցնելով Բրյուսելին։

Սակայն, ըստ նրա, Երևանն ամենայն հավանականությամբ Բրյուսելից հստակ երաշխիքներ չի ստանալու, թե երբ կարող է լինել անդամակցություն, ինչպես չկարողացան ստանալ մի շարք երկրներ։

«Բավական է ուսումնասիրել Թուրքիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի օրինակները։ ՀՀ-ն առավել ևս հստակ ճանապարհային քարտեզ չի ստանալու, սակայն ԵՄ-ն ստանալու է Ռուսաստանից հեռացող գործընկեր։ Սակայն Երևանում ևս հասկանում են, որ սա երկարատև գործընթաց է լինելու, ԵՄ անդամակցությունը ոչ վաղը, ոչ էլ մյուս օրը չի լինելու, գուցեև տեսանելի ապագայում չլինի, ուստի դա հնարավորություն կտա շարունակել ԵԱՏՄ անդամակցությունը Ռուսաստանի հետ քաղաքական մինիմալ շփումների պահպանմամբ։

Հաշվարկը նաև թերևս այն է, որ Ռուսաստանը դեմ չի լինի այս ամենին։ Սակայն այն, թե ինչ է ստանալու Երևանը, ինձ համար բարդ է ասել՝ քաղաքական աջակցություն, անվտանգություն և ա՞յլն, ի՞նչ։ Գուցե ԵՄ դիտորդական առաքելության դիրքերի ամրապնդո՞ւմ»,- ասաց նա։

Սիմոնովը նկատեց, որ ՀՀ-ում ակտիվորեն քննարկվում է նաև ԱՄՆ-ի հետ ստորագրվելիք գործընկերության նոր համաձայնագիրը, որը ՀՀ-ին լուրջ երաշխիքներ է տալու։

«Կրկին չեմ կարող ասել, թե ինչ երաշխիքներ կարող է տալ այդ համաձայնագիրը։ Նման բարդ երկրների դեպքում արտաքին քաղաքական քայլերից ստացվող օգուտները պետք է հստակ տեսանելի ու բացատրելի լինեն։ Իսկ ԵՄ անդամակցության հեռանկարը ՀՀ-ի համար խնդրահարույց է դիտարկվելու այն կառույցի համար, որից ՀՀ-ն ունի մեծ օգուտներ, ինչպես նաև Իրանի համար, որը վստահելի գործընկեր է ներկայումս ՀՀ-ի համար։ Սակայն որոշումը, իհարկե, հայկական կողմինն է, Ռուսաստանից ևս դիրքորոշումներ են հայտնում, սակայն որոշումների պատասխանատուն ՀՀ-ն է»,- ասաց նա։

Իր հերթին վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության օրինագծին հավանությունն առաջին քայլերից է։

Ըստ նրա, Վրաստանի օրինակը թույլ է տալիս ասել, որ ՀՀ-ում ևս երկար ճանապարհ կա անցնելու ներքին որոշումների, բարեփոխումների և այլնի տեսանկյունից։

«Լավ կլիներ, եթե ՀՀ-ի դեպքում ավելի կարճ ու արագ լիներ այդ ճանապարհը, հարթ, սակայն սա գործընթաց է, որը կախված է ոչ միայն ՀՀ-ից, այլև ԵՄ-ից։ Ընդլայնման տեսանկյունից ԵՄ-ն բավականին դանդաղ է գործում, բավականին բարդ ու երկար են կայացվում որոշումները, պատահում են տարաձայնություններ, և այլն։ Այս ամենը ձգձգում է ինքնին արդեն իսկ երկար ընթացակարգեր ենթադրող գործընթացը։

Հստակ ասել, թե որքան ժամանակ կպահանջվի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար՝ բարդ է, սակայն չի բացառվում, որ ԵՄ-ն շատ չուշացնի այս որոշումը, սակայն բուն ԵՄ անդամության հեռանկարը բավականին բարդ է թվում, և դա՝ ոչ միայն Հայաստանի դեպքում։

Այս ամենն առավելապես պետք է դիտարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կոնտեքստում, պետք է օգտվել այս գործընթացի տված հնարավորություններից, իսկ բուն անդամակցությունը կարող է շատ հետաձգվել և բազում խնդիրների բախվել»,- ասաց Գոգոլաշվիլին։

Բացի այդ, նրա խոսքով, միջազգային հարաբերություններում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։

«Գուցե մի քանի տարի անց ԵՄ-ն այլ տեմպեր ունենա կամ փոխի իր տրամաբանությունը, ուստի պետք է այս ամենը հաշվի առնել։ Սակայն ԵՄ-ն այս որոշումը կգնահատի՝ որպես ՀՀ արևմտյան վեկտորի հաստատում, և է՛լ ավելի սերտ համագործակցություն կհաստատվի բոլոր ոլորտներում»,- նկատեց նա։

Վերլուծաբանը գտնում է, որ այս որոշումը չի կարող խոչընդոտել այս փուլում ԵԱՏՄ անդամակցությանը։

«Բնականաբար, այն տհաճ լուր կդառնա Մոսկվայի համար, սակայն, կարծում եմ, ՌԴ-ն ոչինչ չի անի, նրանք ևս հասկանում են, որ ԵՄ անդամակցությունը մոտալուտ հանգրվան չէ»,- ասաց Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս