Ինչո՞ւ է Ադրբեջանն առաջարկում հետ կանչել դատական հայցերը, եթե վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա. Եղիշե Կիրակոսյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել, թե «Խաղաղության պայմանագրում» որոնք են այն երկու չհամաձայնեցված կետերը, որի մասին խոսում են երկու երկրների ղեկավարները։
«Ինքս առաջարկների մասին տեղեկատվություն չունեմ, դա ԱԳՆ-ի հետ, խնդրում եմ, բանակցություններն Արտաքին գործերի նախարարությունն է վարում»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։
Հարցին՝ խաղաղության հասնելու հարցում երկու երկրների իրավական վեճերը կխանգարե՞ն, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց, որ չեն խանգարի։
«Կարծում եմ՝ ոչ, ինչ-որ տեղ իրավական վեճերի իմաստը խաղաղության հաստատումն է։ Այսինքն՝ ընդանրապես, երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ միջազգային հիմքով նախատեսված ճանապարհով, սա նաև բացառում է ուժի կիրառում, նպաստում պատերազմի կանխարգելմանը»,- հավելեց նա։
Նա վստահությամբ ընդգծեց, որ Հայաստանի կողմից նախաձեռնած Արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը, հիմնվելով նաև ռասայական խտրականության վերացման բոլոր ձևերի պրեամբուլայի վրա՝ միտված է պատերազմը կանխարգելելուն։
«Գիտեք, որ Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ ունի գործեր, այստեղ հարցեր է առաջանում, որ եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական պրոցեսները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում։ Սա թողնեմ առանց պատասխանի, կամ, ինձ թվում է՝ արդեն պարզ է։
Միջազգային ատյաններում վեճեր տանելը նաև ինքնիշխանության, սուվերենության դրսևորման կարևորագույն եղանակ է»,- շեշտեց Ե. Կիրակոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Բաքվում պահվող անձանց վերաբերյալ դատական պրոցեսում ներկայացրել են պահանջներ Եվրոպական դատարանում, սրա մասին խոսվել է Արդարադատության միջազգային դատարանի ներկայացումների մեջ։
«Այս պահին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի վրա որոշակի ժամկետ կա դրված, որպեսզի մինչև հունվարի վերջ բոլոր պահվող անձանց մասին տրամադրի տեղեկատվություն։ Ակնկալում ենք բոլորի մասով մանրամասն տեղեկատվություն։ Բնականաբար, այս տեղեկատվությունը երբ ստանում ենք, փոխանցում ենք հարազատներին»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում