Կարո՞ղ եք ինձ ասել Ալիևի որևէ պահանջ, որը Փաշինյանը չի բավարարել․ Արմինե Ադիբեկյան

«Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը փակել է դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, պարզապես այդ ծրագրի ավարտին ականատես դարձանք 2023 թվականի սեպտեմբերին»,-168․am-ի հետ զրույցում այս համոզումը հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերջին դրվագից՝ ԵԱՀԿ ՄԽ-ից հրաժարվելու Ալիևյան պահանջին ընդառաջելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին առնչվող հարցադրումներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկներն է ներկայացրել և առաջին անգամ նշել ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, ինչը տևական ժամանակ պահանջում էր Ադրբեջանը։

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին նաև առաջարկել է փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա սահմանազատման գործընթացը, կնքել Խաղաղության պայմանագիր, որն 90 տոկոսով պատրաստ է։

Թեև Արմինե Ադիբեկյանը խոսեց վերջին 6 տարվա ընթացքում Մինսկի խմբի կողմից վարվող անհետևողական քաղաքականության մասին, այդուհանդերձ, շեշտեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ ալիևյան պահանջները բավարարելու պատրաստակամության դրվագը։

Կարդացեք նաև

«Դուք կարո՞ղ եք ինձ ասել Ալիևի որևէ պահանջ, որը Փաշինյանը չի բավարարել, հետևաբար զարմանալի չէ, որ կատարել է նաև սա։ Փաշինյանն իր միսիան տեսնում է միայն մի բանում՝ ՀՀ ոչնչացումը, և մարդը համառորեն հետևում է այդ ծրագրին»,- հավելեց նա։

Ադրբեջանագետը համոզված է՝ Բաքուն չէր համարձակվի խոսել ու անգամ մտածել պատերազմի մասին, եթե առկա լինեին մինչ 2018-յան իրողություններն ու բանակը։

«Չէր լինի 2020 թվականի պատերազմն ու խայտառակ դավաճանական պարտությունը, չէր լինի 2023 թվականի հայաթափումը, 2022 թվականի Ջերմուկի պատմությունը, Տավուշի հանձնումը և մնացած բոլոր հետևանքները, որոնք բխում են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից։ Իսկ այդ քաղաքականությունը քաղաքականություն էլ չէ, այլ ՀՀ-ի վերաբերյալ թշնամիների ծրագրի իրականացում»,- նշեց մասնագետը։

Հարցին՝ արդյոք իշխանափոխության պարագայում հնարավո՞ր է կանխել ադրբեջանական նկրտումները, օրինակ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ թուրք-ադրբեջանական ծրագրի իրագործումը, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց՝ վստահեցնելով, որ ամեն ինչ հնարավոր է կամքի, ուղեղի ու անհրաժեշտ ռեսուրսների պարագայում։

«Պետք է նախ հասկանալ, թե մեզ ինչ ռեսուրսներ են թողել, որովհետև սրանք 6 տարի է՝ ուտում են նախկին 30 տարիներին չակերտավոր թալանված ռեսուրսները, և 6 տարում չիրականացնելով որևէ տնտեսական ծրագիր՝ դեռ պետություն են պահում, ապա՝ հաշվարկել հետագա քայլերը։ Տարիներ, պայքարներ են պահանջվելու, որպեսզի կարողանաս ամրապնդել քո տեղը։

Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջներն է բավարարում, այլև երկիրը քանդում է ներսից․ նրանք քանդել են տնտեսությունը, առողջապահությունը․․․ իսկ այդ ամենը վերականգնելու համար պետք է լինելու ժամանակ, հետևողականություն»,- ամփոփեց նա։ 

Տեսանյութեր

Լրահոս