Կասե՞ք գոնե մեկի անունը: Դե՞…
Մարդկության չիրականացած երազանքներից մեկն է՝ մոռանալ Հերոստրատին՝ ինչ անուն էլ նա ունենա կամ ինչպիսի հանցանք էլ իրականացրած լինի: Սակայն մարդկությանն այդպես էլ չի հաջողվում մոռանալ և ոչ մի հերոստրատի՝ սկսած այն մեկից, որը Քրիստոսից առաջ 365 թվականին այրեց 120 տարվա ընթացքում կառուցած Արտեմիսի տաճարը, և նրանց, որոնք 20-րդ դարում և այսօր էլ պատմության ու աշխարհի մասշտաբով հռչակավոր դարձան՝ սարսափելի ոճրագործություններով:
Սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները, արդեն որքան ժամանակ է, հոդվածներ են գրում Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում չունենալու կարևորության մասին: Մայրաքաղաքի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, որոշում է կայացրել մայրաքաղաքի գողտրիկ վայրերից մեկում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը:
Սկսել ենք մանրամասնորեն վերհիշել Միկոյանի կյանքի դրվագները՝ Կարիբյան ճգնաժամի կարգավորման հարցում նրա դերը, ԱՄՆ-ում հանդիպումը Ֆորդի հետ, նրա ստորագրությունները` հազարավոր մարդկանց սպանելու և արտաքսելու հրամանների տակգ Եվ ամենևին հետաքրքրության նյութ չեն զոհերը: Նրանց անունները չենք հիշում, քանի որ շատ-շատ են, իսկ Միկոյանինը հիշում ենք:
Քաղաքակրթության հեգնանք է, որ նրանց, ում սպանել են, աքսորել, խեղել, բաժին է հասնում անհայտությունը, իսկ նրան, ով սպանել է տասնյակ-հազարների, միլիոնների, համաշխարհային հռչակ ու ճանաչում է սպասում:
Իսկ այն բացահայտումներն՝ արդեն հետմահու, թե ոճրագործները ծանր մանկություն են ունեցել, ունեցել են անլիարժեքության բարդույթ, հոգեպես անհավասարակշիռ են եղել, կանանց շրջանում մեծ հաջողություն չեն վայելել, արդեն չեն կարող ստվեր նետել դահիճի վրա՝ նա այլևս հանրաճանաչ է բոլոր ժամանակների համար:
Մ.թ.ա. 4-րդ դարում մեկը՝ իր փառասիրությանը հագուրդ տալու համար, այրեց Արտեմիսի տաճարը: Ըստ ավանդույթի՝ ինքն՝ աստվածուհին է օգնել ճարտարապետներին ու վարպետներին՝ տաճարը կառուցելիս: Տաճարն այնքան հրաշալի էր, որ դասվեց աշխարհի յոթ հրաշալիքների շարքին: Մենք գաղափար չունենք՝ ովքեր են կառուցել ճարտարապետական այդ գլուխգործոցը:
Ա՛յ, Դո՛ւք, հիշո՞ւմ եք ճարտարապետներից գոնե մեկի անունը: Ո՛չ: Ես էլ: Սակայն գիտենք, թե ով է այրել տաճարը: Նրա մասին շատ գրքեր են գրվել: Լավագույններից է Գրիգորի Գորինի պիեսը՝ «Մոռանալ Հերոստրատին»: Հեղինակն, ի դեպ, որպես գլխավոր հերոս է նկատել Պատմությանը: Ձկան առևտրով զբաղվող Հերոստրատը Թատրոնի մարդուն (այլ կերպ ասած՝ Պատմությանը) պատմում է, թե ինչ է զգացել՝ տաճարը հրկիզելուց հետո՝ երբեք և ոչ մի տոնի ժամանակ այդքան մարդ չէր հավաքվել: «Բոլորը վազում էին իմ խարույկի մոտ:
Եվ բղավում էին, և լաց էին լինում, և պատառոտում էին իրենց հագուստը, իսկ ես բարձրացա երևացող մի տեղ ու բղավեցի. «Մարդի՜կ, այս տաճարը ե՛ս եմ այրելգ Իմ անունը Հերոստրատ է»: Դատավորի և Հերոստրատի զրույցից պարզվում է, որ տաճարն այրել է ոչ թե անձնական անհաջողություններից, վրեժի զգացումից, այլ անհայտությունից փրկվելու համար: Դատավորը խոստացավ, որ մարդիկ կմոռանան նրա անունը, ինչպես մոռանում են սարսափելի երազները:
Բայց դատավորը վատ էր ճանաչում մարդկանց: Այրված տաճարը դարձավ պատմության մեջ կարևորագույն իրադարձություններից մեկը, որի յուրաքանչյուր հիշատակության ժամանակ հիշում ենք Հերոստրատին: Կամ գուցե հակառա՞կը՝ Հերոստրատին հիշելի՞ս ենք հիշում Արտեմիսի տաճարը:
Դատավոր Քլեոնը հույս ուներ, որ ժամանակի հետ Հերոստրատի անունը կհիշվի նզովքով ու դատապարտումով: Բայց հակառակը եղավ: Հերոստրատի միտքը` «Արա՝ ինչ ուզում ես՝ առանց աստվածներից վախենալու, առանց մարդկանց հետ հաշվի նստելու», ավելի քան պահանջարկված է հիմա:
Մարդկության մեջ ոչ բոլորն են ռեկորդակիրներ ու հանաճանաչ արվեստագետներ, փոփ աստղերը, երկրի նախագահներ, պարզապես հաջողակներ, որոնց մասին ստատուսներն ու լուրերը հեղեղում են համացանցը: Բայց շատերը համակերպվում են անհայտությանը. մարդկանց մեծ խմբի մեջ ՝ առանց անուն-ազգանունի, ավելի ապահով է: Խնդրեմ, երբ զայրացած ամբոխը Հերոստրատին հանձնում է դատավոր Քլեոնի արդարադատությանը:
Դատավորը՝ Քլեոնը, հարցնում է դատարանի մոտ հավաքված ամբոխին.
– Դուք ո՞վ եք:
– Մենք Եփեսիայի քաղաքացիներ ենք:
– Ձեր անուննե՞րը…
– Ինչի՞դ են պետք մեր անունները, Քլեոն: Մենք ոչնչով հայտնի չենք: Ես քարտաշ եմ, մյուսը՝ դարբին, երրորդը՝ սափրիչ…
– Ամեն դեպքում՝ ինչո՞ւ չեք ցանկանում ներկայանալ,- հարցնում է Քլեոնը:
– Մենք խոսում ենք ոչ թե մե՛ր անունից, այլ ժողովրդի:
Իսկ ոմանց համար դժվար է համակերպվել անհայտության մեջ կորչելու մտքին, և այդ ժամանակ այրվում են տաճարներ, իրենց անուն-ազգանունով ստորագրություններ են դրվում մահապատիժների տակ, զոհերի աճող վիճակագրության հետ` աճում է դահիճների վստահությունը՝ տասնամյակներ, հարյուրամյակներ անց չեն հարցնելու՝ ովքե՞ր են զոհերը, հարցնելու են՝ ո՞վ է դահիճը: Դահիճը, տաճարն այրող խելահեղը, տարօրինակը քիչ են` նրանց հիշում են, զոհերը շատ են` նրանց մոռանում են:
Հիշո՞ւմ եք, պիեսի վերջում, արդեն Հերոստրատի մահից հետո, շինարարության աղմուկ է լսվում. քաղաքի բնակիչներն էին՝ որոշել էին վերականգնել այրված տաճարը:
– Ովքե՞ր,- հարցրեց Թատրոնի մարդը՝ Քլեոնին:
– Նրանքգ եփեսացիները…
– Նրանց անունները: Տուր գոնե մեկի անունը: Դա այնքան կարևոր է մեզ համար: Դե՞…
– Չեմ հիշում…
– Հիշի՛ր, Քլեոն: Արդար չէ, որ նրանք միշտ անհայտ են մնում: Հիշի՛ր…
Անաստաս Միկոյան: Այս անունը հիշում ենք, կրկնում, իսկ զոհերի՞ անունները: Գոնե մեկի անունը: Հիշե՛ք. դա այնքան կարևոր է մեզ համար: Դե՞…