Փաշինյանը ենթակայի պես զեկուցում է իր «շեֆին»՝ Ալիևին, «շեֆն» էլ նրան շնորհակալ է հանձնարարությունը ճիշտ անելու համար․ Խոսրով Հարությունյան
Փաշինյան-Ալիև փոխհարաբերություններում մենք ականատեսն ենք մի երևույթի, երբ տեղակալը կամ ենթական փորձում է զեկուցել կամ իր մոտեցումները ներկայացնել «շեֆին»։ Փաշինյանների ռեալիթի-շոուի մեջ հետաքրքրական է՝ այդ մարդն ինչի՞ վրա է ուրախանում։ Այս իրավիճակում, երբ մեր պետականությունը վերանալուց հինգ է պակաս, որևէ բանական ղեկավար կարո՞ղ է իրեն թույլ տալ այդ աստիճանի հրճվանքով ներկայացնել իր առօրյան։ Տպավորությունն այն է, որ Փաշինյանի ղեկավարներն իրեն շնորհակալություն են հայտնում բարի գործ կատարելու, հանձնարարությունները ճիշտ անելու համար։ Դա նման է մի վիճակի, երբ ղեկավարը տեղակալին գովասանքի է արժանացնում, և դրանից նրա տրամադրությունը բարձրանում է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Որո՞նք պետք է լինեն ոչ միայն պաշտոնյայի, այլև այս երկրի ցանկացած քաղաքացու մտահոգությունները։ Անկասկած, այս իշխանությունների գործողությունների կամ անգործության արդյունքում ձևավորված սպառնալիքների՝ հնարավորինս մեղմումն ու չեզոքացումը։ Բայց մենք դա չենք տեսնում։ Վեց տարվա ընթացքում Փաշինյանին իր կուսակցությամբ հաջողվել է Հայաստանի պետականության գոյությունը դնել մեծ հարցականի տակ։ Ավելին, այլևս ոչ ոք չի կասկածում, որ Ալիևի հիմնական նպատակը Հայաստանի պետականությունը տարածաշրջանում իսպառ վերացնելն է, մեր աշխարհաքաղաքական դերակատարումը զրոյացնելը, եթե դա հնարավոր լինի։ Ալիևը համոզված է, որ նման պատմական շանս իրենք այլևս չեն ունենալու»,- ասաց քաղաքական գործիչը։
«1919 թվականին բրիտանացի հայտնի հետախույզներից մեկը՝ Լոուրենս Արաբացին, փարիզյան համաժողովի շրջանակում հարցազրույց է տալիս ամերիկյան թերթերից մեկին, և խոսքը հայության մասին էր։ Նա փորձում է մեկնաբանել, թե ինչու հայերն առհասարակ պետք չեն որևէ մեկին՝ դժվար կառավարվող են, խելոք, հին ազգ են, ավանդույթներ ունեն, և նրանց ստիպել կամ պարտադրել երբեմն շատ դժվար է։ Ասում է՝ Բրիտանիան ամերիկացիներին առաջարկում է զբաղվել Հայաստանի խնդիրներով, քանի որ նրանք ունեն աբորիգեններին՝ հնդկացիներին ցեղասպանելու լուրջ փորձ, և դա վատ չի ստացվել։ Արաբացին եզրակացնում է, որ ամերիկացիներին հեշտ կհաջողվի լուծել հայերի խնդիրները։ Լրագրողի հարցադրմանը, թե հայերը հին ազգ են, իսկ Հայաստանի ընդերքն էլ հարուստ է, Արաբացին ամերիկացիներին առաջարկում է Հայաստանը բաժանել երկու մասի՝ ընդերքը՝ առանց հայերի, և հայերը՝ առանց Հայաստանի»,- նշեց Հարությունյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս ծրագիրը չի կորցրել հրատապությունը, և այն, որ Ալիևն առաջարկում էր Հայաստան մտնել ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, հենց այդ ծրագրի վկայությունն է․ «Վերջերս Մհեր Գրիգորյանն ասաց, թե իբր սահմանազատման հանձնաժողովները հիմա քննարկում են՝ ո՞րն է լինելու մյուս հատվածը։ Դա Տիգրանաշենն է լինելու, մենք հանձնելու ենք այդ գյուղը, գործող իշխանության մոտեցումներն «անկլավների» հարցում հայտնի են։ Տիգրանաշենը դառնալու է ոչ թե քաղաքացիների վերաբնակեցման վայր, այլ ռազմական հենակետ։ Դեպի հարավ՝ Սյունիք գնացող մեր ճանապարհը և ենթակառուցվածքը հայտնվելու է մի կողմից՝ Ջերմուկի գլխին կանգնած ադրբեջանցիների, մյուս կողմից՝ անմիջապես Տիգրանաշենում հաստատված ռազմական հենակետի ազդեցության ներքո»:
«Հերիք է մեկ-երկու կրակոց լինի այդ ճանապարհով գնացող մեքենաների ուղղությամբ, և ոչ մի մեքենա այլևս չի գնա Սյունիք։ Սա Սյունիքը Հայաստանից կտրելու ամենակարճ, անցավ և հնարավոր տարբերակն է, որին Ալիևը գնալու է։ Այստեղից մուտքը դեպի Սյունիք կդադարի, բայց այնտեղից արտահոսքը կլինի։ Ստեղծված իրավիճակում Ալիևը բոլոր հնարավորությունները հոյակապ է օգտագործում, և դա անում է Հայաստանի իշխանությունների թողտվությամբ և նրանց պասերով։ Նա կարողանում է սեպ խրել թե՛ հայ-ռուսական, թե՛ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների մեջ, և բավական ճկուն է գործում»,- ամփոփեց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում