«Պետք է լինել այնքան ուժեղ, որ թշնամիների համար դառնալ անհարմար և անմարսելի հակառակորդ, իսկ բարեկամների համար ցանկալի դաշնակից». Դավիթ Փախչանյան
«ԱՐԱՐ» հիմնադրամի խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի ելույթը հիմնադրամի 10-ամյակին նվիրված «համապարփակ անվտանգային համակարգի» վերաբերյալ կոնֆերանսին․
«2006 թվականին մի խումբ համակիրներներով մենք ստեղծեցինք քննարկումների հայաստանակենտրոն հարթակ, որտեղ առաջնային թեմա դարձավ Հայաստանը, Արցախը և ողջ հայությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու անհրաժեշտությունը։ Այսպիսով, Հայաստանի մի շարք մարտահրավերների հաղթահարմանը նպաստելու տեսլականով 2014թ․-ին ծնվեց «ԱՐԱՐ» հիմնադրամը։
Մենք մեր առաքելությունը տեսնում էինք երկրի առջև ծառացած բարդ խնդիրներին լուծումներ առաջարկելու և, հնարավորության դեպքում, դրանք գործնականում փորձարկելու մեջ: Շատ շուտով մեզ պարզ դարձավ, որ ամենադժվար խնդիրները գտնվում են անվտանգության ոլորտում, և որ իրականում պետությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում հակառակորդի աճող հնարավորությունները հավասարակշռելու համար։ Սա էր մեր առաջին ուսումնասիրության առանցքը, որն էլ ուրվագծեց մեր գործունեության հիմնական վեկտորը հետագա տարիներին:
Կցանկանայի անդրադառնալ մեր անցած ճանապարհի ընդհանուր գնահատականին, այն իրավիճակին, որում հիմա հայտնվել ենք թե՛ որպես հիմնադրամ, և թե՛ որպես ազգ, ինչպես նաև հակիրճ անդրադարձ կատարել մեր հեռանկարներին։
Աստվածաշնչյան իմաստուն խոսքի համաձայն՝ կա քարեր հավաքելու ժամանակ ու դրանք նետելու ժամանակ, կա խաղաղության ժամանակ, և կա պատերազմի ժամանակ: Եթե խաղաղության ժամանակ անհրաժեշտ չափով չես պատրաստվում, ապա պատերազմի ժամանակ նույնիսկ ծայրահեղ ջանքերը կարող են բավարար չլինել։ Մենք ընկել ենք այս արատավոր շրջանի մեջ, երբ ժամանակ չկա, և ձեռնարկված միջոցները համարժեք չեն առկա մարտահրավերներին։
Ակնհայտ է, որ որքան էլ առանձին վերցրած հաջողված են եղել մեր հիմնադրամի ծրագրերը, այդուհանդերձ պետք է ընդունենք, որ երկրի հետ միասին մենք էլ ձախողվել ենք։ Արդյո՞ք այս պարտությունների շղթան անընդհատ կրկնվելու է, թե՞ մենք կկարողանանք կոտրել այս շղթան․ առաջին հերթին կախված է տվյալ պահին գործող ռազմաքաղաքական ղեկավարությունից, բայց շատ առումներով դա կախված է նաև քաղաքացիական հասարակության գործողություններից, հասարակության ակտիվ մասի՝ լուծումների ծրագիր տալու, դրանք կյանքի կոչելու և հասարակությանը առաջ տանելու կարողությունից։ Դրա վառ օրինակն է ռազմական արդյունաբերության զարգացումը 44-օրյա պատերազմից հետո, երբ ամբողջ աշխարհից հայազգի ներդրողները տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրեցին տեղական ընկերություններում, իսկ այդ ընկերությունների ղեկավարները չնայած պետության կողմից ոչ պատշաճ վերաբերմունքին, ամբողջապես նվիրվեցին գործին ու դժվարին պահին չլքեցին այս ոլորտը։ Արդյունքում ունենք տեղական ռազմարդյունաբերական արտադրանքի հարյուրավոր միլիոն դոլարների մատակարարումներ։
Վերջին տարիներին աշխարհաքաղաքական զարգացումների խորությամբ ուսումնասիրումը մեզ հանգեցրել է միասնական այն համոզմունքին, որ նոր ձևավորվող աշխարհակարգում մեր նման սահմանափակ հնարավորություններով երկրներն այլընտրանք չունեն, քան առավելագույնս մոբիլիզացնել հանրային և մասնավոր ռեսուրսները, ինտելեկտուալ և տեխնոլոգիական կարողություններն ու լինել այնքան ուժեղ, որ թշնամիների համար դառնալ անհարմար և անմարսելի հակառակորդ, իսկ բարեկամների համար ցանկալի դաշնակից։
Մեր քննարկումը նվիրված է մեր հասարակությանը համապարփակ պաշտպանության մշտական ռեժիմ տեղափոխելու հեռանկարներին։ Ամբողջ հասարակության այս խնդիրը և դրա լուծման հիմքը ազգի բարոյահոգեբանական պատրաստակամությունն է՝ պատասխանատվություն ստանձնելու իր ճակատագրի համար։ Հասկանալի է, որ դա ինքնըստինքյան չի կարող լինել, և պետության դերն այստեղ առաջնային է, բայց խնդրի բարդությունը գիտակցող և գործելու պատրաստ քաղաքացիական հասարակության դերը նույնքան կարևոր է։
Հանրային դիսկուրսում պետական պաշտոնյաները բազմիցս կիրառել են «համապարփակ պաշտպանություն» տերմինը, սակայն ելնելով այն գործողություններից, որոնք մենք տեսնում ենք հասարակությանը պաշտպանության նախապատրաստելու հարցում, չենք կարող խոսել այս ուղղությամբ գործելու իրական մտադրության մասին, առավել ևս կոնկրետ ծրագրերի մասին։ Պատերազմից անցել է 4 տարի, մենք չունենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, իսկ վերջերս հրապարակված բանակի վերափոխման հայեցակարգը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ։ Այս առումով, հենվելով ակադեմիական մտքի և չափելի գիտական պարամետրերի վրա, համապարփակ պաշտպանության հայեցակարգի գործնական իրականացման փորձի շուրջ քննարկումը անվերապահ արժեք ունի։
Մենք վերահաստատում ենք մեր հիմնադրամի գալիք տարիների ռազմավարական հիմնական ուղղությունները, որոնց առանցքում են լինելու՝ մասնագիտական հետազոտությունները, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումն ու հանրության շրջանում սեփական ուժին ապավինելու վստահությունն ու դրանից բխող մշակույթն ու մեխանիզմները։ Մեր սահմանած տեսլականի իրագործումը հնարավոր է բացառապես առողջ քաղաքացիական հասարակության և մասնագիտական կառույցների ջանքերի համադրմամբ և փոխգործակցության շնորհիվ, ըստ այդմ էլ հայտնում ենք մեր պատրաստակամությունը այս համատեքստում լայն համագործակցության համար»։