AWI-ն շարունակում է մնալ «թավշյա» իշխանությունների ֆավորիտը

«Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ն, որը հայտնի է «AWI» բրենդով, միայն 2024 թվականին պետական գերատեսչությունների հետ կնքել է 15 պայմանագիր, որոնցից 5-ի դեպքում գնումը 4 միլիոնից մինչև 14 միլիոն դրամ է կազմել։ 15 պայմանագրերից 13-ը՝ մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով կնքված պայմանագրերն են։

Ի դեպ, 2023 թվականին՝ գնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրերի թիվը հասնում էր 30-ի, որոնցից 4-ն էին առավել խոշոր՝ 2 միլիոնից մինչև 11 միլիոն դրամի չափով։

168am-ը տարբեր հրապարակումներով անդրադարձել է «AWI»-ի ժամացույցների հանդեպ Փաշինյանի ու նրա կնոջ ունեցած ընդգծված վերաբերմունքին՝ զորօրինակ, Աննա Հակոբյանի՝ հայ ոճաբաններին ադամանդակուռ հայկական արտադրության «AWI» ժամացույցներ նվիրելու դրվագին:

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի սիրելի բրենդների թվում «AWI»-ն իր կայուն տեղն է զբաղեցրել իշխանամուտից հետո. 2018թ. սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանն անգամ գովազդել էր «AWI» -ն՝ իր ժամացույցների մասին քննարկումների համատեքստում

Կարդացեք նաև

Ուշագրավ է, որ AWI-ն, բացի Փաշինյանի ու նրա տիկնոջ ֆավորիտ դառնալուց, նաև պետգնումների ֆավորիտ մատակարարն է դարձել հատկապես 2018 թվականից հետո. ըստ պետգնումների armeps համակարգի՝ եթե մինչև 2018 թվականը «Էյ  Դաբլյու Այ Գրուպ»-ի հետ կնքվել է մատակարարման 16 պայմանագիր, ապա 2018 թվականի ապրիլից հետո՝ մինչ օրս, 100 և ավելի պայմանագիր։

Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ բրենդի հանդեպ, թերևս, Փաշինյան-Հակոբյան զույգի համակրանքն էլ պատահական չէ․ «Էյ Դաբլյու Այ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության իրական շահառուներից է նաև շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ և «Արմսվիսբանկի» սեփականատեր Վարդան Սերմաքեշը, որը 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել նոր իշխանությունների հետ: Աննա Հակոբյանն էլ մի քանի հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարի հետ՝ հենց 2018 թվականից սկսած:

Համաձայն www.e-register.am պաշտոնական կայքի՝ 2007 թվականից հիմնադրված «Էյ Դաբլյու Այ գրուպ»-ի 84.08 % բաժնեմասը պատկանում է հայտնի գործարար Հրաչ Կապրիելյանին, մյուս շահառուն՝ իրավաբանական անձի նկատմամբ իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնելու հիմքով՝ Վարդան Սերմաքեշն է:

 

Տեսանյութեր

Լրահոս