Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
Սիրիայի տարբեր զինված խմբավորումներ կմիավորվեն մեկ կառույցում՝ երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է նաև Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով։
«Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում՝ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող նոր բանակի շրջանակում», – մեջբերում է նրա խոսքը սիրիական Al Watan հրատարակությունը։
Ալ Շարաան հանդիպել է զինված խմբավորումների առաջնորդների հետ և նրանց հետ քննարկել սիրիական բանակի նոր ձևաչափը նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո։
Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ին մտել են Դամասկոս, որըն արդեն լքել էին սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները։ Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը։
Սիրիայում ձևավորվել է անցումային կառավարություն: