Առիթմիա․ որո՞նք են առաջացման պատճառները, ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն, ո՞րն է վտանգավոր տեսակը
Սրտի ռիթմի խանգարումները՝ առիթմիաները, կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներից։ Դրանք լինում են՝ ինչպես սրտային, այնպես էլ՝ արտասրտային ծագման: Պատճառների, բուժման եղանակների մասին զրուցել ենք «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն»-ի միջամտական առիթմոլոգ Արմեն Խաչատրյանի հետ։
– Բժի՛շկ, ի՞նչ է առիթմիան, ինչի՞ հետևանքով է առաջանում։
– Առիթմիան սրտի ռիթմի ցանկացած տեսակի շեղումն է։ Կարող է լինել դանդաղ, արագ կամ անկանոն աշխատանքի ձևով։ Վերջինի դեպքում սիրտը տակտից դուրս է աշխատում՝ խփում-խփում և կանգնում է։ Կան ֆունկցիոնալ առիթմիաներ, որոնց դեպքում ընդհանրապես պետք չէ միջամտել։ Դրանք օրվա ընթացքում առաջացած խնդիրներն են․ օրինակ՝ սրտի արագ աշխատանքն առաջանում է ֆիզիկական ակտիվության կամ էմոցիոնալ լարվածության ժամանակ։ Կան առիթմիայի տեսակներ, որոնք միայն դեղորայքային բուժում են պահանջում, որոշները՝ միջամտական։ Երբեմն պահանջվում է կոմբինացված բուժում՝ միջամտական և դեղորայքային։
– Առիթմիայի ո՞ր տեսակն է ամենատարածվածը։
– Նախասրտերի ֆիբրիլյացիան՝ շողացող առիթմիան է ամբողջ աշխարհում տարածված։ Վերջերս արվել է հետազոտություն, որը ցույց է տվել, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում աշխարհում շողացող առիթմիայի տարածվածությունը գերազանցելու է 25 տոկոսը։
– Ինչո՞ւ է զարգանում շողացող առիթմիա։
– Առիթմիայի առաջացման պատճառները շատ են։ Հիմնականում դրանք կյանքի ընթացքում ձեռք բերվող խնդիրներն են։ Պատճառներից են՝ բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի, սրտի կառուցվածքային խնդիրները, իշեմիկ հիվանդությունը և այլն։
– ԱՄՆ-ում վերջերս հետազոտություն էր հրապարակվել, որտեղ նշվում էր, որ միայն այդ երկրում մինչև 2030թ. առիթմիայով կտառապի շուրջ 12 միլիոն մարդ։ Հայաստանում շա՞տ են առիթմիա ունեցողները։
– Քանի որ ես հիմնականում զբաղվում եմ սրտի ռիթմի խանգարումների վիրահատություններով, ապա ասեմ, որ եթե 2016-2017թթ․ տարեկան կատարում էի 50-80 վիրահատություն, միայն այս տարի այդ թիվը 600-ի է հասել։ Սրտի ռիթմի խանգարումները տարիք չեն հարցնում, և միջամտական առումով բաշխվածությունը գրեթե հավասար է՝ մանուկների, մեծահասակների և տարեց մարդկանց դեպքում։ Մանկական առիթմիայի պատճառները կա՛մ սրտի բնածին արատներն են, կա՛մ խանգարումները։ Երիտասարդների մոտ հանդիպող առիթմիաների մեծ մասը կառուցվածքային առողջ սրտի առիթմիաներն են՝ ներփորոքային կամ փորոքային բարորակ տախիկարդիաներն են, որոնք հեշտությամբ բուժվում են։ Ավելի տարեց մարդկանց դեպքում արդեն կյանքի ընթացքում ձեռք բերված հիվանդությունների ընթացքում առաջացող առիթմիաներն են։
– Ո՞ր տեսակներն են դեղերի օգնությամբ բուժում և ո՞ր դեպքում են վիրահատում։
– Դեղորայքային բուժման ենթակա են այն տախիկարդիաները, որոնք սրտի տարբեր տեղերից են առաջանում։ Այսինքն, ոչ թե մեկ, այլ մի քանի օջախ է, և ֆիզիկապես այդ օջախները վերացնել շատ դժվար է լինում, չնայած որ տարեցտարի միջամտական առիթմիաների տեսակները գնալով շատանում են։ Եթե 10-15 տարի առաջ նախասրտերի ֆիբրիլյացիայի վիրահատական բուժմամբ զբաղվում էին միայն այն դեպքում, երբ դեղորայքը չէր օգնում, հիմա ամբողջ աշխարհն ասում է՝ ինչքան շուտ գնան վիրահատության՝ անկախ նրանից, դեղորայքն օգնո՞ւմ է, թե՞ ոչ, այնքան բուժառուի բուժման հետագա կանխատեսումն ավելի շատ է։
– Շողացող առիթմիայի վիրահատությունը բժիշկները համարում են ամենաբարդը․ ինչո՞ւ։
– Ամենաբարդը կյանքին վտանգ սպառնացող փորոքային տախիկարդիաների աբլյացիան է։ Այն ունի ամենաբարձր մահվան ռիսկը՝ ինչպես մինչև վիրահատությունը, այնպես էլ՝ վիրահատությունից հետո։ Շողացող առիթմիայի վիրահատությունն ամենատարածվածն է։ Այո՛, հեշտ չէ, պահանջում է հատուկ միջամտություններ, սարքավորումներ։
– Մեկ անգամ վիրահատելուց հետո առիթմիան կրկնվո՞ւմ է։
– Առիթմիաների մի մասի՝ վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաների, WPW համախտանիշի (Ուոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշ) բուժման էֆեկտիվությունը գերազանցում է 95-97 տոկոսը և կրկնման հավանականությունը երկու տոկոսից քիչ է։ Ինչ վերաբերում է շողացող առիթմիային, ապա կապ ունի սրտի ախտահարման չափը։ Ինչքան շատ է սիրտն ախտահարված նախասրտերի հյուսվածքում, այնքան էֆեկտիվությունն ավելի ցածր է, ու դա երևում է բուժառուի կյանքում տեղի ունեցած շողացող առիթմիայի տևողությունից։ Ինչքան շուտ է բուժառուն գնում վիրահատության, այնքան էֆեկտիվությունն ավելի բարձր է։
Ինչքան շուտ են դիմում բժշկի, ինչքան նախասրտերը փոքր են, ախտահարումը քիչ, էֆեկտիվությունը մոտ 80 տոկոս է։ Այո, շողացող առիթմիան հնարավոր է կրկնվի, և այստեղ կապ ունի այն, թե ո՞ր փուլում է մարդը դիմել շողացող առիթմիայի աբլյացիայի համար։ Ամենաարդյունավետը պարոքսիզմալ տախիկարդիայի առաջին փուլն է, երբ նոպաները տևում են 24 ժամից պակաս։ Այս դեպքում ունենք 80 տոկոսից բարձր արդյունավետություն և 20 տոկոսից պակաս կրկնման հավանականություն։ Երբ հյուսվածքն ախտահարված է, բուժման էֆեկտիվությունը 70 տոկոս է՝ 25-30 տոկոս կրկնման հավանականությամբ։
– Շատ մարդիկ ունեն շողացող առիթմիա և միայն դեղորայք են օգտագործում, վնասը կրկնակի՞ է լինում։
– Շողացող առիթմիայի դեպքում դեղորայքն ու վիրահատական բուժումը զուգահեռ են ընթանում։ Մեկն առանց մյուսի գոյություն չունի։ Երբ բուժառուի մոտ առաջին անգամ հայտնաբերվում է շողացող առիթմիա, բուժումը միշտ սկսվում է դեղորայքով։ Դրանից հետո արդեն նայում են նոպաների ինտենսիվությանը։ Նախկինում դեղերի դոզավորումն էին բարձրացնում, հիմա միջազգային ուղեցույցներն ասում են, որ նույնիսկ առաջին նոպայից հետո իրավունք ունեն բուժառուին առաջարկել վիրահատության գնալ, որովհետև այդ փուլում վիրահատությունն ավելի էֆեկտիվ է։ Իսկ դեղորայք մարդը շարունակում է ընդունել։ Շողացող առիթմիան զարգացող հիվանդություն է, ախտահարված բջիջները գնալով շատանում են, և մեր բուժման իմաստն այդ պրոցեսը երկարացնելն է, որ նախասրտերը հնարավորինս ուշ ախտահարվեն։
– Որո՞նք են առիթմիայի ախտանշանները։
– Առիթմիայի տեսակ կա, որը միայն սրտխփոցով է դրսևորվում․ դանդաղ է, արագ։ Շատերն ասում են, որ անհարմարություն կա կրծքավանդակում՝ սրտխփոց է առաջանում։ Առիթմիայի տեսակ կա, որ իրեն վատ է դրսևորում՝ լինում է գլխապտույտ, կոորդինացիայի խանգարում, ուշագնացություն։ Ավելի ծանր առիթմիաների դեպքում լինում է հանկարծամահություն։ Առիթմիաներ կան, օրինակ, մանկական տարիքում, երբ երեխաները չեն կարողանում բացատրել, թե ի՞նչ է կատարվում, այն դրսևորվում է լացի, անհանգստության, տագնապի տեսքով։ Նորմայում երեխաների մոտ սրտի միջին զարկերն ավելի շատ են, քան մեծահասակների մոտ, բայց այն առիթմիաները, որոնք խնդիր են առաջացնում, երեխաների մոտ գերազանցում են րոպեում 200 զարկը։
– Առիթմիայի պատճառները լինում են նաև արտասրտային ծագման․ ո՞ր հիվանդությունների դեպքում է դա արտահայտվում։
– Եթե մարդու մոտ կա մարմնի ջերմաստիճանի բարձրացում, պուլսն արագանում է։ Դա առիթմիայի տեսակ է, սինուսային տախիկարդիա։ Այս դեպքում պետք չէ բուժել սիրտը, միայն անհրաժեշտ է պատճառը վերացնել։ Մյուս հիմնական պատճառը վահանաձև գեղձի հորմոնալ շեղումներն են, դրա համար այն առաջին հետազոտությունների թվում է, որովհետև հիմնական պրովոկացիա անողներից մեկը վահանաձև գեղձն է։ Մյուս պատճառներն էնդոկրին այլ համակարգի շեղումներն են, երբ կա հորմոնալ դիսբալանս։ Նման դեպքերում բուժվում է պատճառը, եթե հնարավոր է։
Երբեմն կոմբինացված բուժում ենք կատարում, այսինքն, սրտի ռիթմը կամ դանդաղեցնում, կամ կարգավորում ենք, նայած՝ ինչ խնդիր է, մյուս կողմից՝ փորձում ենք պատճառի վրա ազդել, որ սրտին «մտրակելու» դերը գնալով պակասի։ Ընդգծեմ, որ զարկերակային գերճնշումը ևս կարող է բերել սրտի ռիթմի խանգարումների, որը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ՝ կյանքին վտանգ սպառնացող՝ կախված, թե ինչ աստիճանի է ազդում սրտի վրա։ Առիթմիաների տեսակներ կան, որ առաջանում են սրտի սթրեսային պայմաններում, երբ սրտի սնուցումը վատանում է, պատի լարվածությունը շատանում է։ Դրանք հիմնականում իշեմիկ առիթմիաներն են։ Բարձր ճնշման պատճառով սրտի սնուցումը վատանում է, շատանում է առիթմիա ստեղծող օջախի ակտիվությունը։
– Երբեմն ասում են, որ առիթմիա առաջանում է բորբոքման հետևանքով․ խոսքը ստի բորբոքման մասի՞ն է։
– Ե՛վ սրտի, և՛ արտասրտային բորբոքում կարող է լինել։ Օրինակ, եթե ինչ-որ տեղ բորբոքում կա, թոքաբորբ, թարախային պրոցես, արյան վարակ, այդ դեպքում էլի սրտի ռիթմի խանգարումներ են առաջանում։ Դրանք արդեն երկրորդային առիթմիաներն են։ Կարող են բորբոքումներ առաջանալ սրտի տարբեր պատերի բորբոքման տեսքով, որը բավական լուրջ հարց է։ Հիմնականում բուժվում է, բայց կապ ունի, թե բուժառուն երբ է դիմել բժշկի, քանի որ կարող են լինել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ։
– Առիթմիան ժառանգակա՞ն հիվանդություն է։
– Հակվածություն միանշանակ կա, բայց պարտադիր չէ, որ եթե ծնողներն ունեն առիթմիա, երեխան ունենա։ Կարող է ծնողներն առողջ լինեն, բայց երեխան ունենա բնածին սրտի խանգարում։ Կապը կա, բայց միանշանակ չէ։
– Կանայք, ովքեր ունեն առիթմիա, բնական ճանապարհով կարո՞ղ են ծննդաբերել, թե՞ կեսարյան հատում է անհրաժեշտ։
– Շատ հետաքրքիր դեպք պատմեմ։ Հղիության վտանգավոր շրջանում, արդեն զարգացած պտղով, կինն ուներ լուրջ առիթմիաներ, դիմեց մեր կլինիկա, և կանգնել էինք հարցի առջև․ հղիությունն ընդհատե՞լ, որովհետև կյանքին վտանգ էր սպառնում, թե՞․․․ մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը և հղի վիճակում բուժառուին վիրահատեցինք։ Հիմա երկուսն էլ լավ են՝ և՛ մայրը, և՛ բալիկը։ Իրականում, եթե բուժառուն գիտի, որ ունի առիթմիա, պետք է բուժումը կազմակերպել մինչև հղիությունը, որովհետև հղիությունը սթրես է օրգանիզմի համար, ինչն էլ կարող է խնդիրներ առաջացնել։ Առիթմիաների տեսակներ կան, որոնք առաջանում են հղիության ընթացքում և ընդհանրապես միջամտության կարիք չունեն։ Ինչ վերաբերում է ծննդալուծման տարբերակներին, ապա ամեն ինչ կախված է ռիթմի խանգարման վտանգի աստիճանից։
– Եթե մարդն ունի առիթմիա, կապ չունի՝ դանդաղասրտությո՞ւն է, թե՞ հաճախասրտություն, այն ուղեկցվում է շնչարգելությամբ։ Առաջին օգնություն ինքն իրեն ինչպե՞ս ցուցաբերի։
– Շատ հաճախ առաջին օգնություն բուժառուներն իրենք իրենց չեն կարող ցույց տալ։ Սրտի վրա դրսից առանձնապես չես կարող ազդել։ Եթե բուժառուի սիրտը դանդաղ է աշխատում, 25-30 զարկ է, այդ դեպքում տեղադրում ենք հատուկ ռիթմավար սարքեր, իսկ եթե կա սրտի արագ աշխատանք, այս դեպքում բուժվում է աբլյացիայի՝ այրման ճանապարհով, բայց բուժառուն մինչ այդ կարող է զարկը դանդաղեցնող դեղորայք օգտագործել, բայց ոչ առանց բուժող բժշկի տեղեկացվածության։ Պետք է լինի բժշկի ցուցումով։
– Տարածված է կատվախոտի կիրառումը։ Այս և նման դեղերը կողմնակի էֆեկտներ չունե՞ն։
– Կորվալոլը, Կատվախոտը, Վալերիանան և այդ շարքի դեղերն ազդում են նյարդային համակարգի վրա։ Սրտի բուն պատճառի վրա դրանց ազդեցությունը մինիմալ է։ Եթե առիթմիա է, ինչքան ուզում է՝ նշված դեղորայքն օգտագործի, օգուտ չի ստանա։
– Խոսեցիք ռիթմավար սարքերի մասին․ ի՞նչ են դրանք և ո՞ր դեպքում են կիրառվում։
– Սրտի ռիթմավար սարքերը մի քանի տեսակի են լինում․ առաջինը սովորական կարդիոստիմուլյատորներն են, որոնք կարող են լինել մեկ կամ երկու լարանի և տեղադրվում են այն դեպքում, երբ կա սրտի դանդաղ աշխատանք։ Երկրորդը դեֆիբրիլյացիոն սարքերն են, որոնք կարող են լինել մեկ, երկու կամ երեք լարանի։ Տեղադրվում են այն դեպքում, երբ կա հանկարծամահության վտանգ։ Երրորդ տեսակը երեք լարանի սարքերն են, որոնք կարող են լինել՝ ինչպես դեֆիբրիլյացիոն՝ էլեկտրաշոկով կամ առանց դեֆիբրիլյացիոն ֆունկցիայի և օգտագործվում են այն դեպքում, երբ կա սրտային անբավարարություն, սրտի վատ կծկողականություն։ Իսկ վերջին տեսակը բավական նոր է ամբողջ աշխարհում, կոչվում է հաղորդչական համակարգի խթանում, և սրա առավելությունն այն է, որ սարքը տեղադրելուց հետո սիրտն աշխատում է բնական ֆիզիոլոգիական ճանապարհով, ունի սրտային անբավարարությունը լավացնող ֆունկցիա։
– Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը։
– Կոնկրետ մեր կենտրոնում պրոցեդուրաների մեծ մասը կատարվում է տեղային անզգայացմամբ։ Բուժառուի գիտակցությունը տեղն է լինում, մեզ լսում, մեզ հետ խոսում է։ Որոշ առիթմիաներ, որոնք կյանքին վտանգ սպառնացող են, օրինակ, փորոքային տախիկարդիաները, շողացող առիթմիան, երկար են տևում և կատարվում են ընդհանուր անզգայացմամբ։ Քնեցնում ենք նաև այն դեպքերում, երբ բուժառուն կարող է լինել անկառավարելի․ նրանք երեխաներն են, և էմոցիոնալ, լարված մարդիկ։
– Ռիթմավար սարքերը քանի՞ տարի են ծառայում մարդուն։
– Կախված տեսակից՝ ժամանակահատվածը տարբեր է։ Ամենահասարակներն ադեկվատ աշխատանքի պայմաններում, ըստ գործարանային տվյալների՝ պետք է աշխատեն առնվազն 7 տարի։ Իրականում աշխատում են շատ ավելի երկար, և կապ ունի այն, թե ինչքա՞ն է սարքը միջամտում սրտին։ Եթե բուժառուի մոտ անցողիկ ռիթմի խանգարում է, այսինքն՝ մեկ կա, մեկ չկա, սարքը շատ խելացի ձևով է աշխատում։ Երբ սրտի ռիթմը վերականգնվում է, սարքն անջատվում է։ Եվ ինչքան երկար է անջատված մնում, այնքան ռեսուրսը երկարում է։ Եղել է, որ սարքը 16-17 տարի աշխատել է։ Էլեկտրաշոկով, մեծ էներգիայով աշխատող սարքերի ռեսուրսը մի փոքր կարճ է։ Միջինում 5-7 տարի են աշխատում։ Ռիթմավար սարքերը հիմնականում տեղադրվում են անրակի ստորին շրջանում, սովորաբար ձախ կողմում։ Սարքերն ունեն գրեթե 5 մմ հաստություն, հիմնականում չեն երևում։ Գտնվում են անմիջապես մաշկի տակ։ Դեֆիբրիլյացիոն սարքերն ավելի հաստ են, ունեն 1-1,2 սմ հաստություն և երևում են մաշկի տակից։ Ինչքան մարդը նիհար է, էսթետիկ առումով այնքան ավելի նկատելի է։
– Արտերկրում նրանք, ովքեր կրում են ռիթմավար սարքեր՝ ունեն հատուկ անձնագիր, որ մի դեպք պատահի, իմանան՝ ինչպես օգնել։
– Անձնագիր կոչվածը մենք էլ ունենք։ Բոլոր բուժառուներին տալիս ենք առանձին քարտ, որտեղ նշված են նրանց անձնական տվյալները, այն, թե ի՞նչ սարք է տեղադրված և ո՞ր կենտրոնում։ Խորհուրդ ենք տալիս անձնագիրը պահել իրենց մոտ, եթե այլ երկիր կամ այլ հիվանդանոց են գնում, որպեսզի բժիշկներն ավելի հեշտ կարողանան հասկանալ, թե ի՞նչ խնդիր ունի տվյալ բուժառուն։
– Տարածված կարծիք կա, որ առիթմիա զարգանում է էլեկտրոնային ծխախոտ, էներգետիկ ըմպելիք շատ օգտագործելու, ինչպես նաև մագնեզիումի նվազման արդյունքում։ Այդպե՞ս է։
– Մասամբ՝ այո։ Ցանկացած վնասակար ազդեցություն՝ լինի ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ, ալկոհոլ, բացասաբար է ազդում սրտի վրա։ Մարդ կա՝ մոտը դրսևորվում է բարձր ճնշմամբ, սրտի ռիթմի խանգարումով։ Ինչ վերաբերում է մագնեզիումին, ապա խոսքը նաև նատրիումի, կալիումի, կալցիումի մասին է։ Ցանկացած շեղում՝ քիչ կամ շատ քանակություն, հանգեցնում է սրտի ռիթմի և սրտի ամբողջականության խանգարման։ Ոչ շատն է լավ, ոչ՝ քիչը, և անիմաստ տեղը մագնեզիում օգտագործելու դեպքում առաջանալու է հիպերմագնեմիա, ինչն էլ ավելի լուրջ խնդիրների է հանգեցնելու։ Մագնեզիում պետք է օգտագործել այն դեպքում, երբ կա մագնեզիումի պակաս։
– Ամեն դեպքում, հնարավո՞ր է խուսափել առիթմիայից։
– Հարցին գլոբալ կպատասխանեմ. ցանկացած հիվանդությունից խուսափելու համար ամենակարևորն առողջ ապրելակերպն է՝ զբաղվել սպորտով, առողջ սնվել, ժամանակին սնվել, ունենալ առողջ քուն և առողջ արթուն վիճակ։ Նստակյաց կյանքը, քաշի ավելացումը խնդիր է։ Սխալ, ուշ ժամի, չափից շատ կամ չափից քիչ սնվելը խնդիր է։ Եթե ուզում ենք առողջ հասարակություն ունենալ՝ մանկական տարիքից պետք է վարեն առողջ ապրելակերպ։