«Մատենադարանի մեկ գիրքը բավարար է՝ ամբողջությամբ տապալելու ադրբեջանական թեզերը». Արամ Փոլադյան

Ադրբեջանագետ, իրավաբան Արամ Փոլադյանը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական մեդիան և հատկապես այն հրապարակումները, որոնք արվում են ադրբեջաներեն լեզվով և դեռևս չեն թարգմանվում այլ լեզուներով:

«Մեկ-երկու շաբաթ առաջ սկսեցինք նկատել, որ ադրբեջանական լրատվական ալիքներում հաղորդումների ժամանակ գրառումներ են արվում, թե իբր ահաբեկիչներ են տեղակայվում իրենց սահմաններին: Սրա մասին նույնիսկ ադրբեջանական մեդիայում այլ լեզուներով չի խոսվում, որովհետև իրենք իրենց հասարակության մեջ են դա ներարկում, որ հասարակությունը դրան տրամադրվի ու հետո ասեն՝ ոչ թե մենք ենք «հակաահաբեկչական գործողություն» իրականացնում, այլ հասարակությունն է այս պահանջը ներկայացնում: Ամենօրյա ձևաչափով ներարկվում է այն միտքը, որ ՀՀ սահմաններին արդեն տեղակայված են ահաբեկիչներ և տարբեր թվեր են շրջանառում, օրինակ՝ 10 հազար ահաբեկիչ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նկատելով, որ դրա ֆոնին Ադրբեջանը բարձրացնում է ԵՄ դիտորդներին ՀՀ սահմաններից դուրս բերելու հարցը:

«Այս պահին մեծ բախումների, լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը մեծ չէ: Ադրբեջանն օրեցօր զարգացնում է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ենթակառուցվածքները, օրինակ՝ Ապշերոնյան թերակղզուց Չինաստան ուղևորվեց առաջին գնացքը՝ ուղիղ գծով: Ադրբեջանի ղեկավարության մոտ կան ակնկալիքներ, որ առևտրաշրջանառության ծավալները Չինաստանի և Միջին Արևելքի այլ պետությունների հետ կավելանան: Ռազմական բևեռում, եթե Հայաստանը որևէ քայլ է կատարում, դրան ի պատասխան՝ Ադրբեջանը երկուսն է կատարում: Բացի այդ, հսկայածավալ փոփոխություններ են տեղի ունենում Ադրբեջանի անվտանգային համակարգում, ինչն իհարկե վկայում է, որ եթե շատ մեղմ ձևակերպենք՝ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, բայց միևնույն ժամանակ, որոշակի փուլեր պետք է անցնեն՝ հասնելու այն մակարդակին, որին ձգտում են իրենք կամ իրենց քաղաքական հովանավորները, մասնավորապես՝ մեր հիմնական թշնամի Թուրքիան»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Արամ Փոլադյանի խոսքով՝ Ադրբեջանն այսօր զբաղված է ազգակերտմամբ. «Այլ հարց է, որ սեփական ժողովրդի շահերն են ոտնահարվում, սպասարկում են այլ պետությունների շահեր: Բայց այն, որ նրանք զբաղված են ազգակերտմամբ և շատ ակտիվ են առաջ տանում այդ գաղափարը, միանշանակ է: Հետևաբար, մեր պարտականությունն է դրա դեմ ցանկացած միջոցով պայքարելը: Ադրբեջանում հայատյացությունն այսօր հասել է հնարավոր պիկին. Սրանից ավելի բարձր մակարդակի հայատյացություն և ատելության քարոզ անհնար է պատկերացնել»:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ընկալում՝ եթե հանկարծ պահը հասունանա և անհրաժեշտություն առաջանա, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունենա Ադրբեջանի տարածքում կամ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների, և դա ձեռնտու չլինի Թուրքիային, Թուրքիան սեփական պետական շահերն Ադրբեջանի համար չի զոհաբերելու:

«Այսօր Ադրբեջանի թիվ մեկ պահանջը Հայաստանի ամբողջական ապառազմականացումն է: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ու Ալիևի օգնական Հաջիևը վերջերս իրենց բրիֆինգներում նշեցին, որ ինչպես Գերմանիան 1945 թվականից հետո սկսեց վերահսկվել, ինչպես Իրաքի նկատմամբ խստագույն վերահսկողություն և սահմանափակումներ սահմանվեցին, այնպես էլ Հայաստանի նկատմամբ պետք է խստագույն պատժամիջոցներ, վերահսկողություն և սահմանափակումներ սահմանվեն: Ալիևը, հերթական քաղաքական մանիպուլյացիան կիրառելով, հայտարարում է, թե ամբողջը համաձայնեցված է, երկու կետ է մնացել, բայց զուգահեռաբար թվում է նախապայմաններ, որոնք բազմաթիվ են: Խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, սրանից հետո ի՞նչ կարելի է նրանց հետ բանակցել:

Պատմական արդարության մասին են խոսում, բայց հրաշալի գիտեն, որ Մատենադարանի մեկ գիրքը բավարար է՝ ամբողջությամբ տապալելու ադրբեջանական թեզերը, այդ թվում՝ պետական պաշտոնյաների: Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ այդ դաշտում տապալվելու է: Ադրբեջանը հաստատուն քայլերով ապացուցում է, որ գնում է լայնամասշտաբ ահաբեկչություն կազմակերպելու ճանապարհով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս