Ռուբեն Վարդանյանի մասին Փաշինյանի՝ ԱԺ-ի հայտարարությունը քաղաքական էր. դրանից հետո Բաքվում նրան հարցաքննել են. Սիրանուշ Սահակյան
2024թ. օգոստոսին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձավ Բաքվում պահվող հայ գերիներին, պատանդներին ու ռազմագերիներին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ալիևի հետ քննարկել է այդ հարցը, և, օրինակ, ինչո՞ւ է Բաքվում պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հայտարարեց.
«Նշեցիք նույն Ռուբեն Վարդանյանին, այստեղ էլ շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, հավաստիացումներով, խոստումներով։ Ո՞վ ասաց, որ մենք այդքան էլ լավ չգիտենք՝ նա ով է, կարծես թե այլ երկրի քաղաքացի է։ Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերի պատասխանն ունենալ, թե՞ չենք ուզում»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադարձավ այդ հայտարարությանն ու դրա հետևանքներին:
Նախ նա նկատեց՝ Ռուբեն Վարդանյանի մասին Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական է և որևէ առնչություն չունի իրավական գործընթացների հետ։
«Մենք գործ ունենք ոչ վերաբերելի հայտարարությունների հետ, որն ունեցել և ունենալու է անմիջական հետևանք։ Փաշինյանի կողմից ԱԺ-ում արված այդ հարցադրումներից անմիջապես հետո Ռուբեն Վարդանյանը հարցաքննվել է ադրբեջանական քննչական մարմինների կողմից, և Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված այդ նույն հարցերը դարձել են Ադրբեջանի կողմից քննության առարկա։ Նման հարցադրումներն անտեղի են այն պարզ պատճառով, որ պետությունն ունի պարտավորություն հայրենադարձնելու իր քաղաքացիներին։ Փաշինյանի հայտարարություններում և ՀՀ կողմից գործողություններում իրարամերժություն կա, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնում է Եվրոպական դատարանում։ Հետևաբար, եթե Ռուբեն Վարդանյանի գործունեությունը խնդրահարույց էր, ինչո՞ւ է պետությունը հանձն առել պաշտպանել նրա շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), երբ կարող է թողնել այդ հնարավորությունն ունեցող նրա ընտանիքի վրա։ Հայաստանի ղեկավարության քաղաքական դիրքորոշումները հակասում են միջազգային պաշտոնական դատական ատյաններում ՀՀ դիրքորոշումներին։ Այստեղ գործ ունենք անձնական կարծիքի հետ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: