Ի՞նչ է քանդում․ երկիրն է քանդում։ Ես Նիկոլին դեմ եմ, Նիկոլը քանդեց մեր երկիրը․ ՀԱՐՑՈՒՄ
«Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու». սա Նիկոլ Փաշինյանի հերթական արձանագրումն է իշխանավարության 6-րդ տարում։ Ֆեյսբուքում հրապարակված այս փաշինյանիզմին ի պատասխան՝ քաղաքացիները մեկնաբանություններում արդեն արձագանքել են նրան՝ նաև հետևյալ արձանագրումներով․ «Քանդեցիր․ էլ ի՞նչ մնաց քանդես», «Միանշանակ ճիշտ է․ անհրաժեշտ է քանդել «Քաղաքացիական պայմանագիրն» ու 6 տարվա դավաճանությունների շղթան, որպեսզի կառուցենք նորմալ Հայաստան ու նորմալ երկիր մոլորակ», «Ներոն, դու ե՞ս», «6,5 տարի դեռևս միայն քանդելով և ավիրելով գնում եք ու անգամ նշույլ չկա ինչ-որ բան սարքելու», և այլն։
168․am-ը թեմայով նաև հարցախույզ է արել՝ ճշտելու՝ համամի՞տ են Նիկոլ Փաշինյանի այս գրառման հետ։
«Համամիտ չեմ այս մտքի հետ․ ո՞նց է էդպես հնարավոր․ հնարավոր է անցյալի բացթողումների վրա ավելացնել, բայց քանդե՞լ․․․»,- ի պատասխան՝ նշեց մի երիտասարդ։
Մեր համաքաղաքացիներից մեկն էլ ասաց․ «Բացի քանդելուց, ոչ մի բան չի կառուցել․ ինչ խոսել է, սուտ է խոսել․ թոշակների բարձրացումը սուտ է ասել, սահմանագծումը, աշխատավարձերի բարձրացումը․․. ո՞ւմ աշխատավարձերն է բարձրացրել՝ միլիցեքի՞, իրե՞նց․․․ կոռուպցիայի դեմ պայքարողը՝ հիմա ավելի շատ կոռուպցիա կա, քան այն ժամանակ․ միլիոններով պարգևատրում են ստանում՝ ո՞ւմ հաշվին։ Սուտ է խոսում, չի՛ կարելի ժողովրդին խաբել»։
«Քի՞չ ա կառուցել, ի՞նչ ա եղել,- արձագանքեց մի կին՝ մանրամասնելով,- Ամեն ինչ էլ կառուցել է․ ճանապարհները, գնում է գյուղերը, որ տարիներ շարունակ ո՛չ ջուր են տեսել, ո՛չ ճանապարհ են տեսել․․․»։
Տիկինը, սակայն, հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին խանգարողներ շատ կան, բայց չնշեց այդ խանգարողների անունները։
«Քանդում են, հետո սարքո՞ւմ»,- զարմանքով արձագանքեց մեր հարցը լսած մի քաղաքացի։
Մեկ ուրիշն էլ ցավով արձանագրեց․ «6 տարվա ընթացքում, բացի քանդելուց, ուրիշ բան չեմ նկատել։ Մարդիկ չեն ուզում մնալ, Հայաստանում ապրել, ամենավատ ղեկավարներն են․ անխելք, անկազմակերպ։ Մենակ եկել են տան-տան՝ ոչ մի բան չվերցնեն»։
«Կառուցենք՝ տանք․ ոնց որ ամբողջ կյանքում Արցախը կառուցեցինք, ու․․․,- Նիկոլ Փաշինյանի՝ «կառուցենք» բառին այսպես հակադարձեց մի երիտասարդ՝ հավելելով,-
Երբ խնդիր առաջանար, ու Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը որոշակի տարածքներ հանձնած լինեին, կիմանայինք, որ լուրջ բան ունեին Արցախի համար արած, ու ունեին իրավունքը՝ որոշում կայացնելու համար։ Իսկ ինքը՝ ոչնչից եկավ ու առանց ոչ մեկի հարցնելու՝ իր որոշումները կայացրեց, իսկ այս որոշումը մեր վրա թանկ նստեց»։
«Ի՞նչ է քանդում․ երկիրն է քանդում։ Ես Նիկոլին դեմ եմ, Նիկոլը քանդեց մեր երկիրը։ Ինքը ոչնչից չի հասկանում, պետք է հեռանա։ Ես պահանջում եմ Նիկոլի հեռացումը։ Նիկո՛լ, լսո՞ւմ ես ինձ, պետք է պատասխան տաս քո հանցանքների համար, դու հայ ազգի թշնամին ես»,- զայրացած պատասխանեց մեր հարցը լսած տիկինը։
Մանրամասները՝ տեսանյութում