
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել

Թուրքիայի Մուղլա նահանգում Առողջապահության նախարարությանը պատկանող շտապօգնության ուղղաթիռը մխրճվել է քաղաքի կենտրոնում գտնվող Ուսումնա-հետազոտական հիվանդանոցի շենքը այնուհետև ընկել դաշտի վրա, հայտնում է NTV-ն։
Այսօր առավոտյան Անթալիա թռչող շտապօգնության ուղղաթիռը թռիչքից որոշ ժամանակ անց թանձր մառախուղի պատճառով բախվել է հիվանդանոցի շենքին ու կործանվել։
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, բժշկական, ոստիկանական և փրկարարական խմբեր։
Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբիյիկն ասել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել։
«Թռիչքի ժամանակ այն բախվել է մեր հիվանդանոցի 4-րդ հարկին։ Զոհվել է 2 օդաչու, 1 բժիշկ և 1 աշխատակից։ Այժմ թանձր մառախուղ է, պատճառը պարզվում է»,- ասել է նա։
Աքբիյիկը հավելել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով հիվանդանոցում ոչ ոք չի տուժել։