Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ընդհանուր առմամբ փորձում է չխառնվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև ընթացող միջնորդավորված բանավեճին: ՀԱԿ առանձին անդամներ, իհարկե, տեսակետներ հայտնել են այս առնչությամբ, սակայն, ընդհանուր տպավորությամբ, որպես «կուսակցական գիծ»՝ ՀԱԿ-ը նախընտրում է լոյալությունը:

Դա փորձ է արվում բացատրել նրանով, որ Քոչարյան-Սարգսյան բանավեճն արհեստական է, ուղղորդվում է իշխանության կողմից, ուստի ՀԱԿ-ը չի ցանկանում ներքաշվել դրա մեջ, որպեսզի չշեղվի իր հիմնական նպատակից՝ ավազակապետության դեմ պայքարից ու իշխանափոխությունից: Բայց, ի տարբերություն նախկինի, «ավազակապետության կազմից» ՀԱԿ-ը ներկայումս հանել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

ՀԱԿ-ի այս դիրքորոշումը շատ նման է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ՝ կոնգրեսականների ու Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը: Այն, ընդհանուր առմամբ, արտահայտվում էր այսպես. քանի որ մենք չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, դրա մասին կարծիք չենք հայտնում: Դրա  նպատակը մեկն էր՝ որևէ պարագայում դեմ չարտահայտվել Ռուսաստանին, ինչի մասին առանց որևէ ձևականության հայտարարեց անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարվա սեպտեմբերին ունեցած ելույթում:

«Ո՛չ պիտի քծնենք Ռուսաստանին, ո՛չ գովաբանենք՝ ասենք՝ միակ ընտրությունն է, և այլն և, այլն, այլ պարզապես չպիտի հայհոյենք Ռուսաստանին: Կուսակցական մարմինների և կուսակցական ղեկավար գործիչների մակարդակով մենք որևէ վիրավորական արտահայտություն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ռուս ժողովրդի, ո՛չ էլ Պուտինի հասցեին չպիտի թույլ տանք»,- ասել էր Տեր-Պետրոսյանը: Նույն միտքը Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտեց նաև անցած տարվա դեկտեմբերի վերջին ունեցած ելույթում՝ խոսելով Հայաստանում «Մայդանի չկայացման» պատճառների ու ՀԱԿ-ի օրակարգի մասին: «Մայդանի գաղափարախոսությունը չի մտնում Հայ ազգային կոնգրեսի օրակարգի մեջ: Մենք չենք կարող գնալ Մայդան և հայհոյել Ռուսաստանին ու Պուտինին»:

Հիմա ՀԱԿ-ը գրեթե նույն մարտավարությունը կիրառում է նաև Քոչարյան-Սարգսյան բանավեճի առնչությամբ՝ լոյալություն, որի հիմքում ընկած է «Մենք չենք կարող հայհոյել Քոչարյանին» սկզբունքը:

Հիշեցնենք, որ խոսքը մի քաղաքական ուժի մասին է, որը նախկինում ոչ միայն Ռ. Քոչարյանի անձնական հայտարարությունների, այլ անգամ Ռ. Քոչարյանի հետ անուղղակիորեն կապված ցանկացած իրադարձության առթիվ հանդես էր գալիս պաշտոնական հայտարարություններով, որոնցում  Ռ. Քոչարյանին ենթարկում էր ամենախիստ քննադատության՝ նրա հնարավոր վերադարձը համարելով Հայաստանի համար անթույլատրելի ու կործանարար: Ռ. Քոչարյանի վերադարձը կանխելու համար ՀԱԿ-ը նույնիսկ պատրաստ էր համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, ինչը հրապարակավ առաջարկում էր նրան Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքների ժամանակ:

Հիշեցնենք նաև, որ ՀԱԿ-ը 2008 թվականից հետո ստորագրահավաք էր կազմակերպել Ռոբերտ Քոչարյանին  Հաագայի միջազգային դատարան հանձնելու համար: Դրանք ՀԱԿ-իշխանություն երկխոսության ժամանակներն էին, որի տապալումից հետո ծնվեց «քաղաքագիտական երկխոսությունը», ինչն այլևս դարձել է ՀԱԿ-ի գործունեության հիմնական ուղենիշը:

Դրա համար հիմա ՀԱԿ-ականները գերադասում են լոյալությունը և Ռ.Քոչարյանի մասին խոսելիս՝ փորձում են չհիշել նրա օրոք կատարված այն հանցանքները, որոնց համար ժամանակին ցանկանում էին դիմել Հաագայի դատարան: Իսկ եթե այնուամենայնիվ ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ հրապարակավ խոսում են  Ռ. Քոչարյանի վերադարձի անթույլատրելիության մասին, ապա ավելի շատ՝ որպես «հերթապահ հայտարարություններ»:

Իրականում, ՀԱԿ-ը կարծես արդեն ոչ միայն դեմ չէ Ռ. Քոչարյանի վերադարձին, այլ նաև նրան հասկացնում է, որ պատրաստ է աջակցել այդ հարցում: «Քոչարյանն ումո՞վ պետք է վերադառնա»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի թեմային: Նա մասնավորեցրել է՝ թե «ումո՞վ» ասելով՝ նկատի ունի՝  ի՞նչ թիմով պետք է վերադառնա Ռ. Քոչարյանը:

Այս հարցադրումը հնչեցնելուց հետո Կարապետյանը մի համեմատություն է արել, ըստ էության, Քոչարյանին հասկացնելով, որ «ումո՞վ» հարցի պատասխանը կարող է գտնվել հենց Կոնգրեսում: Մասնավորապես, ՀԱԿ անդամը  Քոչարյանի վերջին հարցազրույցները համեմատել է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթների արձագանքների հետ՝ շեշտելով, որ առաջին նախագահի հարցազրույցներից ու հայտարարություններից հետո հարյուրավոր կուսակիցներ ու համախոհներ  արձագանքում են հրապարակումներով, ելույթներով, հոդվածներով, ֆեյսբուքյան մեկնաբանություններ են գրում, և այլն: «Դուք տեսե՞լ եք, որ մեկը պաշտպանի Քոչարյանին, կարո՞ղ եք մեկ քաղաքական գործչի անուն տալ: Դուք տեսնո՞ւմ եք մեկին, որ պաշտպանի: Դուք տեսաք, որ Տիգրան Սարգսյանին ինչ-որ քաղաքական գործիչներ ինչ-որ մեկնաբանություններով սատարեցին, իսկ Քոչարյանին՝ ումո՞վ»,- հայտարարել է Կարապետյանը:

Սա շատ թափանցիկ ակնարկ է Քոչարյանին՝ առ այն, որ ՀԱԿ-ում կան «հարյուրավոր կուսակիցներ», ովքեր պատրաստ են պաշտպանել նրան բոլոր հարթություններում:

Վ. Կարապետյանն, իհարկե, վերջում բացառել է, որ Ռոբերտ Քոչարյանն ապագայում կդառնա խորհրդարանական ընդդիմության և այընտրանքի առաջնորդ, բայց դա, ինչպես հասկանում ենք, պահանջում են «ժանրի կանոնները»:
Այնպես որ, առաջիկայում Ռ. Քոչարյանը, ըստ ամենայնի, կպատասխանի ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներին ու նախարարներին, ինչպես խոստացել է երեկվա հաղորդագրությամբ, այլ նաև ՀԱԿ-ին: Իհարկե, ո՛չ հրապարակավ, ու ո՛չ էլ քննադատաբար: Նա ՀԱԿ-ականներին պետք է փոխանցի՝ արդյո՞ք ցանկանում է նրանց ընդգրկել «իր վերադարձի թիմում», կամ էլ անուն առ անուն պատասխանի «ումո՞վ» հարցին՝ հասկացնելով, որ Կոնգրեսի կարիքը չի զգում:

Տեսանյութեր

Լրահոս