
Թուրքիան ինքն է թելադրում խաղի կանոնները միջազգային հարաբերություններում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ընդունակ է ինքնուրույն թելադրել խաղի կանոնները միջազգային հարաբերություններում և հասնել իր նպատակներին։
«Թուրքիան մի երկիր է, որը թելադրում է իր սեփական քաղաքականությունը՝ թե՛ ներքին, թե՛ տարածաշրջանային մակարդակով։ Թուրքիան հավատում է այնպիսի աշխարհի, որտեղ իրավունքը գերիշխող դիրք ունի։ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են կայունության պահպանումը, խաղաղության ապահովումը և եղբայրական կապերի ամրապնդումը։ Էժան բանավեճերը մենք չեն հետաքրքրում։
Այսօր Թուրքիան մի երկիր է, որը թելադրում է իր սեփական խաղի կանոնները՝ թե՛ երկրի ներսում, թե՛ տարածաշրջանում, և ուրիշների կարծիքին ուշադրություն չի դարձնում։ Մենք այդ նպատակներին հասնում ենք գրոսմայստերի սառնասրտությամբ։ Ոչ ոք չի կարող խանգարել մեզ հասնել մեր նպատակներին»,- Անկարայում Արտաքին գործերի նախարարության նոր համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նշել է, որ «Թուրքիան դժվարին ժամանակներում բարյացակամ է վարվում» այլ երկրների հետ։ «Մենք օգնության ձեռք ենք մեկնել մեր բարեկամներին ու եղբայրներին, երբ նրանք դժվարության մեջ են եղել, օգնել ենք նրանց ամրապնդել իրենց պաշտպանությունը և ամեն կերպ աջակցել ենք նրանց իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու ջանքերում: Նույն սկզբունքային դիրքորոշումը կպահպանենք նաև ապագայում»,- հավելել է նա։
Անդարդառնալով Գազայում ստեղծված իրավիճակի թեմային՝ Էրդողանը նշել է, որ «ոչ ոք չի կարող Թուրքիային խանգարել աջակցելու Իսրայելի դաժան հարձակումների ենթարկվող Գազայի ճնշված ժողովրդին»:
«Ահաբեկչությունն ու կոտորածները փակուղի են, որը մեր տարածաշրջանը պատանդ է պահում: Եվ տարածաշրջանը վաղ թե ուշ դուրս կգա դրանից: Նրանք, ովքեր բարբարոսաբար են գործում, կխեղդվեն իրենց թափած արյան ծովում»,- հայտարարել է Էրդողանը։