
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է

Թուրքիայի Բուրսա քաղաքի մոտ գտնվող Ջումալըքըզըք գյուղում է գտնվում աշխարհի ամենանեղ փողոցներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60-70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։ Այս յուրահատուկ վայրն այսօր զբոսաշրջիկների և լուսանկարիչների սիրելի կանգառներից է։
Փողոցը կոչվում է «Ջինարալըղը»։ Այս անվան հետ կապված մի լեգենդ է պահպանվել այդ գյուղում։ Ասում են՝ թուրքական «Անկախության պատերազմի» տարիներին հունական զորքերը գյուղացիներին հավաքել են մզկիթում, որպեզի ողջ-ողջ հրկիզեն։ Սակայն մարդիկ կարողացել են փախչել ու այս նեղ փողոցով հասնել թուրքական զորքերի դիրքերը։
Երբ հույները հասել են նրբանցքի մուտքին, կարծել են, թե այն փակուղի է, և ապշած ասել՝ «Մարդ այստեղից չի կարող անցնել, սա միայն չարքերի գործը կարող է լինել»։ Այդ խոսքերից հետո փողոցն անվանվել է «Ջինարալըղը», որը թարգմանաբար նշանակում է «չարքերի նրբանցք»։