Բաժիններ՝

Հնագույն վիշապաքարերի ուսումնասիրության մասին հայ գիտնականների նոր հոդվածը հրապարակվել է միջազգային հեղինակավոր ամսագրում

Գիտնականներ Վահագն Գուրզադյանի և Արսեն Բոբոխյանի հեղինակած «Վիշապաքարերը որպես Հայկական լեռնաշխարհի պաշտամունքային նախապատմական հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնություն» վերնագրով հոդվածը հրապարակվել է ազդեցության բարձր գործակից ունեցող «Nature Partner Journals – Heritage Science» սկոպուսյան ամսագրում: Այս մասին հայտնել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվության և հանրային կապերի բաժինը:

Հոդվածում ներկայացված են վիշապաքարերի չափերի և տեղադրման բարձրության բաշխումների վերաբերյալ հեղինակների կատարած առաջին վիճակագրական վերլուծության արդյունքները:

Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը, որի հետազոտությունները նվիրված են աստղագիտական տվյալներին և պատմական ժամանակագրություններին, անդրադարձել է ջրի հնագույն պաշտամունքին վիշապաքարերի առնչությանը:

«Արդյունքները հաստատում են վարկածը, որ վիշապները սերտորեն կապված են եղել ջրի հնագույն պաշտամունքի հետ, քանի որ հիմնականում տեղակայված են ջրի բարձրլեռնային աղբյուրների մոտ և գտնվում են նախապատմական ոռոգման համակարգերին կից: Ավելին, դրանց բարձրությունների անսպասելի բի-մոդալ (կրկնակի էքստրեմումով) բաշխումը ենթադրում է տեղադրման հատուկ ձևեր՝ կապված մարդկային սեզոնային գործունեության և պաշտամունքային սովորույթների հետ»,- նշել է նա:

Վերջին տասնամյակում վիշապաքարերին նվիրված լայնածավալ հետազոտություններ ղեկավարած ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանն էլ նշել է. «Հետազոտությունը նպաստում է վիշապ կոթողների խորհրդանշական և ֆունկցիոնալ նշանակության ավելի խորը ըմբռնմանը՝ նախապատմական սոցիալական և կրոնական համակարգերի համատեքստում»:

Հետազոտությունն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հովանավորած «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հետազոտական նախագծի շրջանակներում։

Վիշապաքարերը ձկնակերպ, ցլակերպ կամ ձկնացլակերպ պաշտամունքային հուշարձաններ են, որոնք հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում։ Այս քարակոթողները հայտնաբերվել են Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափերին, Ճորոխ գետի ավազանում և այլուր։ Կերտվել են միակտոր քարից և սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։

Այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող հնագույն աստվածությունների խորհրդանիշեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս