Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը` ՀԱԿ վարչության նիստում. ավելի նվաստացուցիչ, քան Բաթումի պայմանագիրը
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) սեպտեմբերի 7-ին վարչության նիստ է հրավիրել, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստին Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն ամբողջությամբ ներկայացված է ստորև.
Ես վարում եմ միայն (ՀԱԿ) հանրապետական խորհրդի նիստերը, բայց հիմա մի այնպիսի լուրջ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանում, որ կուշանար: Պետք էր այսօր ինչ-որ գնահատականներ տրվեին դրան: Խոսքը, իհարկե, Հայաստանի կողմից Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու որոշման մասին է: Բայց մինչև նյութին անդրադառնալը կուզենայի մի քանի դիտարկումներ անել։
Այսօր մեզ համար,- քանի որ մենք կուսակցական ժողով ենք անում, մենք հենց այս խնդիրներից պետք է առաջնորդվենք, այն խնդիրներից, որոնք մեզ են վերաբերում,- ես մի վտանգ եմ տեսնում. վերջին շրջանում, շատ լավ գիտեք, փորձում էին Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես լայնախոհ, արևմտամետ գործիչ, իսկ մեզ խավարամիտ ռուսամետներ: Հիմա՝ Սերժ Սարգսյանի այս 180-տոկոսանոց շրջադարձից հետո, ես ձեզ հավատացնում եմ, վստահ եղեք, նույն այդ մարդիկ մեզ փորձելու են հակառակ պիտակը՝ հակառուսի պիտակը փակցնել:
Ես այստեղ իսկապես լուրջ վտանգ եմ տեսնում: Ես բազմիցս եմ ասել, որ մենք ոչ ռուսամետ ենք եղել, ոչ ամերիկամետ: Մենք ուրիշ սկզբունք ենք դավանում՝ փորձել չլինել հակառուս և հակարևմտյան: Սա է եղել մեր սկզբունքը: Բայց սկզբունքը՝ սկզբունք, բանականությունը՝ բանականություն, ռացիոնալիզմը՝ ռացիոնալիզմ, քարոզչության կանոնները բոլորովին ուրիշ են, և նրանք մի կողմ են դնելու այս բոլոր փաստարկները և ասելու են իրենց ուզածը: Հետևաբար մենք, գոնե մենք մեր կողմից առիթ չպետք է տանք այս պիտակը հաստատելու համար:
Մեզանից բան չի պահանջվում: Ո՛չ պիտի քծնենք Ռուսաստանին, ո՛չ գովաբանենք՝ ասենք միակ ընտրությունն է և այլն և, այլն, այլ պարզապես չպիտի հայհոյենք Ռուսաստանին: Կուսակցական մարմինների և կուսակցական ղեկավար գործիչների մակարդակով մենք որևէ վիրավորական արտահայտություն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ռուս ժողովրդի, ո՛չ էլ Պուտինի հասցեին չպիտի թույլ տանք: «Ռուսի սապոգ», «ռուսական արջ» և նման տիպի այլ արտահայտություններ տեղ չպիտի ունենան մեր հրապարակային բառապաշարում: Այդպիսի արտահայտությունները կարող են թույլ տալ լրագրողները, դիսիդենտները, դա իրենց գործն է:
Մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե մարգինալ, անպատասխանատու տարր ենք,- խնդրում եմ ուշադրություն դարձրեք, լուրջ բան եմ ասում,- այլ իշխանության այլընտրանք հանդիսացող ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, որը արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում պետք է գործի պետական պատասխանատվության գիտակցությամբ, այսինքն այնպես, ինչպես եթե իշխանություն լինեինք:
Կրկնում եմ՝ մենք այսպիսի դերակատարության հավակնություն ունեցող քաղաքական ուժ ենք, հետևաբար պետք է գործենք այդ դիրքին պատշաճ և ոչ թե որպես դիսիդենտ, որը լրիվ ազատ է իր հրապարակային արտահայտություններում, և նրա կոչումն է ասել այն, ինչ ուզում է: Ի դեպ, դիսիդենտի վիճակը ամենանախանձելին է, ամենաշահավետը, որովհետև նա ասում է այն, ինչ մտածում է, միշտ կարող է ներկայանալ որպես ամենաանաչառ մարդ՝ քաջ, հերոս: Բայց երբ նույն դիսիդենտը անցնում է պետական ծառայության, պետական պաշտոնի, նույն՝ Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան և այլն- նրանք անմիջապես փոխեցին իրենց ֆրազեոլոգիան: Նրանք ստիպված էին արդեն ենթարկվել պետությունների հարաբերություններին կամ միջազգային քաղաքականության նորմերին: Այստեղ պախարակելի բան չկա: Կա՛մ մարդը պետք է դիսիդենտ մնար և շարունակեր նույն բանը անել, կա՛մ էլ եթե արդեն դարձել է պետական գործիչ, պետք է ենթարկվի այդ կանոններին:
Ի դեպ, այս ողջ ասվածը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև ցանկացած երկրի: Մենք ոչ մի երկրի, կրկնում եմ՝ աշխարհի ոչ մի երկրի, ոչ մի ժողովրդի, ոչ մի պետության ղեկավարի հասցեին վիրավորական, արհամարհական կամ ծաղրական արտահայտություններ թույլ տալու իրավունք չունենք՝ լինի Պուտինը, Էրդողանը, թե Ալիևը: Ինչու. որովհետև մենք պետություն ենք, նրանք պետությունների ղեկավարներ են: Անկախ այն բանից՝ այսօր ինչպիսի հարաբերություններ են, ինչպիսի հակասություններ և այլն, դրանք վերջիվերջո լինելու են մեր պարտնյորները անգամ այդ հակասությունները լուծելու համար: Օտարամոլությունը և այլատյացությունը մեր օրակարգում և մեր մտածողության մեջ տեղ չպետք է ունենան: Կարող ես մի ժողովրդի, մի երկրի կամ մի մշակույթ համակրել, նույնիսկ՝ սիրել, բնական է, որովհետև բոլորս էլ այդպես ենք: Բայց դա չի նշանակում, որ մյուսներին պետք է ատես: Եթե ոչ լեզվաբանորեն, ապա տրամաբանության մակարդակում կամ հարաբերությունների մակարդակում սիրելու հականիշը ինձ համար հաստատաբար ատելը չէ, այլ չսիրելը: Ինչպես կյանքում, երբ մեկին սիրում ես, չի նշանակում, որ մյուսներին ատում ես: Նույնը պետք է լինի նաև երկրների և ժողովուրդների պարագայում:
Կարող եք հակաճառել, թե այդ ինչպես է, որ այս ամենը ասելով՝ ես մոռանում եմ նշել, որ 1988թ. Ղարաբաղ կոմիտեն և՛ քննադատում, և՛ վիրավորում, և՛ նույնիսկ ծաղրուծանակի էր ենթարկում թե՛ Ռուսաստանին, թե՛ Գորբաչովին: Նախ՝ մենք պայքարել ենք ոչ թե Ռուսաստանի, այլ Սովետական Միության դեմ և երբեք որևէ վիրավորանք չենք հասցրել Ռուսաստանին կամ ռուս ժողովրդին: Չկա այդպիսի բան: Պատահական հռետորներ ինչ-որ բաներ հարթակում ասել են, և մենք անմիջապես այդ բաները կանխել ենք։ Նույնիսկ՝Ադրբեջանի հասցեին: Այդ թունդ կոնֆլիկտի ժամանակ Ադրբեջանի, Ադրբեջանի ժողովրդի հասցեին արվել են վիրավորական արտահայտություններ, մենք դա կանխել ենք հարթակում: Ավելին, հայ-ռուսական հարաբերությունների թեմայով,- մեզ այն ժամանակ էլ ուզում էին հակառուսի պիտակ հագցնել, դա Կոմկուսի ամենահզոր փաստաթուղթն էր,- ես այդ թեմայով հատուկ ընդարձակ ելույթ եմ ունեցել 88-ի հանրահավաքներից մեկում, որը տպագրված է իմ ընտրանիում: Կարող եք տեսնել, շատ այժմեական է, ի դեպ:
Ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և մերձբալթյան երկրների՝ մենք թույլ չտվեցինք, որ հակասովետականությունը վերածվի հակառուսականության: Սա մեր մեծագույն նվաճումն էր, և մեր պետականության կայացման կարևորագույն գործոններից մեկը: Մենք դրանից հսկայական օգուտներ ունեցանք ԱՊՀ-ի ձևավորման շրջանում, Ղարաբաղյան կոնֆլիկտի, պատերազմի ամենածանր շրջանում: Այդ նվաճումները պատահական չէին:
Ինչ վերաբերում է Գորբաչովին, ապա՝ այո, մենք նրանք թե՛ վիրավորել, թե՛ դատապարտել, ծաղրել ու հեգնել ենք, բայց դա միայն այն պատճառով, որ նա եղել է ոչ թե մեր գործընկերը կամ պոտենցիալ գործընկերը, այլ հակառակորդը կամ թշնամին՝ Սումգայիթն է կազմակերպել կամ գոնե պարտակել, Ղարաբաղի հարցում այդպիսի դաժան վերաբերմունք ցուցաբերեց, տարիներ շարունակ արտակարգ դրություն և պարետային ժամ մտցրեց Ղարաբաղում, հետագայում էլ՝ ձերբակալություններ և այլն, և այլն: Շատ բնական էր, որ մենք այդպես էլ պետք է վերաբերվեինք: Մինչդեռ մենք էլի քաղաքակիրթ լեզվով էինք այս ամենն ասում: Ժողովուրդը՝ շատ ավելի. գիտեք՝ ինչեր էր ասում:
Այսօր բոլորովին տարբեր վիճակ է՝ մենք ոչ մի երկրի հակառակորդ կամ թշնամի համարելու խնդիր չունենք: Բոլորի հետ մենք ուզում ենք գործընկերային հարաբերություններ հաստատել, և այդ պատճառով է, որ պետք է զերծ մնանք վիրավորանքներից:
Մաքսային միությանը միանալու մասին
Հիմա՝ բուն կատարվածի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին:
Սերժ Սարգսյանն ու Հայաստանի իշխանությունները այդ քայլը այսօր հիմնավորում են երկու փաստարկով. առաջին, որ Մաքսային միությանը միանալը չի նշանակում հրաժարում եվրոինտեգրումից, երկրորդ, որ Մաքսային միությանը միանալը բացատրվում է Ղարաբաղի անվտանգության նկատառումով: Սրանք են: Չգիտեմ՝ ուրիշ բաներ ասում են, թե ոչ, գլխավոր փաստարկները սրանք են: Բացատրեմ:
Առաջին կետը ընդամենը դեմքը փրկելու և ներկայիս բողոքի ալիքը մեղմելու համար է՝ մտածելով, որ հեսա մեկ երկու ամիս հետո կանցնի, և ամեն ինչ իր տեղը կընկի, ոչ մեկի վեջը չի լինի արդեն սրա մասին խոսել, ինչպես եղավ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում, այդ առաջին հակազդեցություններից հետո և այլն, և այլն: Էլեմենտար բլեֆ է, և ինչպես նշեցի, միայն սրանով է բացատրվում:
Երկրորդ փաստարկն էլ բացարձակ անմեղսունակության արդյունք է, որովհետև եվրոինտեգրման պարագայում կամ Եվրոպայի հետ այս խաղերի մեջ մտնելու պարագայում Ղարաբաղին սպառնացող վտանգը Սերժը պիտի գիտակցեր ոչ թե հիմա, այլ իր քաղաքական ավանտյուրան սկսելուց առաջ:
Հիմա՝ Եվրոպայի արձագանքների մասին: Դուք ծանոթ եք: Չգիտեմ ինչ կարծիք ունեք, իմ կարծիքով՝ Եվրոպայի, Եվրամիության արձագանքը բավականին մեղմ է, և վստահ եմ չի էլ կոշտանալու: Եթե ուշադրություն եք դարձրել՝ ավելի շատ դատապարտվում է Ռուսաստանը, քան Հայաստանը: Դա էլի Սառը պատերազմի իներցիան է: Բնական է՝ նույնը կաներ Ռուսաստանը… հիմա նույնը անում է Ռուսաստանը Սիրիայում Արևմուտքի գործողությունների նկատմամբ: Շատ բնական է:
Երկրորդ հանգամանքը կա՝ Եվրոպան նույնպես դեմքը փրկելու խնդիր ունի, որովհետև չորս տարի հավատացել են այս մարդուն, բանակցել են, բանի տեղ են դրել, խոստումներ և այլն շռայլել, գումարներ են տրամադրել և հանկարծ խաբվել են: Հիմա եթե սկսեն դատապարտել Սերժ Սարգսյանին, իրենք էլ են անհարմար վիճակի մեջ ընկնում: Իրենց սխալը չեն խոստովանում, թեև մենք նրանց վաղուց զգուշացրել ենք: Ես հիմա կխոսեմ դրա մասին: Շատ ենք ասել՝ դուք ում հետ եք բանակցում, ում հետ գործ ունեք, ինչպես կարող եք հավատալ մի մարդու խոսքի, որը ահա այսպիսի բաներ է կատարել Հայաստանում: Մի խոսքով, չեմ ուզում կրկնել: Դուք ձեր ուզածը չեք ստանալու: Ասել եմ՝ բաց: Նրանք մեզ կամ միամիտի տեղ էին դնում, դա քիչ էր՝ նույնիսկ սկսեցին թշնամաբար վերաբերվել, որ մենք խանգարում ենք իրենց ծրագրերին: Թեև այսօր, ինձ թվում է, նրանք պետք է զղջան և պարկեշտ լինելու դեպքում մեզանից ներողություն էլ պետք է խնդրեն, որովհետև մենք զգուշացրել էինք այս բաների մասին:
Եվ մի բան էլ,- բացի մեղմ վերաբերվելուց, բացի Ռուսաստանին դատապարելուց, բացի իրենց դեմքը փրկելու այս միտումից,- մի պրագմատիկ մոտեցում էլ կա Եվրոպայի կողմից՝ ինչ էլ լինի, նրանք չեն ուզելու կամուրջները այրել Հայաստանի հետ և չեն հրաժարվելու Հայաստանի հետ համագործակցելուց: Գուցե մասշտաբները փոքրանան, այն ծրագրերը, որոնք նախատեսված էին Ասոցացման պայմանագրին անդամակցելու դեպքում, իհարկե չեն իրականանա, ավելի փոքր [կլինեն]: Չեն հրաժարվի Հայաստանի իշխանություններին սիրաշահելուց, չեն ընդունի իրենց սխալը, որ Հայաստանի ղեկավարության հարցում իրենք սխալվել են՝ հույս ունենալով, որ լա՛վ, բան է՝ պատահել է, ինչ որ այսօր չհաջողվեց, գուցե մի օր հաջողվի, ուստի պետք չէ նեղացնել Հայաստանի իշխանություններին:
Այստեղ մի հարց էլ կա, որը վերաբերում է անձի, ուղղակի՝ Ֆյուլեին, որը Եվրամիության ընդլայնման հարցերով նախարարն է, և փաստորեն 3.5 տարի այս գործը համարել է իր կյանքի խնդիրը: Բնական է՝ եվրոբյուրոկրատ, պիտի ցույց տար Եվրոպային՝ տեսեք ինչպիսի նվաճման հասավ, քանի երկիր պոկեց Ռուսաստանից, ստեղծեց մի բուֆերային գոտի Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Հիմա Հայաստանի հարցում Ֆյուլեի համար սա նաև անձնական ձախողում է:
Ի դեպ մի հուշ պատմեմ, ես Ֆյուլեի հետ բավական լուրջ խոսակցություն եմ ունեցել: Մի տարի առաջ էր կարծեմ, եթե չեմ սխալվում՝ Արամն էլ կար, Լևոն Զուրաբյանը, Ավետիս դո՞ւ էլ [պատասխանում է՝ այո] կարծեմ խորհրդարանական ընտրություններից հետո էր [առաջ՝ ուղղում է նստածներից մեկը]: Ինչ որ է: Ես այս ամեն ինչն իրեն ասել եմ: Ֆյուլեն կտրուկ ասաց՝ դուք սխալվում եք: Ես էլ ասացի, որ ձեր համառության մեջ տեսնում եմ մի բան, որ ձեզ ձեռ են տալիս այս իշխանությունները՝ ձեր գեոպոլիտիկ շահերից ելնելով, և ձեզ ձեռ են տալիս, որ նրանք լինեն ոչ դեմոկրատ, կոռումպացված, կառավարելի և այլն: Շատ նեղացավ, կարմրեց: Ինչ որ է: Բաժանվելիս ես նրան ասացի՝ ես վստահ եմ, որ կանցնի որոշ ժամանակ, դու կհամոզվես, որ ես ճիշտ էի: Դե հիմա արդեն թող ինքը որոշի՝ կընդունի, թե չի ընդունի:
Ի՞նչ պետք է աներ Սերժը
Լավ, այս ամեն ինչը ասելուց հիմա մեզ մոտ հարց է ծագում՝ ի՞նչ պետք է աներ Սերժը: Կամ Հայաստանի որևէ այլ նախագահ՝ այսպիսի վիճակում: Շատ պարզ բան պիտի աներ՝Ասոցացման առաջարկը ստանալուն պես նա պետք է հանդիպեր Պուտինին և ասեր, անմիջապես, երբ ստացավ, պետք է հանդիպեր մեր գործընկերոջը՝ ԱՊՀ մեր գործընկերն է, նույն միջազգային կազմակերպության մեջ ենք, պարտավոր էր նույնիսկ հանդիպել Պուտինին և ասել՝ ահա Եվրոպան մեզ սա է առաջարկում, դո՛ւք ինչ կարող եք առաջարկել դրա փոխարեն։ Սա բնական գործընկերային, դիվանագիտական պարտավորություն է: Եվ եթե արդյունքը միևնույն է՝ կրկին լիներ Մաքսային միությանն անդամակցելը, միևնույն է, ասում եմ, ապա այս դեպքում դա կլիներ արժանապատիվ և շատ ավելի շահավետ պարտնյորություն, և Հայաստանը Ռուսաստանից անհամեմատ ավելի շատ բան կստանար, քան ստանալու է այսպիսի նվաստացած վիճակում: Հասկանո՞ւմ եք՝ որն է տարբերությունը:
Ես ուզում եմ սա լուսաբանելու համար մի քանի օրինակ բերել իմ փորձից: 1992թ., երբ ձևակերպվեց ԱՊՀ տնտեսական համագործակցության ծրագիրը, թեև Խորհրդային Միությունը չկար, ժամանակի պրոֆեսիոնալները, տնտեսագետներն էին կազմել: Ես հրավիրեցի ԱՄՆ դեսպան Գիլմորին և նրան տվեցի այդ նախագիծը: Դա դեռ փակ՝ չհրապարակված նախագիծ էր: Տվեցի և խնդրեցի տալ իր ամերիկյան փորձագետներին և տեսնել, թե այդ համաձայնագիրը որքանով է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը, և կամ մենք որևէ այլընտրանք ունենք, թե ոչ, թե պիտի գնանք այս ճանապարհով: Հուզված էր, շատ ազդվեց, տարավ, և մի շաբաթ հետո պատասխան ստացանք ԱՄՆ կառավարության կողմից, որ իրենք լուրջ ուսումնասիրել են այդ ծրագիրը, և որ այն Հայաստանի ինքնիշխանության համար որևէ վտանգ չի ներկայացնում:
Մի ուրիշ դեպք՝ արդեն հակառակ կողմից: 1994թ. իմ և Միտերանի միջև ստորագրվեց հայ-ֆրանսիական ընդարձակ պայմանագիրը: Երբ նախագիծը պատրաստ էր, ես ուղարկեցի Ռուսաստանի ԱԳՆ: Մենք նաև ԱՊՀ կանոնադրությամբ պարտավոր էինք միջազգային քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ մշտական կոնսուլտացիաների մեջ լինել: Ես ուղարկեցի նախագիծը, նրանք էլ շատ ազդվեցին, և Ելցինի ու Կոզիրևի կողմից շնորհակալություն հայտնեցին, նրանք ասացին՝ ոչ մի առարկություն չունեն, Ռուսաստանի շահերին բացարձակապես չի հակասում այդ պայմանագիրը: Հայաստանը կամ ես ոչինչ չկորցրցինք դրանից: Բայց շահեցինք երկու կողմերի վստահությունը։ Սա քիչ բան չէ, քիչ կրեդիտ չէ միջազգային հարաբերություններում, երբ որ պարտնյորի խոսքին հավատում են:
Սա միակողմանի չէ: Չմտածեք, թե միայն ես էի այդպիսի բաներ անում: Ելցինը, երբ որ գնում էր Յոթնյակի գագաթաժողովներին, նա դիմում էր մեզ՝ ԱՊՀ երկրների նախագահներին և խնդրում ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կարող էր մտցնել իր ելույթի մեջ, որովհետև Ելցինը, լինելով ԱՊՀ գործող նախագահ, պետք է նաև Յոթնյակի գագաթաժողովում ներկայացներ ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՊՀ-ն: Պարտադիր կերպով՝ այդպիսի արժանապատիվ, այդպիսի փոխվստահության մթնոլորտ կար: Ասեմ մեկ երկու առաջարկ, որ խնդրել էր, որ ես ձևակերպել եմ, ուղղակի մտել էր իր ելույթների մեջ:
Ուրեմն՝ Սերժը սա պիտի աներ։ Սա էլեմենտար բան է: Այսինքն Սերժ Սարգսյանը պետք է եվրոինտեգրացման պարագայում գիտակցեր Ղարաբաղին սպառնացող վտանգը, և եթե անգամ Ռուսաստանի հետ ընկերութոյւնը չարիք էր համարում, ինքը կնախընտրեր Եվրոպայի հետ միանալ, բայց ստիպված էր դա ընտրել, ապա պիտի ընտրեր չարյաց փոքրագույնը՝ ի սկզբանե, ոչ թե ծեծվելուց, ջարդվելուց, նվաստանալուց հետո։ Պետք է առաջնորդվեր էլեմենտար քաղաքական մի սկզբունքով, որը կոչվում է damage control: Սա քաղաքականության այբուբենն է, նշանակում է վնասների վերահսկում: Այսինքն՝ պիտի ընդունես այնպիսի որոշումներ, պիտի անես այնպիսի քայլեր, որ վնասները նվազագույնի հասցնես: Ուրիշ բան չի պահանջվում որևէ պետական գործչից:
Հետևանքների մասին
Արդեն անցնում եմ հետևանքներին: Մաքսային միությանը միանալու հայտարարություն անելուց հետո Սերժ Սարգսյանն ասաց, որ սա ռացիոնալ որոշում է։ Թվում է՝ հանճարեղ միտք է: Ինչ է նշանակում ռացիոնալ: Սա որակում չէ, քաղաքական և պետական գործչի ցանկացած որոշում և ցանկացած քայլ պետք է ռացիոնալ լինի: Եթե այդպիսի որոշում ես կայացրել, պետք է ներկայացնես, որ ճիշտ, հրաշալի կամ հաղթական որոշում ես կայացրել: Ավելին, Մոսկվայից վերադառնալուց հետո, Սերժը, որ համարում է՝ ճիշտ որոշում է կայացրել, պետք է անմիջապես դիմեր ժողովրդին և ասեր՝ ես տարիներ շարունակ բանակցեցի ԵՄ-ի և Ռուսաստանի հետ, ի վերջո եկա այն եզրակացության՝ ծանրութեթև անելուց հետո, բոլոր պլյուսներն ու մինուսները հաշվի առնելուց հետո, որ մեզ համար լավագույն տարբերակը Մաքսային միությունն է, և դա իր կարծիքով՝ պետք է դիտվի որպես մեծագույն հաղթանակ, ու ժողովուրդը պետք է ցնծա, ինչպես ցնծում էին Բուլղարիան, Ռումինիան, մերձբալթյան երկրները, երբ նրանք միացան ԵՄ-ին: Շաբաթներով տոնակատարություններ էին, իսկ այստեղ սուգի մթնոլորտ էլ:
Այս բացը, եթե ուշադիր եք, փորձում են լրացնել իշխանական քարոզչության մարմինները, որ սա լավ որոշում է և այլն, և այլն: Բայց գնացքն արդեն անցել է ինչպես ասում են: Սա հետին թվով իրենց սխալն ուղղելու խեղճուկրակ փորձ է:
Ընդհանուր առմամբ՝ բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ ամոթալի, նվաստացուցիչ բան է կատարվել: Անկախ այն բանից,- Մաքսային միությունը գուցե լավ էլ բան է,- անկախ այս ամենից մարդիկ իրենց նվաստացած են զգում, որ մեր երկիրը կամ մեր Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնողը կամ գործող նախագահը այսպիսի նվաստացուցիչ վիճակի մեջ է հայտնվել: Այս ձախորդ քայլը, ես պատմաբան լինելով՝ կարծում եմ, որ նույնիսկ ավելի նվաստացուցիչ է, քան 1918թ. Բաթումի պայմանագիրը: Ինչու. որովհետև այն ժամանակ դեռ Հայաստան չկար, Կովկասյան սեյմ էր, ռուսական զորքերը լքել էին ճակատը, կովկասյան զորքերը ինչ-որ մի կերպ փորձում էին այդ ճեղքերը փակել, այնտեղ վրացական և ադրբեջանական իշխանությունները կամ գործիչները ինչ-որ դավեր էին նյութում և այլն, և այլն: Փորձեցին, ամեն ինչ արեցին այդ սահմանները պաշտպանել, չկարողացան, ստիպված գնացին Բաթումի պայմանագիրը ստորագրեցին: Պատերազմում պարտված կողմ էիր, թեկուզ ոչ որպես Հայաստան, այլ որպես Սեյմ, բայց այլընտրանք չկար:
Ավելին՝ Սերժի քայլը չի կարելի համեմատել անգամ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ, որովհետև այն դեպքում Սերժը դա նախաձեռնել էր կամավոր կերպով՝ ոչ ոք նրան չէր ստիպել: Կոնկրետ հաշվարկներ էր կատարել: Եթե սխալվեց, դրանք իր սխալներն են: Իսկ այս պարագայում՝ Մաքսային միությանը միանում է ոչ թե հավասար պարտնյորի, այլ նվաստացած ու ծեծված մուրացիկի վիճակում:
Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանալու անգամ ինչ-որ պայմաններ առաջարկել Ռուսաստանին կամ թեկուզ վիճարկել վերջինիս առաջարկած պայմանները, ու ստիպված է բավարարվել այնքանով, որքան Ռուսաստանը կբարեհաճի տալ կամ շնորհել իրեն: Ահա սա է ցավալին: Եթե նույնիսկ Մաքսային միությանը միանալը այսքան անխուսափելի էր, դա կարելի էր անել այնպես, որ Հայաստանը ստանար առավելագույն բարիքները:
Մի քանի խոսք էլ բուն Մաքսային միության էության կամ բովանդակության մասին: Նախևառաջ ասեմ, որ սա իմ խնդիրը չէ, ես պրոֆեսիոնալ առումով չեմ կարող խոսել այս մասին, որովհետև այն նախևառաջ պետք է ուսումնասիրեն տնտեսագետները: Պրոֆեսինոալ, լուրջ տնտեսագետների խնդիրն է պարզել, հաշվարկել այդ պայմանագրով Հայաստանի համար բացվող հնարավորություները և Հայաստանի առջև դրվող սահմանափակումները: Սա լուրջ պետք է ծանրութեթև արվի: Մինչև չարվի, ես որևէ գնահատական չեմ կարող տալ:
Ինչ վերաբերում է այդ միության քաղաքական բաղադրիչին, ապա պարզ է մի բան, որ բոլոր տնտեսական համագործակցությունները վաղ թե ուշ միևնույն է վերածվում են քաղաքական համագործակցության: Եվրամիությունն էլ սկիզբ առավ որպես տնտեսական համագործակցություն, իսկ այսօր դարձել է քաղաքական միավոր՝ գերտերություն՝ հավասար Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին: Ուրիշ գերտերություն չկա:
Տեքստի սղագրությունը, խմբագրումը և վերնագրային բաժանումները՝ ՍիվիլՆեթի: