
Ազգն այն է, ինչ դավանում է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ազգն այն է, ինչ դավանում է:
Այսինքն՝ ազգի բնութագրիչը լավագույնս տրվում է իր արժեհամակարգի միջոցով, անկախ նրանից, թե այդ դավանանքի հիմքում ինչ է՝ Աստված, Հայրենիք, հարստություն, վայելքներ, փառք և այլն:
Նորից կրկնեմ այն աքսիոմատիկ պնդումը, որ քաղաքականությունը և բարոյականությունը շաղկապված ֆենոմեններ են:
Դեռևս Դոստոևսկին էր գրում, որ եթե Աստված չկա, ապա թույլատրելի է ամեն ինչ:
Ազգերի պարագայում թույլ տվեք պնդել, որ եթե ազգը չունի Աստված, ապա այդ ազգի հետ կարելի է անել ամեն ինչ:
Մեր ազգի էլեմենտար միավորը, նրա ատոմը Հայ Մարդն է, որի երկու բաղադրիչներում էլ՝ Հայ և Մարդ, հազարամյակների ընթացքում իր արմատներն է գցել քրիստոնեությունը:
Վտանգավոր են ոչ թե այլ Աստված դավանող, այլ անաստված մարդիկ:
Խղճի ազատությունը չի կարող վերածվել ազատությանը՝ խղճից:
Դեռևս Մաքիավելին էր շեշտում, որ «պետությունը պետք է կրոնականություն ունենա, որպեսզի միասնական լինի և բարի»:
Խիզախություն է հարկավոր որոշ արժեքներ առաջնային, կարևորագույն, կենսական համարելու համար:
Առանց դրա հնարավոր չէ դուրս գալ տիղմից, փրկվել մեզ իր գարշահոտ երախը ներծծող ճահճից: Հնարավոր չէ ցատկել՝ առանց ոտքերի տակ զգալու սեփական հողը, առանց հենման կետի:
Բարոյական նիհիլիզմը, որով մեզ վարակել են, մահաբեր հիվանդություն է, որը, սակայն, հնարավոր է բուժել:
Այո, պետությունը պատկանում է ժողովրդին, բայց մարդկանց կամայական զանգված ժողովուրդ չէ, եթե միավորված չէ ոչ միայն շահերի ընդհանրությամբ, այլև, եթե սոսնձված չէ բարու և չարի, ճիշտ ու սխալի մասին ընդհանուր պատկերացումներով:
(Հատվածներ PostNikol իմ բանտային հոդվածաշարից)