
Հայկականության քելեխի վերջին խոհարարը

Նախօրեին Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը, որն արդեն իսկ հասցրել է արժանանալ ծաղրի, հեգնանքի ու հայհոյանքի։
Դրանք բոլորը տեղին են, բայց գործնականում դիսֆունկցիոնալ։ Ինչպես որ վերջին մի քանի տարիներին, հատկապես 2020թ․ պատերազմից հետո իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին հղված բոլոր հայհոյանքները, պիտակավորումներն ու ծաղրը։ Այդ ամենը լինելով միանգամայն տեղին, իրականում ունեցել է դիսֆունկցիոնալ նշանակություն, այն դեպքում, երբ Փաշինյանի անգամ ամենասատանայական գործողությունը ծառայել է կոնկրետ, հաշվելի ու չափելի աղետալի նպատակի։
Մինչդեռ Փաշինյանը, թեկուզև բացասական նշանով, բայց իր նպատակների տեսանկյունից ամբողջությամբ ֆունկցիոնալ է։ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը, անգամ անվանման մեջ պարունակելով տիեզերական մասշտաբի անհեթեթություն, միևնույն ժամանակ լուծում է շատ կոնկրետ խնդիրներ, որոնք կարող են դառնալ փաշինյանական ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ։
2020թ․ 44-օրյա պատերազմում ու դրանից հետո Հայաստանի իշխանությունը կա՛մ անգործությամբ, կա՛մ դավաճանաբար թույլ է տվել հայկական կենսատարածքի ֆիզիկական կորուստը, որն ուղիղ չափելի է Ադրբեջանի ֆիզիկական ձեռքբերման հետ։ Բայց Ադրբեջանը չի սահմանափակվում միայն ֆիզիկական էքսպանսիայով, ու հիմա եկել է հայկականության, հայ ժողովրդի հոգևոր, զգայական դաշտ մուտք գործելու հերթը։ Հենց դա է անում Նիկոլ Փաշինյանն այդ տխրահռչակ հայեցակարգով՝ գործնականում իմպերատիվ հարթություն բերելով ամենայնը, ինչը կապված է հոգևորի, հուզականի, դրա ապրումի ու ներկայացման հետ։
Եվ կրկին, կարելի է հատիկ առ հատիկ, նախադասություն առ նախադասություն ծաղրել այդ հայեցակարգում գրվածը՝ սկսած նրանից, թե ինչպես կարող է տեղական տեսախցիկների առաջ բրդուճի հետ պատերազմողն ու այդ պատերազմում հակահիգիենիկ հաղթանակ ցուցադրողը խոսել գեղագիտությունից, վերջացրած նրանով, թե ինչպես կարող է միջազգային տեսախցիկների առաջ սեփական մարմնամասերի շարժումները կառավարել չկարողացողը պարտադրել վրեժի կառավարում, ու այդպես շարունակ։ Բայց դա նորից լինելու է լավագույն դեպքում արձանագրում ու գնահատում, առանց հազարամյա հայկականությունը մի քանի տարվա ընթացքում «ադրբեջանական գեղագիտությանը» համապատասխանեցնելու հրեշավոր ծրագիրը կանխելու կոնկրետ առաջարկի ու գործողությունների։
Արդյունքում, հայկական մշակույթի «զեյնաբացումը» դառնալու է իրողություն, իսկ դրան սպասարկող հայեցակարգի այսօրվա քննադատությունն ու ծաղրը՝ զուտ հիշողություն, լավագույն դեպքում՝ սրտի մխիթարանք, որը կարող է արտահայտվել Հայաստանից դուրս՝ նույն հայեցակարգով անգամ վշտի արտահայտությունը «Իրական Հայաստանի չափորոշիչներին» համապատասխանեցնելու պատճառով։
Նիկոլ Փաշինյանը սեփական կամ պատվիրված նախաձեռնությամբ հիմնահատակ փոխում է հայկականության ողջ հոգևոր կառույցը։ Դա նրան առայժմ հաջողվում է՝ ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև այն պատճառով, որ իր դեմ պայքարողների կամ իբրև թե պայքարողների մեծ մասը նույն հոգևոր, հուզական հարթությունում հաղթել են բարոյականության հետ պատերազմում։ Այնպես, ինչպես Փաշինյանն է բազմակի հաղթանակներ արձանագրել բրդուճների ու քյալլաների հետ անհավասար պայքարում և հիմա անցել է փոխաբերական իմաստով «համազգային քյալլա» ուտելու գործին։ Մի վերջին անգամ։
Հարություն Ավետիսյան