Հայաստանը դրսից են կառավարում. մանկուրտացնում են, ամեն ինչ անում են, որ հայությունը երբևիցե չկարողանա ոտքի կանգնել. Արծրուն Պեպանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այս իշխանությամբ չեմ հետաքրքրվում, առաջին դեմքի ասածներին չեմ հետևում, որովհետև վստահ եմ՝ դրսից սրանք բերվել են ինչ-որ հարցեր լուծելու համար։ Եթե ես ուզում եմ իմանալ՝ ինչ է լինելու մեզ հետ, ինչ են բերելու մեր գլխին, ես կարդում եմ Ալիևին, նայում եմ ադրբեջանական, միջազգային աղբյուրները…
  • 2018 թվականին Փաշինյանի արածը հեղափոխություն չէր, դա բեմականացում էր ինչ-ինչ նպատակների համար։
  • Եթե որևէ մեկին նշանակում են նախարար, նա բերում է այնպիսի փոխնախարարներ, որ իրենից լավը չլինեն, փոխնախարարները բերում են այնպիսի վարչության պետեր, որոնք իրենց հերթին էլ նրանցից լավը չեն լինի, և այդպես պետությունը թուլանում է։
  • Երկու տարի առաջ իմ համակիրներից մեկն ինձ ուղարկեց մասոնական օթյակի մասին որոշ նյութեր, որտեղ գրված էր՝ դեռ 2-րդ համաշխարհայինից առաջ Հայաստանի վերաբերյալ ծրագրեր են կազմվել, որը ճիշտ վերջին տարիների գործողությունների հաջորդականությունն է՝ իշխանափոխություն, հակառուսականություն, Արցախի կորուստ, պանթուրանական ճանապարհի տրամադրում։ Ես սկսեցի որոնել՝ արդյո՞ք ճիշտ է, և համացանցում գտա, որ 2013 թվականին՝ 2018թ.-ից 5 տարի առաջ, Ամերիկայում հեռարձակվող մի հայալեզու հաղորդման մեջ հաղորդավարը պատմում էր այն, ինչը հետո տեղի ունեցավ։ Մեր վերաբերյալ որոշումները փաստացի դրսերում՝ այլ երկրներում են կայացվում․ այս իշխանությունն այդ որոշումների հետ կապ չունի, նրանց հրահանգներն ու ցուցումներն են կատարում․ գլոբալ ուժերն են որոշում ամեն ինչ։

Կարդացեք նաև

 Արցախը տվեցին, որ պանթուրանական ճանապարհն անխոչընդոտ լինի։

  • Նպատակային կերպով ամեն ինչ անում են, որ հայությունը երբևիցե չկարողանա ոտքի կանգնել ու համախմբվել ու չկարողանա դիմակայել։ Այդ ուժերը նպատակ են դրել՝ կա՛մ մանկուրտացնել, կա՛մ այնպես անել, որ ազգակիր հատվածը հեռանա Հայաստանից։
  • Ես ուսումնասիրել եմ նացիստների պատմությունը․ Գեբելսը շատ մեծ դեր է ունեցել գերմացիներից հզոր ազգ կերտելու գործով, և եթե մենք հետագայում ուզում ենք ոտքի կանգնել ու հզորանալ, պետք է օգտվենք Գեբելսի տեսությունից։ Այս իշխանությունները Գեբելսի այդ տեխնոլոգիաները օգտագործում են այլ նպատակով, որպեսզի մի ամբողջ ազգի՝ հայ ազգին, դարձնեն նվաստացած, ստորացված ու անհույս։ Դա՛ են արել հայ ժողովրդի հետ։
  • Հատուկ տեխնոլոգիա է կիրառվում մեր ժողովրդի դեմ․ մեր ժողովուրդն այն չէ, ինչ հիմա կա։
  • Եկեղեցու դեմ գրոհից հետո որոշ դադար տվեցին, որովհետև զգացին՝ ժողովուրդը Եկեղեցու թեմայով գնաց ինքնակազմակերպման, իսկ դա իրենց պետք չէ։
  • Ստում են անդադար՝ հասարակության խեղված շերտերին ակտիվացնելու և ազգակիր հատվածին Հայաստանից հեռացնելու, դուրս մղելու համար։ Մենք համարժեք քայլեր չենք անում դա կանխելու համար։ 
  • Բոլորն անընդհատ խոսում են այս իշխանության մասին։ Դա անօգուտ զբաղմունք է։ Չպետք է սրանց անդրադառնալ, սրանց ասածները չպետք է մեկնաբանել:
  • Ի՞նչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը, ի՞նչ շերտեր կան նրա մեջ։ Ես դեռևս 90-ականներին էի բացահայտել, որ պրոբլեմ կա, հայ ժողովրդի մի ստվար հատված պետության ընկալում չունի։ 

Մեր ժողովրդի մեջ կան ազգային, համայնքային մտածող մարդիկ, ովքեր իրենց ընտանիքից բացի՝ մտածում են իրենց համայնքի, ազգի մասին։ Ժողովրդի այդ հատվածին ես կոչում եմ ազգակիրներ․ նրանք կազմում են ժողովրդի 10%-ը։ 20%-ը վատերն են, խորամանկ մարդիկ, ովքեր միայն մտածում են՝ ինչպես անեն, որ իրենք լավ ապրեն, բայց տաղանդ ունեն, կարողանում են համոզել, որ ազգակիր են։ Մեծ մասը՝ 70%-ը, կապկողներն են, ովքեր ընկնում են վատերի ազդեցության տակ։ Երբ այս համամասնությունը խախտվում է, ազգակիրների թիվը պակասում է, սրիկաներն իշխանություն են վերցնում։ Այսօր 60 000 ազգակիրներ կան, այնինչ պիտի լինեինք 250 000։ Հիմա մեր խնդիրը պետք է լինի՝ իմանալ՝ ով են նրանք, որտեղ են։ Մեր թիվ մեկ խնդիրը թույլ չտալն է, որ ազգակիրներն ուծացվեն։ Պետք է գտնենք իրար, մի կառույց ստեղծենք, որպեսզի միասին գտնենք ազգային վերելքի ուղին:

  • Բացի արտաքին ազդեցություններից, մենք մեզնով աղետի մեջ ենք։ Ես 1997թ․, երբ աղաղակում էի, որ մենք երկիրը կորցնելու ենք, այն ժամանակ արտաքին ազդեցություն չկար։ Նժդեհն ասում էր՝ այս ժողովրդին ախտորոշել ու բուժել է պետք։ Եթե մենք չունենք ամբողջական պատկերը, որևէ ծրագիր չի աշխատելու։
  • 2018թից հետո որոշ ուժեր, իմանալով, որ մենք մեզնով պրոբլեմ ենք, խորացրել են այն ու սրիկաներին բերել իշխանության։ 
  • Նախորդ երեք նախագահների օրոք ևս սրիկաներ կային, բայց խոսում էին մարդկանց հետ։ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, ինձ մի առիթով ասաց՝ պարոն Պեպանյան, ի՜նչ լավ գործ եք անում, ինչո՞վ օգնենք։ Հիմա չկա մարդ, ում կարող ես դիմել և խոսել այդ մասին։ 
  • Նայում ես այս իշխանություններին՝ դրսի ուժերը հատուկ սրիկաների են ընտրել։
  • Շախմատի նմանությամբ ասեմ՝ պատկերացրեք՝ հայկական քաղաքական դաշտը շախմատի տախտակ է, որի վրա բոլոր ֆիգուրները գնում են իրարից անկախ, առանձին, իսկ դիմացը գրոսմայստերներ են։ Առանց համակարգվելու հնարավոր չէ պայքարել մեզ աղետի հասցնող դրսի այդ ուժերի դեմ։
  • Մենք իշխանություն չունենք, մեր իշխանությունը դրսում է, դրսից են Հայաստանը կառավարում։ Մեզ պարզապես զբաղեցնում են՝ իրենց նպատակներին հասնելով։ Մենք գնում են սրբազանների դատին, տուն ենք գալիս, գիտենք՝ գործ ենք արել, բայց ոչինչ էլ չենք արել…
  • Մենք՝ ազգակիրներս, Հայաստան պետություն չունենք․մեզնից այն վերցրել են խորամանկ ձևով։ Մեր տարածքները տարել են, հանձնել են։ Սա մենք պիտի ընդունենք ու հասկանանք՝ ինչպես անենք, որ գոնե մեր նախկին տարածքների մի մասին տեր լինենք։ Այստեղ մնացել է մի փոքր բնակչություն, որին ամեն օր նվաստացնում են… Մենք բանակ չունենք, մենք ոչինչ չունենք, բայց ուզում ենք ինչ-որ բան ունենալ։
  • Ազգակիրներ ջան, եկեք իրար գտնենք, որպեսզի չգա ժամանակ ու 60 000-ը դառնա 1200, ու այլևս հնարավորություն չլինի դիմակայել։ Ազգային դաշտի քաղաքական գործիչներ ջան, այս պահի դրությամբ մեր խնդիրը դա է, կարող եք, օգնեք մեզ։

  • Մենք հարկադրված ենք պետություն սարքել։ Հիմա եթե դուք ասեք՝ ժամանակ չունենք, ես պիտի ասեմ՝ իսկ ի՞նչ ենք անում։ Ուրիշ երկրներն իրենց ազգակիրներով պետություն ստեղծել են, կա այդ փորձը, մենք էլ պիտի անենք։ Ասում են՝ ժամանակ չունենք, իսկ ինչի՞ ժամանակ ունեք։ 7 տարի է՝ պայքարում եք, իսկ ի՞նչ արդյունք ունեք։
  • Այս իրականությունը մի լավ բան ունի՝ պարզ երևում է՝ ով ով է։ Լիքը պոտենցիալ ունեցող մարդիկ կան, մենք պետք է նրանց պրոցեսի մեջ մտցնենք ու քարը քարի վրա դնենք, պետություն սարքենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս