Բաժիններ՝

«Նաիրիտի» շուրջ բանակցությունները տապալվե՞լ են

Հայաստանում ռուսական պատվիրակության այցի շրջանակներում «Նաիրիտ» գործարանի կառավարումը «Ռոսնեֆտ» ընկերությանը հանձնելու շուրջ նախատեսվող բանակցությունները տապալվել են: Ինչպես նախկինում նշել էր 168.am-ը, ռուսական նավթագազային հսկան պատրաստ է գործարանի համար վճարել 100 մլն դոլար, սակայն հրաժարվում է ստանձնել «Նաիրիտի» կուտակված վարկային պարտավորությունների բեռը: Գործարանի ընդհանուր պարտքը շուրջ 400 մլն դոլար է: ՀՀ կառավարությունը դեռևս ելք չի գտել այս իրավիճակից ու չի համաձայնում գործարանը ռուսներին հանձնել առանց պարտքի: 168.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական կողմից ժամանակ է խնդրել մինչև 2014 թ. հունվարի վերջ՝ հարցի լուծում գտնելու համար:

Ի դեպ, հունվարին, ըստ ամենայնի, կորոշվի նաև «Նաիրիտի» հարցով դատական վեճի ճակատագիրը: Երեկ Մոսկվայի արբիտրաժային դատարանը շարունակել է Rhinoville Property Limited ընկերության դեմ Միջպետական բանկի` 25.183 միլիոն դոլար գանձելու վերաբերյալ հայցի քննությունը: Բրիտանական Rhinoville Property Limited-ը ԽՍՀՄ-ում սինթետիկ կաուչուկի միակ արտադրող, հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատերն էր:
Ավելի վաղ, հայցապահանջ ներկայացվել էր նաև գործարանին, բայց հետո բանկը հրաժարվել էր դրացից և դատարանը չէր քննել հայցը՝ պարտքի գումարը «Նաիրիտից» բռնագանձելու մասով: Երեկ դատարանը գործարարանին ներգրավել է դատական գործում՝ որպես երրորդ անձի:
168.am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ նիստում Միջպետական բանկն ավելացրել է իր պահանջի գումարային չափը՝ 25 մլն-ից հասցնելով 40 մլն դոլարի՝ պատճառաբանելով դատական վճռի ձգձգումները և անցնող ժամանակահատվածում կուտակված տույժերն ու տուգանքները։ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում գործի հաջորդ քննությունը կշարունակվի 2014 թ. հունվարի 22-ին:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն վարկի երաշխավոր է, որը տրվել է դրա սեփականատիրոջը` Rhinoville Property Limited-ին։ Բանկը 2006 թվականին 70 միլիոն դոլարի վարկային գիծ է բացել Rhinoville Property Limited ընկերությանը։ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին: 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited-ը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ընկերությունների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս