ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐ ԷԼԻ ԴՈՒՐՍ ԳՆԱ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀՈՂ, ՄԵՏԼԱԽ, ԽԱԼԻ ԿԱՄ ԼԱՄԻՆԱՏ ԴՐԵՔ ԳՐՊԱՆԸ, ՄԻ ՔԻՉ ԴՈՒԽԱՎՈՐՎԻ. ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Պատկերացնել, որ Հայաստանում պատարագի ժամանակ բռունցքով կխփեն ու գետնին կգցեն 18 տարեկան մի տղայի, անհնար էր։ Այս խմբակն անցել է բոլոր կարմիր գծերը։ Պետության ղեկավարը Ֆեյսբուքում գրում է այնպիսի բաներ, որ ես ինձ թույլ չեմ տա գրել անգամ ընկերներիս հետ խմած ժամանակ։ Սովորեցինք, որ Վեհափառի ու եկեղեցու վրա կարելի է հարձակվել, որ Վեհափառի ելքը կարելի է փակել։ Հիմա էլ սրան են սովորեցնում։
- Այս մարդը սադրում է ու փորձում կոտրել ժողովրդի դիմադրությունը, որ տեսնի՝ մինչև ուր կհանդուրժեն… Վաղը կարող է ձեր տուն մտնել, ստիպել, որ իրեն սիրեք, իսկ եթե հրաժարվեք, բանտարկեն ձեզ։
- Էս մարդն իր մեջ ունի վրեժխնդրության պահանջ, որովհետև տեսնում է, որ ձախողել է, չի կայացել՝ ո՛չ որպես երկրի ղեկավար, ո՛չ որպես լրագրող… Նա աբիժնիկ է։ Նա վրեժխնդիր է լինում մեզնից, որովհետև տեսնում է, որ կան շատ արժանապատիվ մարդիկ, ովքեր կարող էին արժանապատիվ խաղաղություն կնքել, ու ատում է նրանց։ Նա բոլորիս ատում է, որովհետև ականատես եղանք իր տապալմանը։
- Կոռուպցիայի անունը փոխել են, դրել են պարգևավճար։ Խեղճ թոշակառուներին տալիս են 10 000 դրամ, իսկ իրենց՝ 10-12 միլիոն դրամ պարգևավճար։
- Մենք վաղուց արթնացել ու հասկացել ենք, որ մարդու իրավունքները լոկ արևմտյան շահերը սպասարկելու համար են։ Պատկերացրեք՝ նման բան աներ Պուտինի թիկնապահը, եկեղեցում խփեր 18 տարեկան տղային, էդ արևմտամետ իրավապաշտպաններն այնքան կխոսեին այդ մասին, մինչև բերաններից փրփուր կգար՝ ինչպես լվացքի մեքենայից…
- Գազայում 75 000 կին ու երեխա են սպանել, Արևմուտքը հանգիստ նայում է։ Տեռորիստ են բերում, դարձնում Սիրիայի ղեկավար։ Սա է այսօրվա Արևմուտքը։
- Նա գոռգոռում էր 2020թ․՝ սա մեր նոր Սարդարապատն է, անգամ 2021-ին ղարաբաղցիներին ասում էր՝ դուք պետք է ապահով ապրեք Արցախում։ Հիմա իր պատճառով փախստական դարձած կնոջ հետ պետության ղեկավարն ինչ կերպ է խոսում։ Ամեն առավոտ հարամում է մեր օրը, ռեալիթի շոուն շարունակվում է…
- Փաշինյանի ու Պուտինի մարմնի լեզվին ու ձայնի ինտոնացիաներին նայելով՝ կարելի է պատկերացնել՝ ինչ զրույց է եղել փակ դռների հետևում։ Պուտինը հանգիստ, բայց շատ մատչելի ու թափանցիկ ակնարկներ արեց՝ ինչ կարող է լինել, եթե Հայաստանը գնա դեպի ՆԱՏՕ ու ԵՄ։ Հաջորդ օրն էլ Պուտինի կողմից ասվածն էլ ավելի մանրամասնեց փոխվարչապետ Օվերչուկը։ Իսկ այսօր էլ արդեն Դմիտրի Մեդվեդևը վերջակետը դրեց։ Այս իշխանությունը Ռուսաստանի հետ կռիվ է տալիս մի բանի համար, ինչը չի լինելու։ Անգամ իրենք են ընդունում, որ ԵՄ-ում Հայաստանը չի լինելու, որ մեզ ԵՄ չեն ընդունելու, մեզ այնտեղ ոչ հրավիրել են, ոչ սպասում են…
- Նախկինում՝ 2017 թվականին, Հայաստանի ղեկավարները CEPA էին ստորագրել, ռեալ փաստաթուղթ, որը պետք էր զարգացնել, սակայն այսօր սրանք ընկել են անիրական բաների հետևից։ Քվոտաներ, աշխատանքի իրավունք, տարբեր արտոնություններ կարելի էր այդ փաստաթղթով ստանալ Եվրոպայից, բայց չարեցին։ Մենք կդառնանք ծերանոց, եթե այսպես շարունակվի, երիտասարդությունը կփախչի երկրից…
- Վաղը եվրոպացիները մեզ կարող են ասել՝ ծիրան մի աճեցրեք, որովհետև Իսպանիան չի ուզում, գինի մի՛ արտադրեք, որովհետև խփում եք ֆրանսիական գինեգործությանը… Դուք կոմունիզմ չէիք սիրում, հիմա ստանալու եք եվրոկոմունիզմ։ Իրենք են ձեզ ասելու՝ ինչ անեք, բայց դա էլ չի լինելու, որովհետև Հայաստանը ԵՄ անդամ չի լինելու։

- Փաշինյանի պահվածքը ներսում և դրսում ինձ հիշեցնում է Արշակ թագավորի ու պարսից Շապուհի հանդիպումը։ Հաջորդ անգամ, որ Փաշինյանը գնա Ռուսաստան կամ այլ տեղ, Հայաստանից հող դրեք գրպանը, մետլախ կամ խալի, լամինատ, որ վրան կանգնի, մի քիչ դուխավորվի, խոսի այնպես, ինչպես խոսում է մեզ հետ Հայաստանում։
- Ռուսաստանը հսկայական տարածք է, ռուսները 10 ժամային գոտի ունեն, Վլադիվոստոկից մինչև Մոսկվա են գալիս, օրը փոխվում է, կամ Իտալիայում կառավարություն է փոխվում… Այնպես որ, Ռուսաստանին պետք չէ, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս։ Հերի՛ք է անընդհատ կրկնեք այդ բանը՝ իբրև թե Միութենական պետություն են ուզում մեզ տանեն…
- Ցավալի է, որ մեզ այս խայտառակությունն է ներկայացնում, ով, երբ Իրանում թաղում էին 180 աղջիկ երեխա, ինքը Վրաստանում թմբուկ էր նվագում…
- Այո՛, Ռուսաստանի պաշտոնյաների խոսույթը կոշտ է, ու շատ վատ է, որ մեր երկրի ղեկավարի մասին այդպես են խոսում։ Բայց մեզ հստակ ասում են՝ եթե դուրս գաք ԵԱՏՄ-ից, ձմռանն ամսական գազի համար վճարվող 40.000 դրամը կդառնա առնվազն 120.000 դրամ։ Մեր թոշակառուները պատրա՞ստ են նման գին վճարել։ Հենց մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, ես մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ ռասկլադուշկաներ առնենք, որովհետև տասնյակ-հազարավոր հայեր Ռուսաստանից գալու են այստեղ, նրանք, ովքեր 35 տարի պահել են Հայաստանի իրենց բարեկամներին։
- Արցախի համար դու ոչ ոքի չես կարող մեղադրել՝ ո՛չ Իրանին, ո՛չ Ռուսաստանին, թեպետ հուսով եմ՝ այդ երկրները հիմա արդեն հասկացել են՝ ինչ արժեք ուներ Արցախն իրենց համար… Եթե դու Պրահայում Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ վերջ, էլ կոնֆլիկտ չկա, էլ Ռուսաստանը կամ որևէ երկիր ի՞նչ պիտի աներ։ Նա ամեն ինչ արեց, որ Ռուսաստանը դուրս գա Արցախից…
- Պատերազմով կսպառնար մի վասալ պետության ղեկավար, որի գլխին կանգնած է իր տերը։ Այո՛, շատ հնարավոր է, որ Ալիևի հետ պայմանավորվել են, որ ընտրություններից առաջ նա հարձակվի, որ սա էլ ասի՝ տեսա՞ք՝ ես երկրի միակ ղեկավարն եմ, ով կարող է խաղաղություն ապահովել։ Աշխարհի պատմության մեջ չկա նախադեպ, որ որևէ երկրի ղեկավար իր ժողովրդի մի հատվածին թոկ համարի իր վզին…
- Ամբողջ աշխարհում արդեն խոշորագույն տնտեսական ճգնաժամ է։ Հորմուզի նեղուցը փակ է, ու սա խնդիրներ է ստեղծում։ ԱՄՆ-ը ուզում է գրավել նաև Խարգ կղզին։ Ուզում են ծովային հետևակներ ուղարկել, որ Իրանի ընդերքից հանեն ուրանը։ Սա աղետ է լինելու, լինելու են հազարավոր զոհեր, քաոս է լինելու։ Սա հոգեբանական պատերազմ է։ Հենց ֆինանսական բորսաներն ընկնում են, Թրամփը մի բան հայտարարում է, վիճակը կայունանում է, հետո նորից ընկնում… Մեծ Բրիտանիայում արդեն մի շաբաթվա վառելիք է մնացել։ Դատա կենտրոնների հաջորդ տարվա նախագծերի կեսը չեղարկվել են։ Սա մեծ հարված է AI ոլորտին: Գյուղատնտեսությունն անկում է ապրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ գնում ենք դեպի սով։ Թրամփը երեխայի պես պարծենում է, որ պայթեցրել են Թեհրանի ամենաժամանակակից կամուրջը… Սա ռազմական հանցագործություն է։ Իրանն էլ հարվածում է նավթագազային ենթակառուցվածքներին։ Մենք գնում ենք դեպի հսկայական խոշոր տնտեսական ճգնաժամի։ Իրանը միգուցե գնա բանակցությունների, բայց դրա համար մեծ գին է պահանջելու՝ ԱՄՆ-ը իր բազաները պետք է դուրս բերի Ծոցի երկրներից, ինչը դժվար է պատկերացնել, Հորմուզի նեղուցը պետք է մնա իր տիրապետության տակ, պետք է նրան տրվեն լիարժեք երաշխիքներ։ Միգուցե ռազմական առումով ԱՄՆ-ը ունի առավելություն, բայց տնտեսական, հոգեբանական ու քաղաքական առավելությունն այս պատերազմում Իրանի կողմն է։
- Պարզ է, որ ԱՄՆ-ում հանրապետականներն այս աշնանը չեն հաղթի։ Դեմոկրատները կվերցնեն Կոնգրեսը ու կսկսեն Թրամփին իմպիչմենտի ենթարկելու պրոցեսը։ ԱՄՆ-ում 8 միլիոն մարդ փողոց դուրս եկավ՝ ընդդեմ Իրանի դեմ պատերազմի։
- Իրանն Ամերիկայի համար նոր Վիետնամ է լինելու, և նա ստիպված է լինելու տասնյակ տարիներով հաղթահարել դրա հետևանքները։ Թրամփն առևտուր է անում։ Եվրոպային ասում է՝ եթե դուք ինձ չօգնեք՝ բացեմ Հորմուզի նեղուցը, ես էլ ձեզ չեմ օգնի Ուկրաինայում։

- Կարող է քրդերն էլ ՔՊ ունեն և դեռ կարող են տրվել ամերիկացիների խոստումներին, բայց այս պահի դրությամբ նրանք ԱՄՆ-ի սադրանքին ևս մեկ անգամ չեն ուզում տրվել, քանի որ տեսել են, որ իրենց երկու անգամ հաղթել է։
- Իսրայելի նպատակն է՝ գերիշխանություն հաստատել ողջ Մերձավոր Արևելքում՝ ոչնչացնելով բոլոր հակաիսրայելական պետություններին։ ԱՄՆ-ը դարձել է Իսրայելի ֆիլիալը, բայց եթե Իսրայելը զգաց, որ ԱՄՆ-ը հետ է քաշվում, խոսում են, որ Իսրայելը կգնա միջուկային էսկալացիայի, բայց այդ դեպքում Իրանն էլ շատ արագ կստեղծի միջուկային զենք, և այս պատերազմի հետևանքով միջուկային զենքը կտարածվի մեր տարածաշրջանում։
- ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավարը երեկ հայտարարեց՝ մենք օգնեցինք, որ Իրանում ամրապնդվի ռադիկալների իշխանությունը, և սա տրամաբանական է։ Իրենց նպատակադրումների ճիշտ հակառակը ստացվեց․ ուզում էին Իրանի վարչակարգը փոխել, ստացվեց հակառակը։ Այնպես որ, այս պատերազմն ԱՄՆ-ի խայտառակ սխալն էր, և նա ընկավ Իսրայելի թակարդը։
- Մեր բախտը բերեց, որ սրանք չհասցրեցին TRIPP-ը սարքել, որովհետև եթե մեր սահմանին լիներ ամերիկյան օբյեկտ, այս պատերազմի առաջին դրոնները կիջնեին մեր գլխին։ Հայաստանի իշխանությունը վարում է աշխարհի ամենաանհեռատես արտաքին քաղաքականությունը։ Մեր դեմ ենք լարում Իրանին ու Ռուսաստանին ու տարածաշրջան ենք բերում 10 000 կմ հեռու երկիր, որը պարտվում է Իրանում։
- ԱՄՆ-ը Իրաքից հանում է իր քաղաքացիներին, որովհետև այնտեղ պրոիրանական շիա մահմեդականները ջիհադ են հայտարարել։



