Ռուսաստանի պանիխիդան շուտ չե՞ք անում. Պուտինը մեղմ է վարվում, կարող էր, չէ՞, Մադուրոյի օպերացիա լինել. TRIPP-ը չի իրագործվի. Սուրեն Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ինչո՞ւ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական ցարի թաթիկներն է պաչելու: Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա այսօր։ Մի սցենարն այն է, որ Հայաստանը, ի վերջո, ուզում է դուրս գալ ռուսական անվտանգային հովանոցից։ Դա կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք անվտանգության այլընտրանքային երաշխիքներ չունենք, և որևէ մեկը մտադիր չէ պաշտպանել Հայաստանին։ Մյուս սցենարն այն է, որ Փաշինյանի այս արկածախնդրության հետևանքով, անկախ նրանից, թե ինչ կորուստներ կունենանք, կմեծանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Կհանդուրժե՞ն դրանից հետո Փաշինյանին, թե՞ չեն հանդուրժի՝ այնքան էլ էական չի։ Էականն այն է, որ այս մի սցենարը մեզ տանում է թուրք-ադրբեջանական կցորդ դառնալու ճանապարհով, իսկ երկրորդ սցենարը բերելու է Հայաստանի կախվածության մեծացմանը Ռուսաստանից։ Ես դա էի նկատի ունեցել՝ ասելով, որ պաչելու է ռուսական ցարի թաթիկները:

- Տեսե՛ք, մի կողմից՝ Փաշինյանը հոխորտում է Ռուսաստանի դեմ՝ ասելով, թե այլընտրանք ունի Հայաստանը, մյուս կողմից՝ զանգում է Պուտինին, խնդրում արտահանման սահմանափակումները մեղմել։ Տարօրինակ վիճակ է, չէ՞․ եթե դու այլընտրանք ունես, ինչի՞ ես խնդրում Պուտինին. Բա ասում ես՝ այդպիսով ազատվում ենք ռուսական լծից, ավելացնում ենք ինքնիշխանությունը, և այլն, և այլն։ Եթե այլընտրանքը չունես, ինչի՞ ես գնում այդ արկածախնդրության և հայ–ռուսական հարաբերությունները հանգեցնում ներկայիս տուրբուլենտությանը: Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա, ի՞նչ կոմպենսացիոն ծրագրեր են առաջարկում Արևմուտքը, Եվրամիությունը։ Արևմտյան այլ կենտրոններում զրոյական է կոմպենսացիոն ծրագրերի նշանակությունը. Փաշինյանին պատրաստ են այնքան վճարել, որ հակառուսական իր ստրիպտիզը չդադարի։
- ԵԱՏՄ-ում քաղաքական որոշումները կայացնում են ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները։ Դժվար է պատկերացնել, որ Լուկաշենկոյի վարչապետը կամ Պուտինի վարչապետը ստրատեգիական որոշում պիտի կայացնեն։ Բայց Փաշինյանը, եթե նկատել եք, համաձայն է նույնիսկ նշաձողի իջեցմանը. օրինակ՝ Եկատերինբուրգ էլ գնաց, որովհետև Պուտինը մերժել էր նրա հետ հանդիպել։ Իրեն պետք էր գոնե Միշուստինի հետ հանդիպել՝ ակնկալիքով, որ Միշուստինին կարող է համոզել ինչ-որ խնդիրներ լուծել։ Միշուստինի հետ հանդիպումը կատարելապես ձախողվել է: Պուտինն էլ արդեն 2 թե 3 անգամ կրկնել է շատ հստակ, որ կամ հանրաքվե է անցկացվում, և այս երկընտրանքի հարցը հանգուցալուծվում է, կամ Հայաստանը, ըստ էության, կարող է դուրս մնալ եվրասիական ինտեգրացիոն կառույցներից՝ դրանից բխող հետևանքներով։
- Ըստ տնտեսագիտական հաշվումների՝ 250 000 քաղաքացի էապես աղքատանալու է Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քայլերի, Ռուսաստանի դեմ հարձակումների և Ռուսաստանի կողմից սահմանափակումների պատճառով: 4-5 միլիարդ դոլար է արժենալու մեր երկրի վրա Նիկոլ Փաշինյանի այս արկածախնդրությունը: Ո՞վ է կոմպենսացնելու։ Եթե ունի իրավիճակից դուրս գալու ելքեր, թող նկարագրի, մենք էլ հասկանանք, հո դատարկ խոսելո՞վ չի։ 2018-2020 թթ․–ին Նիկոլ Փաշինյանի ամբարտավան կեցվածքն Ադրբեջանի հետ հարաբերություններում դրել էր էս նույն կոնֆլիկտային մոդելը։ Մի հատ էլ սպառնում էր, ասում էր՝ եթե էսպես շարունակի Ալիևը, մի հատ ցնցող բան կհրապարակեմ, և Ադրբեջանը ներսից կպայթի… հիմա կատարում է Ալիևի բոլոր պահանջները։
- Թող ասի՝ էդ ո՞նց է Ռուսաստանը տուժելու։ Կամ ո՞վ է ավելի շատ վնասներ կրում․ բնականաբար՝ Հայաստանը։ Հիմա ինչքան ուզում ես՝ Պուտինի դեմ սուր ճոճի… Ռուսաստանը խաղադրույքները բարձրացնում է։ Դա հասկանալի է, որովհետև ասիմետրիկ հարաբերություններում ուժեղ կողմը միշտ էլ փորձում է խաղադրույքները բարձրացնել, որի տակից կարող է դուրս գալ։
- Աշխարհի որևէ ճանաչված վերլուծաբան համոզված պնդում չի կարող անել, թե նոր աշխարհակարգն ինչպիսին է լինելու, կամ այս տուրբուլենտության շրջանը դեռ ինչքա՞ն է շարունակվելու՝ Իրանի կոնֆլիկտով պայմանավորված, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված և բազմաթիվ այլ գործոններով։ Այո՛, ռուս-թուրքական հարաբերությունների սրումը չի բացառվում, բայց նաև չի բացառվում ամերիկա-ռուսական գործարքը… Էս պայմաններում ինչքանո՞վ է խելամիտ՝ բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ տեղավորել և, ըստ էության, Հայաստանին ընդհանրապես զրկել գոյություն ունեցող անվտանգության համակարգից ու մանևրելու որևէ հնարավորությունից։

- Գուցե Փաշինյանն ուկրաինական, արևմտյան որոշ պրոպագանդայի տակ է մնացել, ըստ որոնց՝ իբրև թե Ռուսաստանն արդեն տանուլ է տալիս, իր դիրքերն ու ազդեցությունը կորցնում է… Նախ՝ ռուս-ուկրաինական կոնվենցիոն պատերազմում Ռուսաստանը պարտություն չի կրում։ Այն, ինչ որ նկարագրվում է արևմտյան ԶԼՄ-ներում, որոնք քարոզչական ֆոն են ստեղծում, ճիշտ չէ։ Ռազմաճակատում Ուկրաինայի կողմից հեռահար, այո՛, որոշակի ազդեցություն ունենում են, բայց բուն կոնվենցիոնալ պատերազմի բալանսի վրա դրանք ազդել չեն կարող։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ նման մի հաշվարկ արդեն Նիկոլ Փաշինյանն արել է 2022 թվականի ապրիլին։
Էն ժամանակ էլ, հիշում եք, չէ՞, ռուսական տակտիկական կամ այլ նահանջ սկսվեց Կիևի մատույցներից, Խարկովի մոտից և այլն։ Էստեղ Նիկոլ Փաշինյանն ու նրա սազանդարներն ամեն ուրբաթ Ռուսաստանի պանիխիդան էին անում և… մեր երկրի ստրատեգիական կուրսի փոփոխության քաղաքականությունը հենց էդ փուլում սկսվեց, քանի որ, ըստ իրենց քարոզչության՝ «Ռուսաստանը ջախջախվել էր, գնացել էր…» և այլն։ Մի հաշվարկ կատարեցին․ Նիկոլ Փաշինյանն էլ 2022թ. ապրիլի 14-ին խրոխտ տոնով Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ որոշ գործընկերներ առաջարկել են իրեն (ակնհայտորեն նկատի ուներ, օրինակ, Եվրամիության բյուրոկրատիային և Եվրամիության երկրներին) իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ինչը կբերի անվտանգության երաշխիքների Արցախի ժողովրդի համար և կօգնի, որպեսզի խուսափենք նոր պատերազմից։
Իր այդ ծրագրային, այսպես կոչված, ելույթն ընկավ 2022 թվի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության հիմքում։ Դա ինչի՞ մասին էր․ դա ռուսական միջնորդությունը մերժելու և հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացում նոր ստատուս–քվո հաստատելու մասին էր։ Դա ինչի՞ բերեց․ արցախցիները ստացա՞ն անվտանգության երաշխիքներ։ Իհարկե ո՛չ: Պրահայի իր գործարքից մինչև Արցախի լիակատար կործանում տևեց ընդամենը 1 տարի՝ նույնիսկ 1 տարի չէր՝ շրջափակում, հետո էթնիկ զտումներ, և այլն։
Այնպես որ, նախ, խիստ չափազանցված են Ռուսաստանի մահվան մասին զրույցները։ Այո՛, Ռուսաստանը նաև իր ստրատեգիական սխալ որոշումների հետևանքով բավականին ծանր վիճակում է հայտնվել, որն ամենևին էլ չի նշանակում, որ Ռուսական կայսրությունը կործանվում է, Ռուսաստանը Հարավային Կովկասից գնում է, և այլն։ Հակառակ պարագայում, օրինակ, մեր հակառակորդ պետության ղեկավար Ալիևը չէր ճգնի Պուտինի հետ շարունակական զրույցների միջոցով կարգավորել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։ Հիմա իրենք երկուստեք հայտարարում են, որ էլ խնդիրներ չունեն, չէ՞։
Երկրորդը՝ կարո՞ղ է ինչ-որ մեկն ինձ բացատրել՝ Ռուսաստանի թուլացումն ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին։ Ես բերեցի եվրոպական հարթակներում բանակցության հետևանքը՝ կոնկրետ Արցախի մասով… Հիմա էլի նույն վիճակն է․ Փաշինյանն էլի ասում է նույնը՝ եկեք նշաձողն իջեցնենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, համաձայնվենք այդ թուրք-ադրբեջանական գերակայությանը, իրենք մեզ անվտանգության երաշխիքներ կտան, որը կօգնի, որպեսզի մենք կտրենք Ռուսաստանի հետ մեր ունեցած պորտալարը և այսպես հանգիստ միջավայրում ապրենք։ Մի անգամ տեսել ենք իրենց տված անվտանգության երաշխիքների արժեքը։
- Երբ Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ գլխավոր բանագնացը Հայաստանի կողմից ընտրվում է Ազգային ժողովի նախագահ, դա հստակ մեսիջ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ թուրքական ուղղությունը դառնում է գերակա։
- Ալիևի օգնական Հաջիևը վերջին 3 օրերին թուրքական մամուլին տված շատ ծավալուն հարցազրույցներով բացահայտում է իր դիլիջանյան այցի մանրամասները։ Ու ես իսկապես վստահ եմ, որ Դիլիջանում եղել է նաև Փաշինյան-Հաջիև ստվերային հանդիպում, որովհետև Հաջիևն ավելի վստահ է խոսում Հայաստանի իշխանության առաջիկա անելիքների մասին, քան դրա մասին խոսում է նույն ինքը՝ իշխանությունը։ Հաջիևը շատ վստահ ասում է, որ մոտ է այն փուլը, երբ որ կսկսվի սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում: Հաջիևն այդ ամենը որտեղի՞ց գիտի: Արդարադատության նախարար Գալյանն ասում է՝ բաց աղբյուրներից, բայց բաց աղբյուրներից ես և դուք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ոչ Սահմանադրության նախագծին ենք ծանոթ, ոչ էլ այն ճանապարհային քարտեզը գիտենք, որով այդ նախագիծը դառնալու է Ազգային ժողովի կողմից ընդունված տեքստ, դրվելու է հանրաքվեի, և ոչ էլ պատկերացնում ենք՝ դա ինչպես է տեղի ունենալու։ Մի քանի հետևության կարող ենք գալ․ կամ Նիկոլ Փաշինյանը Հաջիևին ասել է՝ հանրաքվեն կանեմ, ձեր ուզած փոփոխությունները կանեմ՝ «դա ձեր պրոբլեմը չի, ոնց որ ընտրություններն անցկացրեցինք, նենց էլ էս պրոցեսը կանցկացնեմ», ասենք՝ «շանտաժով, բռնությամբ, ռեպրեսիայով 5-6 մանդատի հարց կլուծեմ», կամ օրենսդրությունն այնպես կփոխեմ, որ Ազգային ժողովը շրջանցելով՝ ռեֆերենդում կանեմ։
- Հաջիևի հարցազրույցում պարզ երևում է՝ ինչու են շտապում, իրենք էլ ունեն սահմանափակ պատուհան. քանի դեռ Իրանի շուրջ տուրբուլենտություն կա և հարմար առիթ է, քանի Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմում, հարմար առիթ է Հայաստանից զիջումները կորզելու։
- TRIPP-ով, ըստ էության, հակաիրանական կեցվածքի հարցն է լուծվում, կամ փորձում են ինստիտուցիոնալ, անլուծելի ճգնաժամ առաջացնել Իրանի հետ հարաբերություններում։ Իսկ Ռուսաստանի… Ռուսաստանի ներկայությունն էստեղ թուլացնելու քաղաքականությունն արդեն այնքան բացահայտ է՝ էդ երկաթուղիների հարցն է, էս պատմությունն է, որ առևտրային պատերազմ առաջացավ Ռուսաստանի հետ հարաբերություններում… կարծես հանգիստ չլիներ, չէ՞։

- Ուկրաինական պատերազմը Ռուսաստանին կաշկանդում է ոչ թե Հայաստանի հետ կապված հարաբերություններում, այլ Ադրբեջանի հետ կապված հարաբերություններում։ Իսկ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանում այս պահին պահին իշխանություն փոխելը մեծապես ազդելու է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Մեղմ ասած՝ Ադրբեջանում գոհ չեն լինի, եթե Ռուսաստանը փորձի Հայաստանում իշխանություն փոխել։ Իսկ ուկրաինական պատերազմի մեջ թաթախված Ռուսաստանը չի կարող իրեն այս պահին շռայլություն թույլ տալ՝ Հայաստանում ինչ-որ խնդիր լուծելու պատճառով փչացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Սա ակնհայտ է:
- Իրականում տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացնում է հենց Ադրբեջանը։ Բայց Ալիևն այնքան հմուտ քաղաքականություն է վարում, որ դա անում է Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Նիկոլ Փաշինյանը ոչ այդ սուբյեկտայնությունն ունի, ոչ էլ այդ քաղաքական քաշային կատեգորիան։ Ակնհայտորեն՝ 2022 թվից բոլոր հակառուսական նախաձեռնություններից օգտվում է Ալիևը, բայց դա արվել է Նիկոլ Փաշինյանի միջոցով։
- Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, 2 հանրաքվեի առաջ է կանգնած։ Ցանկացած լուրջ երկիր, որը Հայաստանի հետ շփվում է և ունի կենսական նշանակության հարց, Փաշինյանից պահանջելու է հանրաքվե։ Դրա նախադեպը դրեց Ալիևը՝ պահանջելով փոխել Հայաստանի սահմանադրությունը, դա հիմա կիրառում է նաև Ռուսաստանը։ Համոզված եղեք, արևմտյան որևէ երկիր էլ, եթե Հայաստանի հետ կենսական հարց ունեցավ, հանրաքվե է պահանջելու։
- Սա սուբյեկտության անկման մասին է խոսում: Բացի այդ, Փաշինյանի խոսքն այնքան զուրկ է արժանահավատությունից, որ արտաքին բոլոր գործընկերները հայ ժողովրդի հետ են ուզում գործ ունենալ, մեր հասարակության։ Սա արտաքին պարտադրանքի ինստիտուցիոնալիզացիայի ձև է։ Էսպես վարվում են սուբյեկտությունից զուրկ երկրների հետ, և մի կարծեք, որ Փաշինյանին այդպես հեշտ հաջողվելու է դա մարսել:
- Հայաստանի ճակատագիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են որոշելու, այլ որոշվելու է այն զարգացումներով, որ տեղի են ունենում Իրանի շուրջ, և էն զարգացումներով, որ տեղի են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմում։ Եթե այդ երկու հակամարտությունները դեպի կայունացում և կարգավորում գնան, սրանց հետևանքով որոշվելու է ոչ միայն Հայաստանի ճակատագիրը, այլև Փաշինյանի քաղաքական ճակատագիրը։ Դրանով էլ պայմանավորված է, որ և՛ նա, և՛ Ալիևը պրոցեսներն արագացնում են:

- Պուտինի առաջարկած հանրաքվեի պահանջին ի պատասխան՝ ասում են՝ մեր ներքին գործերին մի խառնվի։ Այսինքն՝ Ալիևը կարո՞ղ է Հայաստանի ներքին հարցերին խառնվել՝ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը, իսկ Պուտինն իրավունք չունի՞: Ավելին, Ռուսաստանը դրա լեգիտիմ իրավունքն ունի, որովհետև, ի վերջո, այդ հանրաքվեն ազդում է նաև իր արտաքին քաղաքականության վրա, վերաբերում է միակ ինտեգրացիոն նախագծին, որտեղ Ռուսաստանը առանցքային դեր ունի։ Բա բավարարվեիք Սահմանադրական դատարանի 2024 թվականի բավականին գրագետ որոշմամբ, որ իրավական կատեգորիաներով շատ հստակ հիմնավորել էր, որ Անկախության հռչակագրի հղումը տարածքային հավակնություն այլ երկրի և հարևանների նկատմամբ չի առաջացնում։ Փորձել էր, չէ՞, Նիկոլ Փաշինյանը դրանով խուսափել հանրաքվե անելու պարտադրանքից։ Փաստացի, զրոյական արժեք ունեցավ ՀՀ ՍԴ որոշումը Ադրբեջանի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը Ռուսաստանին կարող է խաղացնել, չարաչար սխալվում է… Ռուսները կարող է թքած ունենան՝ հանրաքվե կանի՞, թե՞ չի անի, իրենց, ի վերջո, քաղաքականության արդյունքն է հետաքրքրում՝ Հայաստանը շարունակելո՞ւ է այս քաղաքականությունը, թե՞ ոչ։
- Կարո՞ղ եք ինձ բացատրել, ինչպե՞ս կարող է Իրանն այս պահին անցած տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի պարամետրերով TRIPP-ը թույլատրել, երբ, օրինակ, Իսլամաբադի ժամանակավոր հրադադարի փաստաթղթով, որը կնքվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև, Իրանը փաստաթղթավորված հետամուտ է լինում իր հարևանությամբ ԱՄՆ ազդեցության թուլացմանը։ TRIPP-ը չի իրագործվի: Ավելին, Սահմանադրական դատարանի հնարավոր որոշումը կամ Ազգային ժողովը վահան չեն, որոնք կարող են TRIPP-ը ձերբազատել Իրանի հնարավոր թիրախավորումից։ Իրանը բոլոր այն երկրներին է փետրվարի 28-ից սկսած թիրախավորել, որտեղ գոյություն ունեն ամերիկյան ենթակառուցվածքներ։ Ծոցի բոլոր երկրները թիրախավորվել են։ Նույնիսկ դրոններ հայտնվեցին նաև Նախիջևանում և Թուրքիայի տարածքում: Միակ տարածքը, որ առհասարակ անմասն է մնացել իրանական պատերազմի հետևանքների զուտ թիրախավորման իմաստով, Հայաստանի Հանրապետությունն է։ Առաջինը՝ որտեղ դու ամերիկյան կամ իսրայելական ներկայություն չունես քո տարածքում, ինչպես, օրինակ, Ադրբեջանի պարագայում է, և երկրորդը՝ այստեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:
- TRIPP-ն այն պարամետրերով, որ ստորագրվել է, իրականություն դառնալ չի կարող։ TRIPP-ը միայն խմբագրված վիճակում կարող է գործել. այդ նախագծում պետք է հաշվի առնվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության շահերը։
- Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այց կատարեց Իրան, հետո էլ ժամանակին Լարիջանիին հյուրընկալեց՝ իր գործընկերոջը, ՌԴ-ում։ Նրանք բարձր մակարդակով վերահաստատեցին, որ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով հաստատված սահմանն անփոփոխելի է, և սա շատ էական հանգամանք է։ Այսինքն՝ Ռուսաստանն ու Իրանն այդ հարցում ունեն ներդաշնակեցված և շատ անզիջում դիրքորոշում։
- Եթե դու դառնաս Միացյալ Նահանգների շահերի սատելիտ, այն տարածքը, որով անցնելու է այդ TRIPP-ը, դառնալու է օրինական թիրախ Իրանի համար։

- Ես ընդդիմության մանդատներից հրաժարմանը, գիտեք, որ սկզբունքորեն դեմ եմ եղել, որովհետև իմ ակնկալիքները խորհրդարանական այս ընդդիմությունից, ինչքան էլ որ քննադատեմ իրենց որոշ գործողություններ, չեն փոխվել։ Այնուամենայնիվ, էս պահին իրանք են ամենակարևոր ուժերն ընդդիմադիր դաշտից, ներկայացված են խորհրդարանում և շատ կարևոր առաքելություն ունեն՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքական և քաղաքակրթական ինքնությունը։
- Եվ, որպեսզի խորհրդարանի պատերից դուրս կամ փողոցում շարժում գեներացվի, խորհրդարանի ընդդիմության գլխավոր առաքելությունը դիմադրություն կազմակերպելն է։
- Ուժեղ խորհրդարանական դիմադրությունը կարող է համաժողովրդական շարժման տրիգեր դառնալ, երբ մեզ փորձեն պարտադրել Սահմանադրության փոփոխություն։
- Կա երկրորդ սցենարը, որին ևս պիտի պատրաստ լինի ընդդիմությունը. չբացառենք, որ մի տարի հետո Նիկոլ Փաշինյանը փորձելու է նոր ընտրությունների գնալ։
- Սա ոչ առաջին խորհրդարանն է, ոչ վերջին, և եթե խորհրդարանական ընդդիմությունը չգտնվի արդյունավետության բարձրության վրա, շատ արագ ավելի ռադիկալ ընդդիմության ձևավորման պատուհան է բացվելու՝ վստահ եղեք։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև գոյաբանական խնդրի առաջ է երկիրը կանգնած, հո չե՞նք կարող նստել սպասել, օրինակ, մինչև մի հատ երիտասարդ (չեմ անձնավորում այս կամ այն խմբակցության) ինքնակայանալու ժամանակ գտնի։ Կան կոնկրետ խնդիրներ։ Եթե ստանդարտ իրավիճակներում 2-3 տարի ժամանակ է ունենում որևէ ընդդիմություն դրսևորվելու՝ ապագայի հայտ ներկայացնելու համար, ապա այսօր 4-5 ամիս է տրվելու։
- Այսօր Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշման մեկ ամիսն է լրանում։ Այս ընթացքում նրա հետ կատարված եռափուլ ռեպրեսիվ գործողությունների 4-րդ փուլն ենք մտնում։ Աննախադեպ բեսպրեդել… Այո՛, «աննախադեպ» բառը տեղին է. Հայաստանի ընտրական պատմության մեջ նմանօրինակ աննախադեպ կեղծիք չի եղել, երբ ուղղակի գողանում են ձայները, ինչպես ասում են՝ չորով, բեսպրեդելով որոշում, որ այս կուսակցությունը խմբակցություն չպիտի ունենա ԱԺ-ում…

- Ծառուկյանի դեմ ռեպրեսիաները հստակ 2 նպատակ ունեն՝ մեկը քաղաքական մեկուսացումն է իր և իր մեծ թիմի, և 2-րդը՝ կուլակաթափությունը։ Երկու ուղղությամբ էլ իրենք շատ ինտենսիվ աշխատում են։ Կուլակաթափության մեջ հատկապես նախանձախնդիր են։ Եվ հիմա սկսվել է նրա ընկերությունների տնօրենների ձերբակալությունը կամ որսը։ Փաշինյանը խնդիր է դրել հնարավորինս շատ մարդ պատանդ առնել՝ Ծառուկյանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով։ Ակնհայտորեն քաղաքական հաշվեհարդարի հետ մենք գործ ունենք։ Խնդիրը քաղաքական է, իրավական չէ։ Եվ, հետևաբար, խնդիրը պիտի հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով:
- Պետք է հետևողականորեն մաշել Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի ատամները. ռեպրեսիվ այդ մեքենայի երախը պիտի փշրվի։
- Սամվել Կարապետյանի խափանման միջոցը ե՞րբ սկսեց փոխվել։ Այն ժամանակ, երբ Կարապետյանի կողմնակիցներին հաջողվեց ինչ-որ համակարգ ստեղծել, և էդ համակարգը գլխացավանք դարձավ իշխանության համար։ Միակ ճանապարհը սրա դեմն առնելու դա է։
- Փաշինյանի իշխանությունը պահպանվում է Ադրբեջանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Իսրայելի արտաքին աջակցությամբ և ռեպրեսիվ մեքենայի վերածված բյուրոկրատիայի ու իրավապահ մարմինների միջոցով՝ բացառապես, և ծախսվում է պետական բյուջեն, հարկատուների միջոցները։
- Չկարծեք, թե միայն Ռուսաստանն է երկընտրանքի առաջ դրել Հայաստանին, ուղղակի Ռուսաստանն իրեն բնորոշ ձևով է անում։ Ի դեպ, Ռուսաստանը շատ մեղմ է վարվում իր ազդեցության գոտում գտնվող ռազմավարական դաշնակցի հետ։ Օրինակ, կարող էր, չէ՞, Կրեմլում նստածի մտքով անցնել Մադուրոյի օպերացիա իրականացնել։

- Ալեն Սիմոնյանի կարգի ծաղրածուները մի մանդատի համար են բավարար։ Ինքը չափազանց բացահայտ ծաղրածու էր 2-րդ հնգամյակում ևս ինչ-որ բարձր դիրք ունենալու համար։ …Ալեն Սիմոնյանի ճանապարհով շատ ակտիվ գնում է Հայկ Կոնջորյանը։ Էդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի պատանդներն են։ Իրենց պարբերաբար կոմպրոմատներով փչացնում է, ինչ-որ ստատուս է տալիս, հետո էդ ստատուսի համար դառնում են անպիտան։
Մանրամասները՝ տեսանյութում

