Եվրոպան Պուտինին լավ չի ճանաչում. Փաշինյանը Հայաստանի հարավը դարձնում է Իրանի հարվածների թիրախ. Սուրեն Սուրենյանց

«Բարեվարքությանը, բարեկրթությանը կամ կոռեկտ քաղաքական բանավեճին ոչ ոք դեմ չի կարող լինել, բայց Հայաստանի խորհրդարանը Լուսնի վրա չի գործում, այլ Հայաստանում։ Եվ անտագոնիստական քաղաքական համակարգում, որտեղ գլխավոր դիրիժորի դերը վերապահված է Նիկոլ Փաշինյանին, ով նաև պառակտումներ է մտցրել և դարձրել իշխանության պահպանման գործիք, չի կարող միայն առանձնացված դահլիճում իրականությունն այս կերպ ձևափոխվել։

Երբ խոսում ենք բարեվարքությունից, օրինակ, քաղաքական ուժի առաջնորդը չի կարող տնային կալանքի մեջ լինել և միաժամանակ հայտարարել, թե` եկեք բարեվարքություն անենք։ Մի ձեռքով Ծառուկյանի հանդեպ ապօրինություններ կատարել, իսկ մյուս ձեռքով բարեվարքության ճառեր հնչեցնել անհնար է։ Ես հասկանում եմ, որ Ռուբինյանը գուցե պոզիտիվ առումով է փորձում տարբերվել Ալեն Սիմոնյանի հետ կապված վատ շրջանից»,- 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ տեղի ունեցողին Ազգային ժողովում (ԱԺ) նրա մի ելույթից հետո:

Վերջինս նշեց՝ բարեվարքությունը քաղաքական մշակույթի հիման վրա է ձևավորվում, որը Հայաստանում չկա, և այն անպայման պիտի ինստիտուցիոնալ հիմք ունենա։

Կարդացեք նաև

«Սահմանադրության 96-րդ հոդվածը շատ պարզ հռչակում է, որ Ազգային ժողովի պատգամավորը չի կարող պատգամավորական գործունեությունից բխող ելույթի կամ քվեարկության համար պատասխանատվության ենթարկվել՝ ո՛չ գործունեության ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո։

Հիմա Էդգար Ղազարյանին նկատողության ինստիտուտ են պարտադրում՝ մի կողմ թողնելով, որ դա չկա կանոնակարգում, ինչը նաև հակասում է Սահմանադրության տրամաբանությանը։ Մարդը տեսակետ է հնչեցրել, և եթե նույնիսկ այդ տեսակետը վիճահարույց է, այն տեղավորվում է պատգամավորական իմունիտետի շրջանակներում, ինչի մասին քիչ առաջ խոսեցի։

Մանդատը վերցնելու պահից սկսած՝ պատգամավորն ինքն է կաշկանդում իր քաղաքական ազատության մի մասը՝ այս կամ այն խմբակցությանը մաս կազմելով։ Այստեղ մենք չգիտենք, թե, օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ում ինչու է այս տակտիկան որդեգրվել և ինչ պատճառներով։ Գուցե շատ արժանահավատ պատճառներ կան, որոնց մասին այս պահին պետք չէ իմանալ, կամ պարտադիր չէ ամեն ինչ շատ բաց ասել։ Հետևաբար, խորապես վստահ եմ, որ Էդգար Ղազարյանն ու «Ուժեղ Հայաստան»-ն իրենց խնդիրները կլուծեն։ Բայց մյուս կողմից՝ Էդգար Ղազարյանը պարտավոր չէ անել այն, ինչ նախատեսված չէ Սահմանադրությամբ։ Հետևաբար, Ղազարյանը հնչեցրել է ճիշտ բովանդակություն»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի սպառնալիքներին, բռնության կոչերին, երբ վերջինս ասաց՝ «Զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից ու Ազգային ժողովի շենքից», Սուրեն Սուրենյանցն ասաց՝ այս խոսույթը, անկախ ցիվիլ բառամթերքով արտահայտվելուց, իր տրամաբանությամբ և բովանդակությամբ քրեական ենթամշակույթ պարունակող և բռնության կոչ ենթադրող խոսք է։

«Այդ չկայացած, քավոր ուրացած ջահելին պիտի հիշեցնեմ, որ Ազգային ժողովը «զոն» չի, ինքն էլ «զոն նայող» չի։ Ինքն ընդամենը պատգամավորներից մեկն է, որին ընտրել են Ազգային ժողովի նիստերը երբեմն վարելու կամ Ազգային ժողովի նախագահի ինչ-որ հանձնարարություններ կատարելու համար։ Այս բոլոր պատգամավորներն օժտված են նույն իրավունքներով և պարտականություններով։ Ինձ հետաքրքիր է՝ եթե Ազգային ժողովը «զոնի» չեն վերածել, ապա Էդգար Ղազարյանին կամ որևէ ընդդիմադիր պատգամավորի էդ ո՞նց են դահլիճից կամ շենքից դուրս շպրտելու։

Չնայած ես չեմ զարմանում, որովհետև կա Սահմանադրության ակնհայտ խախտում. օրինակ՝ Արթուր Սարգսյանն իր կամքից անկախ պատճառներով՝ քաղաքական հալածանքների ենթարկվելու հիմքով, Ազգային ժողովում չէ։ Համապատասխան մարմինները պետք է զբաղվեն Հայկ Կոնջորյանի ելույթի այս դրվագով, որտեղ առկա են գերազանցված լիազորությունների հատկանիշներ, և մարդն իրեն պահում է «զոնի» տրամաբանության մեջ»,- ասաց քաղաքական գործիչը:

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցողի մասին՝ Սուրեն Սուրենյանցը նկատեց՝ 30 տարվա իր քաղաքական կենսագրության մեջ ինքն այսպիսի համակարգային, բազմաշերտ, համապարփակ և ռեպրեսիոն ակտ դեռևս չի տեսել։

«Այս երկիրը շատ բան է տեսել, մի քանի ծանր իրադարձությունների միջով էլ ես եմ անցել՝ Մարտի 1-ից հետո տեղի ունեցած հալածանքներ, «Վահան Հովհաննիսյան  գումարած 30» գործ, և այլն, բայց, կրկնում եմ, ռեպրեսիայի նման խորք ու ծավալ ես երբևէ իմ կյանքում տեսած չկամ, որտեղ թիրախավորվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը։ Գիտե՞ք, պարտադիր չէ պետռեգիստրի թղթով արգելել. փաստացի կուսակցության գործունեությունը պարալիզացված է, որովհետև այն տարածքը, որտեղ գտնվում էր կուսակցության կենտրոնական գրասենյակը, հիմա կապարակնքված է»,- ասաց քաղաքագետը:

Վերջինս նշեց՝ քարոզարշավի երրորդ օրվանից Նիկոլ Փաշինյանը մտավ Ծառուկյանի տուն ու դուրս չեկավ, հետո ուղղակի «բեսպրեդելով» որոշեցին, որ ԲՀԿ-ն խորհրդարանում չպիտի լինի՝ չնայած այն հանգամանքին, որ 4%-անոց շեմը հաղթահարված էր։ Երրորդ փուլն արդեն բացահայտ ռեպրեսիայի փուլ էր հենց Ծառուկյանի անձի և նրան հետ աֆիլացված բիզնեսների նկատմամբ։

«Անձնական և ընտանիքի տվյալների գռեհիկ շահագործում է տեղի ունենում։ Տեսե՛ք, Էմմա Ծառուկյանը բարոյական մարդ է, հեղինակավոր ընտանիքի զավակ, որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում։ Այս գործով նա ընդհանրապես սուբյեկտություն չունի՝ ո՛չ վկա է, ո՛չ մեղադրյալ, ո՛չ էլ տուժող։ Դուք վերցնում և ներառում եք նրա անունը՝ ընդ որում, մտածված ձևակերպումներով, մարդու բարոյական հեղինակության շահարկման դաշտ ստեղծելով։

Հետո, իհարկե, աղմուկից հետո ՔՊ-ականները, մասնավորապես՝ պետաիրավական հանձնաժողովից Արուսյակ Ջուլհակյանը, ամբիոնից դատապարտեց և վերագրեց դա Քննչական կոմիտեի ոչ պրոֆեսիոնալությանը։ Բա եթե ոչ պրոֆեսիոնալ է, ի՞նչ գործ ունի իր պաշտոնին Քննչական կոմիտեի նախագահը։ Ես գիտեմ՝ այդ հաղորդագրությունն առհասարակ ինչու է ստեղծվել։ Ընդամենը նրա համար, որ մի 70-տարեկան մարդու ցավ պատճառեն խցում ընդամենը դրա համար»,- ասաց Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի անբարոյական հաղորդագրությանն Արգամ Աբրահամյանի ձերբակալության վերաբերյալ, ով Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է:

Խոսելով Ալիևի վերջին հայտարարությունների մասին՝ Հայաստանի էլեկտրահաղորդակցության գծերի, Հայկական ատոմակայանի և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ Սուրեն Սուրենյանցն ասաց՝ ինքը հայ-ադրբեջանական հարաբերությունները համեմատում է մոտավորապես ուղղահայաց հարաբերությունների հետ:

«Բաքուն դարձել է կենտրոնն իր գենսեկով՝ Ալիևով, իսկ Փաշինյանը վերածվել է ադրբեջանական կոնսուլի կամ ընդամենը տեղական կատարողի: Հետևաբար, եթե մենք ուզում ենք հասկանալ առաջիկա տարիների ռազմավարական զարգացման տրամաբանությունը, ստիպված շատ ուշադիր լսում ենք Ալիևի ելույթները:

Ալիևն, օրինակ, կանխորոշում է, որ Մեծամորի ատոմակայանն անպայման փակվելու է, և դրա տեղը, ասենք, բացվելու է միակ մոդուլային ատոմակայանը, որը չի կարող երաշխավորել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Նա կանխատեսում է, որ էներգետիկ կախվածությունը Հայաստանը հաղթահարելու է Ադրբեջանի շնորհիվ: Նա հստակ կանխատեսում է, թե երբ է Հայաստանում սկսվելու Սյունիքի ճանապարհի կամ երկաթուղու շինարարությունը: Ընդհանրապես, դրանից առաջ էլ Հաջիևը «դաբրո» էր տվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ըստ էության, օֆիցիալ կամ պետական դարձնելու համար:

Այսինքն՝ իմ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չակերտավոր ասած, տալիս է իր պտուղները: Մենք «ռուսական ազդեցությունից ազատագրվելով»՝ նոր կենտրոնի դերը վերապահել ենք Բաքվին, Ալիևին դարձրել ենք այս պետության առաջնորդը՝ փաստացի, իսկ կուսակալների ինստիտուտն այստեղ իրականացնում է այն կուրսը, որը մշակում է Ալիևը»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է TRIPP նախագծի հեռանկարին՝ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ TRIPP-ն այսօր մշուշի մեջ է թաղված՝ չնայած բազմաթիվ այն հայտարարություններին, թե աշխարհաքաղաքական ստատուս-քվո է փոխվել մեր տարածաշրջանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարաճուն ազդեցության պայմաններում:

«Ուղղակի մի քիչ դժվար է պատկերացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր քթի տակ թույլ է տալու ամերիկյան ռազմավարական ենթակառուցվածքների գոյություն։

Իսլամաբադի ժամանակավոր համաձայնագրի տրամաբանությունն ասում է, որ դա թույլ չեն տալու: Ավելին ասեմ. չմտածված, միայն Արևմուտքի շահերը սպասարկելու քաղաքականության հետևանքով Փաշինյանը Հայաստանի հարավը դարձնելու է Իրանի լեգիտիմ հարվածների թիրախ։ Այո՛, սա է իրականությունը, հիմա ինչքան ուզում եք՝ TRIPP-ը գովերգեք։

Դա, նախ, դասական միջանցքի մասին պրոյեկտ է, երկրորդը՝ սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ընդ որում՝ կպնդեմ՝ ավելի շատ, քան Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»,- ասաց նա:

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի նոր փուլի և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Մոսկվան զանգվածային հարձակման թիրախ դարձնելու մասին՝ քաղաքագետը նշեց՝ Ռուսաստանում, իսկապես, ծանր վիճակ է ստեղծվել, եթե հաշվի առնենք հասարակության դժգոհությունն ու էներգետիկ վառելիքի հետ կապված որոշակի խնդիրները։

«Բայց եկեք մի բան տարբերենք. կոնվենցիոնալ պատերազմում Ուկրաինան շարունակում է ամեն օր դիրքեր կորցնել: Հընթացս լրատվությունը նաև տեղեկություններ է տարածում ռազմաճակատի երկայնքով: Կոնվենցիոնալ պատերազմի տրամաբանությամբ՝ Ուկրաինան շարունակում է տարածքներ զիջել և մոտ է նրան, որ ռազմավարական նշանակության փոփոխություն տեղի ունենա հենց ռազմաճակատում, և որոշակի ուղղություններում՝ Դոնբասյան հատվածում, փլուզում տեղի ունենա։

Քանի որ Արևմուտքը թքած ունի Ուկրաինայի ժողովրդի տառապանքների վրա, նրանք փորձում են Պուտինին փաստի առաջ կանգնեցնել՝ արտոնելով Ուկրաինայի հարվածները դեպի Ռուսաստանի խորքերը։ Նրանք Պուտինին հակում են 2 տարբերակի՝ կամ գնալ ինչ-որ պայմաններով խաղաղության, որտեղ Եվրոպան էլ իր դերակատարությունը կունենա, կամ Պուտինին մղում են բարձրացնել էսկալացիայի մակարդակը։

Եթե եվրոպական-արևմտյան էլիտաները հույս ունեն առաջին տարբերակին հակել Պուտինին, ես կարծում եմ՝ իրենք կամ Պուտինին չեն ճանաչում, կամ չափից ավելի լավատես են։ Դժբախտաբար, ես կանխատեսում եմ, որ Պուտինը գնալու է 2-րդ ճանապարհով՝ էսկալացիայի մակարդակը բարձրացնելու պատերազմում, և սկսելու է աստիճանաբար կիրառել սպառազինության այնպիսի տեսակ, որն ավելի ոչնչացնող է. երևի թե պարտադիր չէ, որ դա լինի հենց միջուկային զենքը։

Այսինքն՝ Պուտինի «Ո՞ւմ է պետք այն աշխարհը, որում չկա Ռուսաստանը» արտահայտությունը, եկեք ընդունենք, դատարկ խոսք չէ, այն նաև փիլիսոփայություն է կամ քաղաքականության բացահայտում։ Ամեն ինչ ասված է։ Ես կարծում եմ՝ ինչքան էլ մեզ համար տհաճ է սա լսելը, որովհետև ուկրաինական պատերազմում էսկալացիայի մակարդակի բարձրացումն ամենևին էլ մեր շահերից չի բխում հենց նրա համար, որ Հարավային Կովկասում վակուում է առաջանում, ինչի հետևանքով ադրբեջանաթուրքական տանդեմն ուժեղացնում է իր ազդեցությունը, բայց ես կարծում եմ, որ Պետդումայի ընտրությունից անմիջապես հետո Ռուսաստանը գնալու է էսկալացիայի մեծացման ճանապարհով, ինչը մի կողմից՝ ավելի մեծ ավեր է առաջացնելու Ուկրաինայում, մյուս կողմից էլ՝ ուրվագծելու է Ուկրաինայի համար շատ ավելի վատ պայմաններով պատերազմի ավարտը»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31