Իշխանություն բանտերով չե՛ն պահում. մի՛ մտեք, մի՛ քանդեք հայկական ընտանիքը, հանգի՛ստ թողեք Եկեղեցին. պատասխանը կարող է լինել ատոմային զենքով.  Վարդան Խաչատրյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է:

Կարծիք կա, որ Ռուսաստանը հենց ընտրությունների ընթացքում կամ ընտրություններից առաջ այս տնտեսական սանկցիաները կիրառելով Հայաստանի նկատմամբ, իրականում այդպիսով օգնեց Փաշինյանին վերընտրվելու հարցում, և դրանով պայմանավորված՝ որոշ մարդկանց կարծիքով, իրականում ոչ թե  պրոարևմտյան, այլ ծպտյալ պրոռուսական գործիչ է։

  • Նիկոլ Փաշինյանը դա օգտագործեց ինչ-որ չափով՝ ասելով, որ՝ դուք տուժում եք, փակվում է ռուսական շուկան, էդ փողերը մենք ձեզ կտանք։ Այդ պահին խնդիր լուծող էր նրա այդ քայլը, բայց դա օգնություն էր այն մարդկանց համար, որոնք հեռուն չեն մտածում։ Իրականում մենք կորցնում ենք այն շուկան, որի վրա խարսխված են եղել Հայաստանի շահերը, ֆինանսատնտեսական ուժը։ Ասում են՝ գնում ենք դեպի Եվրոպա: Իսկ Եվրոպա մեզ սպասո՞ւմ է. իհարկե՝ ո՛չ, էդ մարդիկ իրենց երկրներում խնդիր ունեն այսօր և իրենց խնդիրը լուծվող խնդիր չէ. Եվրոպայի գլխավոր խնդիրը՝ պահպանել իր տեղը, այսպես կոչված, աշխարհի բախտը վճռողների մեջ, որը նա կորցնում է անխուսափելիորեն: Եվրոպայում էլ ծանր ճգնաժամ է։ Նայեք՝ Եվրոպայի երկրների ղեկավարներն ինչպիսի՞ համարում ունեն իրենց հասարակություններում, վարկանիշները հազիվ 20 տոկոսի շրջանակում է։
  • Գերմանիան ինքն իր տնտեսական վերելքով պարտական էր էժան վառելիքին, որը ստանում էր Ռուսաստանից՝ լիներ դա գազը թե նավթը։ Եվ երբ պայթեցրին այդ գազամուղները, գերմանական տնտեսությունն առկախվեց։ Հիմա այսօր Գերմանիայի գլխավոր արտադրական հզորություններից մեկը՝ բոլորիս շատ հայտնի «Ֆոլկսվագենը», ըստ էության, դադարում է գոյություն ունենալ Գերմանիայում…
  • ԱՄՆ ֆինանսների նախարարն ուղղակի հայտարարեց. «Եթե ուզում ենք, որ համաշխարհային պատերազմ չլինի, ուրեմն պետք է տեղի ունենա երկու բան. առաջինը՝ Ռուսաստանը պետք է իր ամբողջ նավթը և գազը վաճառի միայն դոլարով, և երկրորդը՝ նույնը պետք է անի Պարսկաստանը»։ Ըստ նրա՝ այդ դեպքում խնդիրները կլուծվեն։ Սա իրենց կողմից արված ամենաազնիվ հայտարարությունն էր, այլ դեպքերում՝ մի օր մի բան են ասում, հաջորդ օրը կամ կեսօրին՝ ուրիշ բան, երեկոյան՝ ընդհանրապես ուրիշ բան։ Բայց այդ ամեն ինչի հետևում կանգնած է նավթադոլարի վերականգնման թառանչը, որ պետք է վերականգնել նրա ազդեցությունն աշխարհի վրա, հակառակ դեպքում իրենք կարգավիճակով ցած են իջնում։
  • Իրանի հնարավորությունները բոլորի աչքի առաջ աճում են, դա չի կարելի չտեսնել։
  • Նիկոլ Փաշինյանն առավել չափով, իհարկե, կապված է Արևմուտքի հետ, բայց Արևմուտքն այստեղ ներկայացված է Թուրքիայի և Ադրբեջանի շահերով, իսկ ումո՞վ պետք է Արևմուտքն այստեղ ներկայացված լինի։ Եվ դա այդպես է դեռևս 1996 թվականից: Ժամանակին Կոզերևի երեսին ուղիղ ասվել է. երբ որ նա ասել է, թե Ռուսաստանը չունի արտաքին շահեր, ինչպե՞ս պետք է լինի Անդրկովկասյան հանրապետությունների հարցը, ԱՄՆ պետքարտուղարն առանց մտածելու ասում է, որ նրանք պետք է անցնեն Թուրքիայի հովանավորության տակ, Թուրքիան պետք է կարգավորի էնտեղ եղածը, մեր ունեցածը։

  • Անկարայում, ՆԱՏՕ-ի հավաքին Էրդողանը 17 հոգանոց դելեգացիայով դիմավորեց Թրամփին՝ բոլորը թուրքախոս, թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչներն էին` իր գլխավորությամբ, ցույց տվեց, որ ես եմ ու կամ, ես եմ ապագան էստեղ, և դուք պետք է իմ հետ ուղղակի ունենաք լավագույն հարաբերությունները և օգնեք ինձ, որպեսզի ես կարողանամ հրկիզել Ռուսաստանը հարավից։
  • Չմոռանանք, էլի, որ Սիրիայի խնդիրը վերջնականապես պարզվեց, որ Ուկրաինայի միջոցով է լուծվել։
  • Թուրքիան ինչի՞ համար է մարզումներ անցկացնում, որպեսզի բերեն-հասցնեն Ադրբեջանի բանակը ՆԱՏՕ-ի բոլոր չափորոշիչներին, որպեսզի Թուրքիայի հետ սինխրոն կարողանա աշխատել։ Եվ, ուրեմն, ինչի՞ համար է պետք, ասենք, մեր Զանգեզուրի միջանցքը… Որպեսզի կարողանան սնուցել ադրբեջանական բանակը…

Հիշեցնենք. Թուրքիայի խոշորագույն ազգայնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին վերջերս կրկին հայտարարել էր. «Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին:

«Իրերը հարկավոր է կոչել իրենց անունով։ Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանական միջանցքն է։ Երբ այն բացվի, թյուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի»,- ասել էր Բահչելին՝ դիմելով իր կուսակցության պատգամավորներին։

Թուրք ազգայնականների առաջնորդը նաև կոչ էր արել պաշտոնական Երևանին՝ չխոչընդոտել ծրագրի իրագործմանը։

«Ղարաբաղն Ադրբեջան է։ Դա ապացուցվել է թե՛ ռազմի դաշտում՝ արյան միջոցով, թե՛ բանակցային սեղանի շուրջ՝ իրավական մեթոդներով։ Եթե Երևանը խելամտություն ցուցաբերի և ազնվորեն մասնակցի տարածաշրջանային համագործակցությանը, Թուրանական միջանցքից օգուտներ կքաղեն ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլև Հայաստանը։ Հակառակ դեպքում, այդ երկիրը կարող է մսխել վաղվա օրվա հնարավորությունները՝ անցյալի կորսված երազանքներից կառչած մնալով»:

  • Իսկ ինչո՞ւ է Բահչելին հայտարարել, որ իրենց նպատակը թուրքական աշխարհը միավորելն է։ Հիմա դրա կողքին դրեք Ալիևի հայտարարությունները, երբ ասում է`մենք ոչ մի հայի դեմք չպետք է տեսնենք, անկախ նրանից, դա հայկական սահմանապա՞հ է, թե՞ մաքսատան աշխատող, որևէ հայի դեմք մենք չպետք է տեսնենք: Ինչո՞ւ է ասում. որովհետև էդտեղից պետք է գնա այն, ինչը պետք է բավարարի այնտեղ գոյություն ունեցող բանակին`մատակարարումներ Ռուսաստանի դեմ: Իրանից չկա, ոչ մի միջին ասիական երկիր ռիսկ չի անի Ռուսաստանի դեմ այդ առումով քայլ անի։ Նրանք բոլորը գիտեն, որ դա ծանրագույն հետևանքներ կունենա։ Հիմա, ինչո՞ւ ենք մենք մտնում նման խաղի մեջ: Նախ՝ մտնելը դժվար է պատկերացնել, բացի այդ` արժե՞ր, չարժե՞ր։ Վտանգը պատկերացնո՞ւմ ենք:

  • Մեր մարտահրավերները վերածվել են մեր երկրի համար սպառնալիքների: Վերջապես պետք է հասկանանք, որ այդ երկրների նպատակը Հայաստանի ոչնչացումն է` Հայաստանը գոյություն չունենա։ Իրենց պատկերացմամբ`այստեղ պետք է լինի թուրանական այդ զանգվածը, որը իր շահերից ելնելով՝ պատրաստ պետք է լինի դնել իր քաղաքացիների կյանքը, արյունը և այլն։ Ինչի՞ համար են դա անում. որպեսզի Հայաստանը չլինի, որովհետև Հայաստանը միշտ խոտորնակ է լինելու ամեն ինչին, ինչը թուրքական է, որովհետև մենք ցեղասպանության ենք ենթարկվել:

Ի դեպ, ադրբեջանական մամուլում տեսակետներ են հնչում, որ Հայաստանը կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ Թուրքախոս պետությունների կազմակերպությունում։

  • Հայ Առաքելական եկեղեցին մեզ համար արքետիպային արմատ է։ Դա մեր ազգային անվտանգության կարևորագույն գրավականն է։ Դա կարևորագույն առանցք է, որին չի կարելի անգամ պարսատիկի քարով դիպչել, որովհետև դրա պատասխանը կարող է լինել ատոմային զենքով։ Դա 1700 տարի հայկական ինքնություն է և իր մեջ է ներառում նաև այն ամենը, ինչը դրանից առաջ է եղել։ Հանկարծ չմտածեք, որ էդ 1700 տարին է միայն։ Դրանից առաջ եղածն էլ է գալիս այդ խողովակով, և մենք դրա տերն ենք, և դրանով ենք ապագայի համար թանկ՝ ապագայի, ոչ թե գոյություն ունեցող մերկանտիլ շահերի, որոնք քաղաքական են։ Եվ այդ պայմաններում թշնամական ուժերի գլխավոր նպատակը դա ոչնչացնելն է. Ինչպես ասում են՝ չկա մարդը, չկա պրոբլեմը։ Պրոբլեմը մեր հետ է կապված. մենք չեղանք՝ էդ պրոբլեմը չկա։

Այդպիսով հայկական սփյուռքը ևս կքայքայվի`ընդամենը 25-30 տարվա ընթացքում, որովհետև յուրաքանչյուր սփյուռքի գոյությունը մշակութային ռիթմի հաղորդումն է մայր երկրից։ Մեր հայկական մշակույթը, ցավոք սրտի, արտադրվում է միայն Հայաստանում. ինչքան էլ կաղալով, ինչքան էլ վնասված շերտով, որը չի կարողանում նույնիսկ ինքն իրեն վերարտադրել, բայց այնուամենայնիվ, Մայր հայրենիքն է պահողը։

…Իհարկե, դա Իսրայելի լոբբին է ,և նրանից ավելի ուժեղ անգլիական լոբբին, որն անընդհատ նպաստում է նրան, որ թուրքական ազդեցությունն ամեն տեղ փորձի ավելացնել ընդդեմ Ռուսաստանի։

Պետք է հասկանանք, որ չի կարելի նման բան թույլ տալ, հակառակ դեպքում մենք կընկնենք մահացու հարվածի տակ։ Ոչ միայն պետք է խելքներս գլուխներս հավաքենք, այլև պետք է հասկանանք, թե ի՛նչ է տեղի ունենում։

  • Աշխարհում հիմա, ուզում ես, թե չէ, բարձրանում է Իրանը, և մենք պետք է հաշվի առնենք մեր հակադրման հնարավորություններն այդ վտանգին, վտանգին, որը ալիքի նման գալիս է մեզ վրա։ Ոչ մի մահկանացուի տրված չէ ծովի ալիքը 2 ձեռքով կանգնեցնել։ Դու պետք է կարողանաս ալեհատ սարքել, դու պետք է կարողանաս հարաբերություններ հաստատել նրանց հետ, ովքեր պատրաստ են, ըստ ամենայնի, մտնել այդտեղ պայքարի մեջ, նաև քո կողքին կանգնել։

  • Ինչո՞ւ են մեզ ստիպում դուրս գանք ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ՆԱՏՕ, բնականաբար, չեն ընդունելու, բայց ստիպում են, որպեսզի ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերությունները խզվեն. մեզ փորձում են մեկուսացնել, առկախել, որպեսզի, երբ որ կարիքը լինի, որպես միրգ՝ պոկեն, ուտեն։ Չի կարելի՝ որևէ այլ դաշինքի մեջ չմտած, դուրս գաս մի դաշինքից, որում արդեն կաս, որը քո անվտանգությունն իր վրա կվերցնի, պատասխանատվություն կվերցնի…
  • Հիմա մենք գնում ենք մի ճանապարհով, որը կամայական պահի կարող է խզման բերել: Այսինքն՝ դու կորցնում ես ամեն ինչ, առկախվում ես օդում, հնարավոր բոլոր քամիները, հնարավոր բոլոր ալիքները քեզ տապալելու են։ Ինչի՞ ենք սա անում:
  • Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, դա շատ լուրջ կորուստ կլինի նաև Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանը հարավում ավելի բազիսային հենարան չունի։ Մեզ համար անթույլատրելի է նման խզման գնալը:
  • Անգլիական հին, հայտնի խոսք կա, որը Չերչիլին են վերագրում, բայց Չերչիլի ծնունդից մի 30 տարի առաջ է դա ասվել` Անգլիան չունի հավերժական դաշնակիցներ, Անգլիան ունի հավերժական շահեր, և մենք՝ որպես Անգլիա, որպես Մեծ Բրիտանիա, կարող ենք գործել միայն այդ շահերի շրջանակում։ Հիմա այդ մարդկանց շահը, արդեն 300 տարի է` Ռուսաստանը խորտակելն է, առավել ևս՝ այսօրվա Եվրոպան իր ապագան ինչ-որ չափով տեսնում է կտրատված Ռուսաստանի ռեսուրսները յուրացնելու մեջ։ Ռուսաստանը դրան ագրեսիվ ռեակցիա է տալու։ Էդ ագրեսիվ ռեակցիայի մեջ հեչ պետք չէ, որ մենք էլ ընկնենք։ Ես շատ պարզ եմ ասում, որովհետև դա մեր խնդիրը չէ, դա Եվրոպայի, եվրոպական երկրների և առաջին հերթին՝ Անգլիայի խնդիրն է, որովհետև Անգլիան մինչև այսօր, այնուամենայնիվ, ունի 1 առանցքային կողմնորոշում, այն է` Ռուսաստանը պետք է կործանվի, Ռուսաստանը պետք է խորտակվի, ռուսական ողջ ընդերքը պետք է պատկանի եվրոպական և, առավել ևս, առաջին հերթին՝ անգլիական հնարավորություններին, բիզնեսին, և այլն, և այլն։ Սա արդեն 300 տարի ընթացող պատմություն է, որը որևէ կերպ չի փոխվելու, այդ երկրների աշխարհագրական դիրքերը երբեք չեն փոխվելու, այդ երկրներում գոյություն ունեցող հնարավորությունները միշտ հակադրված են լինելու իրար, և անկախ նրանից՝ Հայաստանը ուզում է, չի ուզում, այդտեղ արդեն մենք դեր չենք խաղում։
  • Այսօր, ակնհայտ է, Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավիճակն իջեցրել է։
  • Տարիներ առաջ, լավ հիշում եմ, առաջին անգամ Հոլանդիայի ներկայացուցչի գլխավորությամբ եվրոպական պատվիրակություն էր եկել, առաջին բանը, որ վեր կացավ և հայտարարեց` մենք հոգնել ենք ձեզանից, հանկարծ չասեք` գալու ենք Եվրոպա-բան, մենք հոգնել ենք բոլորիցդ…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31