Մի՛ պայմանավորվեք անբարոյականի հետ. Բանակում զոհ կա, իշխանությունն ի՞նչ է անում՝ Էդգարի շուրջ աղմուկ է բարձրացնում, որ զոհը մոռացվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այն, ինչ Էդգար Ղազարյանն ասել է իր ելույթում, ճիշտ է: Նա ոչ մի բառ սուտ չի ասել: Վերջում էլ ասել է` «սրիկայաբար» շահարկում եք: Բա ի՞նչ ասեր, ասեր` հերոսաբա՞ր եք հանձնել Արցախը: Բայց ինձ ՔՊ-ի պահվածքը չզարմացրեց, այլ «Ուժեղ Հայաստան» ֆրակցիայի: Հետաքրքիր էր՝ ինչպես կարձագանքեր այդ ֆրակցիան իր թիմակցի՝ թեկուզ վիրավորական բառի համար, թեպետ այդտեղ վիրավորական բառ չկար: Իրերը պետք է կոչել իրենց անուններով: Ինչի՞ համար եք դուք Ազգային ժողովում: Իշխանությունն անհիմն հարձակում է սկսում Էդգար Ղազարյանի նկատմամբ, ընդ որում, դա անում է հատուկ որոշված կերպով, որովհետև Էդգար Ղազարյանի քննադատական խոսքը, մեղմ ասած, հաճելի չէ ՔՊ-ին: Իսկ ի՞նչ է անում իր ֆրակցիան:
- Նարեկ Կարապետյանը հստակ գնահատական պետք է տար իրավիճակին:
- Ամբողջ ելույթը, զեկույցը, փաստերը մի կողմ են դրվում, և իշխանությունն ու ընդդիմությունը (այդ թվում՝ Էդգար Ղազարյանի քաղաքական թիմը) սկսում են գերի դառնալ այդ միակ բառին ու խոսել այդ օրակարգի շուրջ։ Սա խնդիր է, այլ ոչ թե քաղաքական մոտեցում։
Եթե «Ուժեղ Հայաստան» դաշինքն Ազգային ժողով է գնացել հստակ նպատակներով, պետք է թիկունք կանգնի նման գործիչներին և ուժ տա։ Պետք չէ ասել՝ «մենք նիստում կքննարկենք, հետո Ձեզ կներկայացնենք, պարոն Ռուբինյան»։

- Ընդդիմությունը մանդատները վերցնելու պահին հենց դրան պետք է պատրաստ լիներ՝ իմանալով, որ լինելու են ՔՊ-ի պրովոկացիաները։
Քաղաքական և մեդիա դաշտում բոլորը գիտեին, որ ՔՊ-ն սևեռվածություն ունի հենց Էդգար Ղազարյանի նկատմամբ։ Առաջին օրվանից նրա ելույթը՝ սակրավորների հետ կապված, կտրել էին կոնտեքստից, թիրախավորում էին։ Տարբեր ճանապարհներով ստացված տեղեկությունների համաձայն՝ նրանք հանձնարարություն են ունեցել՝ հենց առաջին նիստերին ամեն գնով ստորացնելու Էդգար Ղազարյանին։
- Ավելին, Արցախի դրոշները հանելու հետ կապված ևս կար հանձնարարություն. Հրահանգված էր` ինչ գնով ուզում է լինի՝ կռվով կամ ծեծով, հանեք, մի՛ վախեցեք, ՊՊԾ տղաները կանգնած են, պետք լինի՝ կմտնեն։ Արդյունքում՝ դրոշներն այլևս չկան։ Ինչո՞ւ չկան։ Զիջե՞ց ընդդիմությունն այս հարցում։
- Ո՞ւմ հետ եք բարեկրթության պայմանավորվածություն անում։ ՔՊ-ի հետ բարեկիրթ լինելու համար խնդիր չունեք պայմանավորվելու, բայց պետք է կռվող լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Իսկ ճշմարտությունը չասելն արդեն բարեկրթություն չէ։
- Ընդդիմության իրական նպատակն իշխանափոխությունն է, հետևաբար՝ ԱԺ-ում կռիվներից խուսափել չի լինելու:
- Կարևոր է հիշել հին արևելյան ավանդույթը, որ հերոսը դևի դեմ պայքարելով՝ կարող է նմանվել դևին․ պետք է զգույշ լինել, որ իրենց մակարդակին չիջնենք։ Միևնույն ժամանակ, չպետք է վախենալ որևէ բանից և ամեն ինչ պետք է անել սեփական օրակարգով, ոչ թե առաջնորդվել նրանով, ինչը փորձում է թելադրել իշխանությունը։ Ընդդիմությունը պետք է ֆիքսի՝ մենք ձեզ հետ ոչինչ չունենք պայմանավորվելու:
- ՔՊ-ն ինչքան կարողանա ճնշել, ճնշելու է: Ինչպես Ադրբեջանն է, ինչքան կարողանում, ճնշում է Հայաստանին, այնպես էլ՝ ՔՊ-ն: Երբ դու ասում ես՝ «ребята, давайте жить дружно», իսկ դիմացինդ դա չի հասկանում, դու միշտ ճնշվելու ես:
- Իշխանությունն էլ գիտի, որ Նարեկ Կարապետյանը որակապես, իր հանրային ընկալման տեսակետից և բարոյական կերպարով, բնականաբար, շահեկանորեն տարբերվում է Փաշինյանից։ Եվ ինչո՞վ է զբաղված իշխանությունը. այն, ինչը Նարեկ Կարապետյանի առավելությունն է, փորձում են ներկայացնել՝ որպես իրենց առաջարկ, իսկ ընդդիմությունը գնում է դրա հետևից՝ փոխանակ ասելու, որ իրենց իրական պատկերը մենք վաղուց գիտենք։

- Երբ բանակն է միայն կռվում, պատերազմը պարտվում են, որովհետև պատերազմները հաղթում են պետությունները: Ես դեռ 2018թ.-ին եմ ասել՝ այս հեղափոխությունն Արցախը հանձնելու մասին է:
- Հայաստանի քաղաքական դաշտը փտած է ամբողջ իշխանական թևով և ընդդիմության մեծամասնությամբ: Բայց ես այն կարծիքին չեմ, որ այս Խորհրդարանում պոտենցիալ չկա:
- Իշխանափոխության պրոցեսը Պառլամենտում չի ձևավորվելու. Փողոց է պետք: Անիմաստ գործ է Ռուբինյանին կամ ինչ-որ ՔՊ-ականի բացատրել ինչ-որ գաղափարախոսություն: Ընդդիմադիրները պետք է պաշտպանված լինեն: Որպեսզի որևէ պատգամավոր սուր ու ճշգրիտ գնահատականներ տա, նա պետք է զգա, որ իր թիկունքին կանգնած են:
- «Ուժեղ Հայաստանը» երկրում իրավիճակ փոխելու լուրջ պոտենցիալ ունի: Բայց չես կարող գնալ ու անբարոյականի հետ պայմանավորվել, որ բարոյական սեքս ենք ունենալու միմյանց հետ: Դուք ձեր օրակարգերով գնացե՛ք, թող իրենք ձեզ հարմարվեն: Հետները մի՛ պայմանավորվեք: Իմ քննադատությունը սրան է վերաբերում:
- Եթե այս իշխանությունը մի տոկոս շանս թողած լիներ, որ հայկական օրակարգ են սպասարկելու, ես կասեի՝ հա, հետները համագործակցեք, պայմանավորվեք, բայց չկա նման բան: Սա պետք է մի կողմ դնել ու զբաղվել այն նպատակներով, որն ընդդիմությունը հայտարարել է նախ՝ ընտրությունների, ապա՝ մանդատները վերցնելու ժամանակ: Ամեն նիստերի դահլիճ մտնելուց առաջ կարդացեք ձեր իսկ հայտարարությունների տեքստերը, նոր մտեք:
- Հետաքրքրիր է հետևել, թե ընդդիմության որ թևից է գալիս այն խոսույթը` իբրև թե TRIPP-ի հարցով իշխանության և Նարեկ Կարապետյանի խոսույթները նույնն են:
- Երբ Կոմիտասից Կենտրոն հարցազրույցի գալու համար ես պետք է ծախսեմ ժամեր, հետո հոգնած հասնեմ տուն, այլև ո՛չ միտք կարող եմ գեներացնել, ո՛չ այլ օգտակար բանով զբաղվել: Հատուկ են անում, որ մարդը, կենցաղային հոգսերից բացի, այլ բանով չզբաղվի, ժամանակ ու ցանկություն չունենա պայքարելու համար:
- Եթե ուզում ենք պետություն ունենալ, պետք է պայքարենք դրա համար: Այո՛, պայքարը ենթադրում է զոհողություն ու կորուստներ: Բայց երբ պայքարում ես, կա նաև հաղթանակի հույսն ու մխիթարանքը, այլ ոչ թե այն վիճակը, երբ ամեն ինչ կորցնում ես և, Բագրատ սրբազանի բառերով ասած, «անիծված հեռանում այս աշխարհից»:

Այսօր մենք հենց այդպիսի իրավիճակում ենք. ունենք 5000 զոհ, բայց չունենք ո՛չ հաղթանակ, ո՛չ մխիթարանք, ո՛չ էլ հեռանկար: Եվ ընդդիմությունը, տպավորություն է, վախենում է այս մասին ուղիղ խոսել ժողովրդի հետ՝ մտածելով, թե դրանով պատերազմ ենք բերում մեր գլխին: Մինչդեռ, ժողովուրդ ջան, պատերազմ չենք բերում, այլ կանխում ենք 5 տարի հետո Հայաստան չլինելու հավանականությունը, որն անխուսափելի է, եթե գնանք Փաշինյանի նշած «իրական Հայաստանի» ճանապարհով:
Եթե չպայքարենք, այո՛, Ալիևը մարդ է ուղարկելու, որ ասի՝ ճանապարհն այստեղ գցեք, էնտեղ անցկացրեք, այստեղ կանգառ դրեք, և կամաց-կամաց վերացնելու է քո պետությունը: Բայց եթե դու դրան դիմադրում ես, դիմադրությունը, այո՛, ենթադրում է պայքար և կորուստներ, սակայն հույս կա, որ արդյունքում կունենաս հաղթանակ: Առանց դիմադրության դու ունես պետականության երաշխավորված կորուստ: Առանց դիմադրության` չի լինելու Հայաստանի Հանրապետություն, չենք ապրելու մենք Երևանում: Եվ թող 5 կամ 10 տարի հետո լինի այն, ինչ ասում են, բայց առանց պայքարի հենց այդպես էլ լինելու է:
Ինչի՞ վրա հույս դնենք. որ Ալիևը կասի՝ «դե լավ, հերիք է, սրանցից ինչ ստացա, ստացա, թող ապրե՞ն իրենց համար»։ Չէ՛, օր օրի տեսնում ենք, թե որքան ավելի ագրեսիվ է դառնում նա և ինչպես է Հայաստանի տարածքները ներկայացնում որպես ադրբեջանական: Եվ ինքը ճիշտ է անում իր տեսանկյունից, որովհետև չի տեսնում դիմադրություն:
- Էսօր բանակում զոհ կա, իշխանությունն ի՞նչ է անում՝ Էդգարի շուրջ աղմուկ է բարձրացնում, որ բանակում զոհը մոռացվի: Իշխանությունն ունի նպատակ և ամեն գնով գնում է դրան: Իշխանությունն էլ պետք է գնա իր նպատակների հետևից:
- Չնայած ահռելի ճնշումներին, մարդիկ մերժեցին այս իշխանությանը: Իսկ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումները դեռ մի տարի առաջ էին սկսվել: Բագրատ սրբազանի կալանավորումը, նախագահներին անընդհատ դատարաններ տանել-բերելը, ընդդիմության առաջնորդներին հետապնդելն ընտրակեղծարարություն չեն, բա ի՞նչ են: Բայց չնայած դրան, մարդիկ գնացին ու մերժեցին այս իշխանությանը:
- Այնպես չէ, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ մինչև վերջ անկեղծ է եղել: Ես տեսնում եմ, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում կոնֆլիկտները շատ են, բայց մենք տեսել ենք նաև, որ դա ինչ-որ պահի մի կողմ է դրվում ու հայտարարվում է, որ «Փաշինյանը դավաճան չէ» (Վլադիմիր Պուտինի հայտարարությունը տարիներ առաջ,- հեղ.): Բայց եթե պետք է, Փաշինյանն ասում է՝ սիրելի Եվրոպա, Ռուսաստանն ինձ հալածում է: Կարող է Փաշինյանի հո՞ւյսն էլ է այն, որ եթե այստեղ չստացվի, կտանեն, ինչ-որ պայմանական Օդեսայի նահանգապետ կնշանակեն, ինչպես արեցին Սահակաշվիլու դեպքում:
- Ռուսաստանում մի խնդիր կա, որը պարբերաբար արտահայտվում է՝ «хотели как лучше, получилось как всегда»: Ես անկեղծ լինեմ. Չեմ կարծում, որ Ռուսաստանում կա հստակ որոշում՝ Փաշինյանի հետ հարաբերությունները չկարգավորելու: Ցավոք, մեր ընդդիմության հույսն էլ է այն, որ Պուտին-Փաշինյան հարաբերությունները կվատանան, ընդդիմությունը կշահի. չի շահելու:
- Փաշինյանը հետևողականորեն շարունակում է կատարել այն պահանջները, որոնք իր առջև դնում են Թուրքիան և Ադրբեջանը:

- Չի լինելու ոչինչ, եթե չլինի նախապատրաստական աշխատանք, ու չկայացվի քաղաքական որոշում, որ, օրինակ, սեպտեմբերից փողոցային շարժում է գեներացվելու: Հակառակ դեպքում դա բերելու է հերթական հիասթափությանը: Այս պահին չեմ տեսնում, որ սեպտեմբերին ինչ-որ պրոցես կլինի: Թող հողի վրա աշխատանք լինի, ոչինչ, թող պրոցեսներն էլ նոյեմբերին գեներացնեն. Կսպասենք:
Մանրամասները՝ տեսանյութում։

