Ադրբեջանն՝ ընդդեմ Հայկական ԱԷԿ-ի. Փաշինյանի կառավարությունը պատի՞վ է տալիս ու անցնում «ի կատարում»

Վերջերս Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ազգային հեռուստատեսությանը, որի ընթացքում ուղղակիորեն արտահայտվել է Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի ապագա ճակատագրի մասին:

«Այդ կայանը հնացել է և վտանգի աղբյուր է ամբողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս իրենց մտահոգություններն են արտահայտել այս հարցի շուրջ տարբեր միջազգային հարթակներում: Այս կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել, վաղ թե ուշ այն պետք է փակվի»:

Այս քայլը կհանգեցնի լայնամասշտաբ էներգետիկ ճգնաժամի մեջ ընկղմվելուն, սակայն «եղբայրական» Ադրբեջանը, բնականաբար, պատրաստ է օգնության ձեռք մեկնել, ընդ որում, նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են արդեն հիմա:

«…մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման նախագիծը: Օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանում կառուցվել է շատ մեծ ենթակայան: Դրա հիմնական գործառույն էլեկտրաէներգիայի փոխանցումն է: Նման ենթակայանները կոչվում են փոխակերպման ենթակայաններ: Այն կառուցվել է ոչ թե ներքին էներգամատակարարման, այլ մեծ քանակությամբ էներգիա փոխանցելու համար: Այն պատրաստ է: Այն կառուցվել է հատուկ Զանգեզուրի էլեկտրաէներգետիկական միջանցքի համար:

Կարդացեք նաև

Մեր մասնագետների կողմից Հայաստանի տարածքում իրականացված վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրական սյուները: Հուսով եմ, որ հայկական կողմը ևս չի ձգձգի այս հարցը», քանի որ «լրացուցիչ աղբյուր ունենալը կարող է միայն օգուտ բերել: Օրինակ, այսօր մեր էներգետիկ գծերը կապված են Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ, իսկ Վրաստանի միջոցով՝ Թուրքիայի: Ուստի էներգետիկ միջանցքը, որը Հայաստանի տարածքով կհասնի Նախիջևան, այնուհետև Թուրքիա և Եվրոպա, նույնպես թույլ կտա Հայաստանի էներգետիկ համակարգին դիմակայել ճգնաժամի դեպքում։ Եվ որքան շուտ դա իրագործենք, այնքան լավ։ Իհարկե, դուք քաջատեղյակ եք, որ վերջին հինգ տարիների ընթացքում Քելբեջարի լեռներում 3500 մետր բարձրության վրա ձյան մեջ սյուներ ենք տեղադրել։ Այսինքն, եթե մենք պետք է իրականացնենք այս նախագիծը, դա կտևի առավելագույնը վեց ամիս»:

Ավելորդ է նույնիսկ ասել, որ նման հեռանկարը հայաստանյան փորձագիտական շրջանակներում միանշանակ չընդունվեց։ Ադրբեջանի առաջնորդի հռետորաբանությունը լիովին տեղավորվում է հաղորդակցությունների համալիր զարգացում ենթադրող TRIPP նախագծի տրամաբանության մեջ, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ Կիրառական համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների սեկտորի առաջատար գիտաշխատող Վահե Դավթյանը։

Նրա գնահատմամբ՝ ներկա փուլում Բաքուն չունի բավարար էներգետիկ հզորություններ էլեկտրաէներգիայի կայուն արտահանման, այդ թվում՝ Հայաստան մատակարարելու համար։ Եղած ռեսուրսները թույլ են տալիս հոգալ միայն մերձկասպյան երկրի սեփական կարիքները և էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնել հարևան Ռուսաստանի ու Իրանի հետ։ Հետևաբար, Ադրբեջանից դեպի արտաքին շուկաներ կանոնավոր ու կայուն մատակարարումների հնարավորության մասին խոսելը դեռևս վաղաժամ է։

Հնարավոր է՝ իրավիճակը փոխվի Ապշերոնի ափերին ատոմային էլեկտրակայանի կառուցումից հետո։ Այդ մասին, մասնավորապես, խոսել է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, իսկ 2024 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիևը չի բացառել, որ հանրապետությանը կարող է անհրաժեշտ լինել ԱԷԿ-ը մի շարք հարակից պայմանների դեպքում:

Դավթյանը չի բացառում 2022 թվականի փետրվարից ազատականացված Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկա արտաքին մատակարարների մուտքի հեռանկարները, այդ թվում՝ ներմուծման և արտահանման մասով:

Բնականաբար, առանձնահատուկ նշանակություն ունի Մեծամորի ԱԷԿ-ի ապագան, որը թույլ է տալիս Հայաստանին հանդես գալ որպես էլեկտրաէներգիա արտահանող, և մասնակցել տարածաշրջանային էներգետիկ նախագծերին՝ ներառյալ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքն Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահման: «Խնդիրն այն է, որ Հայաստանը զրկվի այդ ռազմավարական կարգավիճակից՝ դրանից բխող անվտանգության բոլոր հետևանքներով»,- նշում է Վահե Դավթյանը:

Իսկ АРКА գործակալության կարծիքով՝ «Ալիևը փաստացի Հայաստանին առաջարկում է նոր էներգետիկ և ենթակառուցվածքային ճարտարապետություն, որտեղ Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից աջակցվող TRIPP նախագծի դերը մեծանում է, մինչդեռ տարածաշրջանում ռուսական ավանդական ներկայությունը նվազում է»:

Պարբերականը համաձայն չէ Ադրբեջանի նախագահի որոշ թեզերի հետ՝ հիշեցնելով, որ «Հայկական ԱԷԿ-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և կառավարվում է հայկական պետական համակարգի շրջանակներում: Ռուսական ընկերությունների մասնակցությունը կայանի արդիականացմանը, տեխնիկական ուղեկցմանը և շահագործման ժամկետի երկարաձգմանը չի նշանակում ՀԱԷԿ-ի նկատմամբ սեփականության իրավունքի կամ պետական վերահսկողության փոխանցում Ռուսաստանին»:

ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը չի համապատասխանում Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը, որը մտադիր է «ներկայիս էներգաբլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2036 թվականը և օգտագործել այդ ժամանակահատվածը նոր ատոմային մոդելին անցնելու համար:

Կառավարությունն արդեն սկզբունքային որոշում է կայացրել պահպանել ատոմային էներգետիկան՝ որպես երկրի էներգետիկ անվտանգության հիմնական տարրերից մեկը, և նոր էներգաբլոկի ընտրության ժամանակ կողմնորոշվել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայով»:

Այստեղ կարելի է հիշեցնել, որ ռուսական կողմը բազմիցս Երևանին առաջարկել է ատոմային ոլորտում համագործակցության առավել հարմարավետ պայմաններ: 2026 թվականի ապրիլին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է «Ռոսատոմի» պատրաստակամության մասին՝ ապահովելու հայկական ԱԷԿ-ի շահագործման հետագա երկարաձգումը մինչև 2036 թվականը, սակայն ռուսական ատոմային կորպորացիայի կողմից պայմանագրային աշխատանքների առնվազն 70%-ը ստանալու պայմանով, սակայն Երևանը կողմնորոշվում է դեպի «եվրոպական վեկտոր» և նախընտրում է համագործակցել ոչ կոմպետենտ կապալառուների հետ:

Ավելի վաղ՝ փետրվարին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի կողմից 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին: Թրամփի «տեղակալի» խոսքով՝ Երևանն ու Սպիտակ տունը ստորագրել են միջուկային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որը հայտնի է որպես «Համաձայնագիր 123», որը «ճանապարհ է բացում հայկական և ամերիկյան ընկերությունների համար ապագա ծրագրերի իրականացման համար»: Խոսքը 5 մլրդ նախնական ներդրումների մասին է, հետագայում՝ ևս 4 մլրդ:

АРКА գործակալությունը հիշեցնում է. «կառավարությունն արդեն սկզբունքային որոշում է կայացրել պահպանել ատոմային էներգետիկան՝ որպես երկրի էներգետիկ անվտանգության հիմնական տարրերից մեկը, և նոր էներգաբլոկի ընտրության ժամանակ կողմնորոշվել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով»: Ալիևը նրանց դեմ առարկում է: Շատ կասկածելի է: …

ՀԱԷԿ-ն իսկապես կրիտիկական նշանակություն ունի. այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Դրա կանգնեցումն առանց ժամանակին փոխարինման լուրջ ռիսկ կլիներ էներգահամակարգի համար… հենց այդ պատճառով էլ պետական ռազմավարությունը նախատեսում է ոչ թե հրաժարում ատոմային էներգետիկայից, այլ գործող հզորության փոխարինում նորով»,- շարունակում է գործակալությունը՝ չհամաձայնելով Ալիևի այն պնդմանը, թե գործող ԱԷԿ-ից իբր վտանգ է սպառնում տարածաշրջանին.

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մասնակցում է Հայաստանի միջուկային անվտանգության ծրագրերին, իսկ կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը նախատեսվում է միայն համապատասխան հետազոտություններով և կարգավորող ընթացակարգերով դրա անվտանգ աշխատանքի հաստատման դեպքում:

Հայաստանի ատոմային էներգետիկան արդեն իսկ դարձել է տարբեր արտաքին խաղացողների մրցակցության ուղղություններից մեկը»,- փաստում է АРКА-ն։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի պայքարը Հայկական ԱԷԿ-ի դեմ կրում է սկզբունքային բնույթ՝ ընդունելով ամենատարբեր ձևեր։ Զարմանալի չէ, որ Իգդիրում չուշացան շնորհակալություն հայտնել Ալիևին՝ «հնացած» Մեծամորի ԱԷԿ-ից բխող վտանգի թեմային ուշադրություն դարձնելու համար։ Դրանից իբր սպառնացող ռիսկի թեման պարբերաբար բարձրացնում են Անատոլիայի արևելքում, այդ թվում՝ ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով, պատմել է «Իգդիրում Ադրբեջանի տուն» ընկերության ղեկավար, թուրք-ադրբեջանական բարեկամության ընկերությունների ֆեդերացիայի փոխնախագահ Սերդար Ունսալը։

«Մենք ստեղծում ենք տարածաշրջանի ընդհանուր ենթակառուցվածքը, իսկ դա ավելի ուժեղ է, քան ինչ-որ ռազմական դաշինքներ, թեև, եթե մենք ստեղծում ենք ընդհանուր ենթակառուցվածք, ապա միանգամից հարց է առաջանում՝ ո՞վ է այն պաշտպանելու… Քանի դեռ կա Մեծամորի ԱԷԿ-ը, Հայաստանը կախված է Ռուսաստանից, օբյեկտիվորեն կախված է։ Հենց որ Մեծամորի ԱԷԿ-ը չլինի, Հայաստանը կախված չի լինի Ռուսաստանից»,- անկեղծանում է քարոզիչ Գելա Վասաձեն։

Իր կողմից Ալիևն ուղղակիորեն ակնարկում է Հայկական ատոմային ոլորտի կախվածությունը ռուսական տեխնոլոգիաներից և մասնագետներից՝ առաջարկելով էներգետիկ կապերի այլ մոդել, որը լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական շահերին: Առաջարկը, որից Փաշինյանի կառավարության համար շատ դժվար կլինի (եթե ընդհանրապես հնարավոր է) հրաժարվել, արվում է ռուս-հայկական հարաբերությունների կտրուկ բարդացման, հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների շարքի և ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլև ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ առաջացած անորոշության խորապատկերին:

«Մոսկվան ինքն ավելի ու ավելի կոշտ է դնում Հայաստանի առջև աշխարհաքաղաքական և տնտեսական ընտրության հարցը, և այդ համապատկերին Ադրբեջանի նախագահի հարցազրույցի էներգետիկ մասը զգալիորեն ավելի ընդգրկուն է թվում, քան էլեկտրահաղորդման գծերի մասին սովորական խոսակցությունը,- գրում են ARCA-ի հեղինակները: –Եթե այսօր Հայաստանի էներգետիկ կապերի զգալի մասը պատմականորեն կապված է Ռուսաստանի հետ՝ գազի մատակարարումից մինչև միջուկային ոլորտում «Ռոսատոմի» մասնակցություն, ապա Ալիևի առաջարկած մոդելը լրացուցիչ առանցք է ստեղծում՝ Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա, ընդ որում՝ ամերիկյան TRIPP-ի քաղաքական հովանու ներքո: Սա դեռ չի նշանակում, որ մի համակարգն ավտոմատ կերպով կփոխարինի մյուսին։ Սակայն պոտենցիալ նման ենթակառուցվածքը կարող է նվազեցնել Հայաստանի կախվածությունը մեկ արտաքին ուղղությունից և միաժամանակ ուժեղացնել Ադրբեջանի և Թուրքիայի դերը Հարավային Կովկասի էներգետիկ ճարտարապետության մեջ»:

Ձգտելով օգտվել ստեղծված «աշխարհաքաղաքական պատուհանից»՝ Ալիևը Հայաստանին առաջարկում է «ենթակառուցվածքային մոդել, որն օբյեկտիվորեն նվազեցնում է ռուսական ներկայության բացառիկությունը և միաժամանակ Ադրբեջանին դարձնում ապագա տարածաշրջանային էներգետիկ համակարգի առանցքային մասնակիցներից մեկը»: Երկկողմ փոխգործակցության գործնական հարցերը քննարկվում են պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում՝ փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, և կարելի է ենթադրել, որ առաջիկայում էներգետիկ «ինտեգրման» մասին խոսակցություններն ավելի շատ կլինեն:

Այնուամենայնիվ, արդարացիորեն նշում է «Внешний Враг» հեռագրային ալիքը, ցանկացած «դիվերսիֆիկացիա պետք է նոր հնարավորություններ ավելացնի արդեն գոյություն ունեցողներին, այլ ոչ թե ոչնչացնի գործող համակարգը՝ ակնկալելով, որ մի օր կհայտնվի մեկ այլ… Չի կարելի փոխել գործող էներգետիկ համակարգը մի շարք խոստումներով և տեխնոլոգիաներով, որոնք գոյություն ունեն հիմնականում նախագծերում: Նախ պետք է կառուցել իրական այլընտրանքներ, ստուգել դրանց տնտեսությունն ու հուսալիությունը, իսկ հետո միայն վերանայել գոյություն ունեցող ճարտարապետությունը»:

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31