Ինչո՞ւ բանտերում չեն միլիարդներ ուտողները, երբ բժշկին 1000 դրամի համար պատժում եք. Անուշ Պողոսյան
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանն է:

- Օգոստոսի 7-ին ես էլ շատերի պես Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի բակում էի, որտեղ մեկնարկել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի դատավարությունը։ Մեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն այնտեղ բազմահազարներով էին։ Եվ դա հույս է ներշնչում, հայ ժողովուրդն ունի այդ գիտակցումը, որ բոլորս այս ծանր օրերին պետք է կանգնենք Հայ Առաքելական եկեղեցու կողքին։
- Աղանդավորական կազմակերպությունները մեզ մոտ շատ են, և հաճախ նրանց կողմից թիրախավորվում են մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական խնդիրներ, այդ մարդիկ մանիպուլացվում են նրանց կողմից։ Հաճախ շատ մարդիկ, այդ թվում` շատ երիտասարդներ, որոնք իրենց կյանքի ընթացքում կամ ինչ-որ փուլում ունենում են որոշակի խնդիրներ, սթրեսներ, այդ աղանդավորական կառույցների ցանցն են ընկնում, կախվածության մեջ հայտնվում։ Այդ ծանր կախվածությունները հետագայում հոգեբանական, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են առաջացնում այդ մարդկանց մոտ։ Նման մարդկանց հեշտ մանիպուլացնում են` նաև ֆինանսական տարբեր տեսակի մախինացիաների մեջ ներգրավելու առումով: Եվ, այո, այդ կազմակերպությունների գործունեությունը խրախուսվում է իշխանությունների կողմից, իսկ Հայ Առաքելական եկեղեցու ծառայողները հետապնդվում են: Եվ, այո, ընտրությունների ժամանակ աղանդավորական այդ ռեսուրսն օգտագործվում է:

- Սա նաև լուրջ առողջապահական խնդիրներ է առաջացնում, որովհետև ժամանակի ընթացքում այս մանիպուլացվող քաղաքացիներն արդեն ավելի խոր հոգեկան խնդիրների առաջ են կանգնում։ Ցանկացած կախվածություն բերում է նրան, որ իրենք, վերջիվերջո, հայտնվում են հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ընտանիքներում կոնֆլիկտներ են առաջանում, որովհետև շատ դեպքերում ընտանիքի անդամները չեն կիսում իրենց ընտրությունը, և այլն, ընտանիքներ են քայքայվում… Դա ազգային անվտանգության խնդիր է։
- Մենք որոշ աղանդավորական կազմակերպությունների հետ կապված նաև շատ լուրջ առողջապահական խնդիր ենք ունենում: Օրինակ, կան աղանդներ, որոնք թույլ չեն տալիս արյան փոխներարկումը, և շատ լուրջ խնդիր է առաջանում, երբ հիվանդի կյանքը փրկելու համար նման անհրաժեշտություն է լինում:
- Ինչու է ձախողվել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ամենակարևոր ռեֆորմներից է, որը, սակայն, պետք է արվեր շատ մանրամասն հաշվարկված, շատ ճիշտ և ռիսկերը գնահատված: Տարիներ շարունակ նախկին իշխանությունները դրա մասին քննարկել են, անգամ մենք հայեցակարգն ենք հաստատել, սակայն հաշվի առնելով այդ ռիսկերը, նրանք չեն գնացել դրան, և դրա համար էլ պետպատվերի համակարգը ներդրվեց, որը մեծ առումով անցումային փուլ էր դեպի առողջության ապահովագրության:
Այս իշխանությունները, սակայն, առանց հնարավոր ռիսկերը գնահատելու, հախուռն ներդրեցին, օրենքը ներկայացրեցին: Ի դեպ, բազմաթիվ քննադատություններից հետո խնդրահարույց օրենքում որոշ փոփոխություններ գոնե արվեցին, այլապես մենք այսօր ավելի վատ վիճակ էինք ունենալու։ Ընտրությունների ընթացքում օգտագործեցին, մարդկանց աչքերին, ինչպես ասում են` թոզ փչեցին: ԱԺ ընտրություններում իշխանությունների քարոզարշավի մեխը դա էր, խոսելու այլ բան չունեին։ Եվ որոշ մարդիկ, այո, օգտվեցին, մենք էլ էինք հորդորում մարդկանց` գնալ և, քանի կարող են`օգտվել: Եվ մենք ճիշտ դուրս եկանք, որովհետև այլևս մտցրել են համավճարների ամբողջ փաթեթը։
Ես զգուշացրել էի և այսօր տեսնում ենք, որ մենք արդեն փաստացի ունենք մի իրավիճակ, երբ համավճարը ոչ միայն 18+ տարիքի մարդկանց վրա է կիրառվում, այլ նաև 0-18 տարեկան մեր երեխաների, որոնք պետք է անվճար օգտվեին առողջապահական ծառայություններից: Տասնյակ տարիներ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը, հատկապես՝ արտահիվանդանոցային, հիմնականում եղել է անվճար, այսօր արդեն անգամ նեղ մասնագետի կոնսուլտացիայի համար վճարում են, ինչը խոսում է նրա մասին, որ ապահովագրության ներդրումն իմիտացիա էր, և մենք այլևս շատ դեպքերում չունենք պետպատվերի, անգամ առաջվա պետպատվերի ծավալի սպասարկումը։ Եվ բազմաթիվ են բողոքները. մարդիկ պետպատվերի շրջանակում տարիներ շարունակ ստացել են, օրինակ, անվճար դեղորայք, իսկ այսօր այդ դեղորայքը ստանում են համավճարով, մարդիկ տարիներ շարունակ գնացել են նեղ մասնագետի մոտ և չեն վճարել, այսօր ստիպված են վճարել։
- Բուժհաստատությունների բիզնես կազմակերպիչները հասկանում են, որ տրված գումարները քիչ են, և այսօր նրանք կիրառում են համավճար՝ իրենց ծառայությունների ծախսերը փակելու համար, և բժիշկները, որոնք 3-4 անգամ ավելի մեծ ծավալի աշխատանքներ են կատարում, այսօր ծիծաղելի աշխատավարձեր ստանում։

- Արտահիվանդանոցային բլոկում շատ նեղ մասնագետների են կրճատում։ Սա նշանակում է, որ շատ շուտով մենք ունենալու ենք մի այնպիսի իրավիճակ, երբ պոլիկլինիկաներում չեն լինելու նեղ մասնագետները, նրանք լինելու են բացառապես հիվանդանոցներում, որովհետև պոլիկլինիկաներում նրանց լինելն այլևս ձեռնտու չի լինելու ո՛չ բժշկին, ո՛չ պոլիկլինիկային։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք. Բուժհաստատությունների տնօրենները նախընտրական շրջանում կոմպենսացնում էին բժիշկների, բուժանձնակազմի աշխատավարձերը, իսկ հիմա արդեն այդ կոմպենսացիան չկա, հետևաբար՝ այդ բժիշկները կրճատվելու են։
Փաստորեն, համավճարը կիրառում են, որպեսզի բժիշկն ադեկվատ աշխատավարձ ստանա, որովհետև պետությունը չի նախատեսել բժշկի համար նորմալ աշխատավարձ։ Եթե այդ բժիշկները ստանում էին հաստատագրված՝ պերկապիտա` բազիսային աշխատավարձ, և դրան գումարվում էր իրենց կոնսուլտացիաների, իրենց վճարովի ծառայությունների տոկոսը, ապա այդ «պերկապիտա» հասկացությունը վերացել է։ Այսինքն՝ այդ բժիշկներն այլևս բազային աշխատավարձեր չունեն, չնայած ծանրաբեռնվածությունն ավելացել է։
- Մենք սոցիալական խնդիրներ ունեցող երկիր ենք… ընդհանուր աղքատությունը 21-22% է, ինչպես նաև ունենք ծայրահեղ քանակի միգրանտների հոսք… Մենք բազմիցս խոսել ենք նաև աշխատելու նպատակով Հայաստան եկող, սպասարկման ոլորտներում ներգրավված միգրանտների վերահսկողության, սանգրքույկների խիստ անհրաժեշտության մասին: Օրինակ` տուբերկուլյոզի առումով մենք ռիսկային գոտի ենք։ Մենք ունենք նաև դեպի դուրս աշխատանքային միգրացիա․ մեր երկրի քաղաքացիները գնում են, այլ երկրներում աշխատում և վերադառնում են։ Այսինքն՝ եթե համապատասխան ծառայությունում պրոֆիլակտիկա չլինի, մենք 2-3 տարի հետո տեսնելու ենք տուբերկուլյոզով հիվանդության թվի աճ, իսկ դա օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդություն է։ Կրկին` ազգային անվտանգության խնդիր է։
- Դեռ 2 տարի առաջ բարձրաձայնում էի այդ խնդրի մասին, որ սպասարկման ոլորտում, որտեղ կա ռիսկայնություն, բոլոր աշխատողները, կապ չունի ազգությունը, բոլորը պետք է ունենային սանիտարական գրքույկ, նրանք պետք է տարբեր ինֆեկցիաների հետ կապված 6 ամիսը մեկ, որոշ դեպքերում՝ տարին 1 անգամ հետազոտվեին։
Նույնիսկ օրինակներ եմ բերել, հենց նույն տուբերկուլյոզի դիսպանսերում մենք ունեինք այլ ազգի միգրանտներ, որոնք այնտեղ բուժվում էին… Վերջապես, եթե չեմ սխալվում, 5-6 օր առաջ հայտարարություն եղավ, որ այսուհետ միգրանտները, սպասարկման ոլորտի և այլն, ոչ միայն միգրանտները, այլ բոլորը պետք է ունենան սանգրքույկներ, պետք է հետազոտվեն։ Իսկ թե մենք այդ 2-2.5 տարում ինչքան կորցրեցինք և ինչ էպիդեմիոլոգիական շղթաներ բաց թողեցինք, չեմ կարող ասել, բայց նոր-նոր որոշել են, ականջալուր են եղել, որ պետք է այդ մարդիկ հետազոտվեն։

- Մենք 3 տարի առաջ ունեցել ենք կարմրուկի խայտառակ հիվանդացություն Հայաստանում՝ հենց բերովի։ Հիշում եք այդ դեպքը, նորից իմ կողմից բացահայտվեց, երբ բուժքույրը, որն այցելել էր ինչ-որ երկիր, վերցրել էր կարմրուկը, վերադարձել էր աշխատանքի, գնացել էր իր աշխատանքին և այնտեղ երեխաներին վարակել էր կարմրուկով։
- Մենք ունենք լուրջ խնդիր, որը վերաբերում է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին (ՍԲՀԿ)․ առաջ այս կետերը գործում էին Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում (օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, Բագրատաշենում, Բավրայում, Գոգավանում) և իրականացնում էին սանիտարահամաճարակային վերահսկողություն. ջերմող հիվանդների մեկուսացում, ճշտում էին՝ ո՞ր երկրից են գալիս, ինչպիսի՞ն է այդ երկրի էպիդեմիոլոգիական վիճակը… Սակայն այդ ՍԲՀԿ-ները, եթե չեմ սխալվում, 2020 թվականին օպտիմալացվեցին, հանվեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (ԱԱՏՄ), և այսօր ինչ է կատարվում՝ ճիշտն ասած, չեմ տիրապետում։ Բացի այն, որ մեր երկրի քաղաքացիներն են գնում արտագնա աշխատանքի և վերադառնում, ունենք բազմաթիվ աշխատանքային միգրանտներ, որոնք կարող են իրենց երկրներից բերել սպեցիֆիկ հիվանդություններ, որոնք հետագայում մեզ համար խնդիր կդառնան էպիդեմիոլոգիական առումով։
- Այսօր ակտիվ կերպով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերն են փակում, աշխատողներին են կրճատում։ Մենք կորցնում ենք մասնագետներ՝ էպիդեմիոլոգներ, համաճարակաբաններ, հիգիենիստներ։ Քովիդի ժամանակ մենք ունեինք այդ մասնագետների լուրջ խնդիր, իսկ հիմա էլ ինֆեկցիոնիստներին են պոլիկլինիկաներում կրճատում։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեկնարկին պետությունն առողջապահական ոլորտի բյուջեն ավելացրել է տասնյակ-միլիարդավոր դրամներով: Մասնավորապես, համակարգի ներդրման տարում առողջապահությանը հատկացված ընդհանուր գումարը հասել է շուրջ 210.9 միլիարդ դրամի (նախորդ տարվա համեմատ՝ ավելանալով մոտ 44.3 միլիարդ դրամով՝ պայմանավորված հենց ապահովագրական համակարգի գործարկմամբ): Ըստ պաշտոնական կանխատեսումների և հաշվարկների՝ համակարգի վերջնական և ամբողջական ներդրման դեպքում (երբ այն կներառի ամբողջ բնակչությանը) տարեկան պահանջվող ընդհանուր ծախսերը կարող են հասնել մոտ 300 միլիարդ դրամի:
Պետությունը պարտավորվել է ամբողջությամբ վճարել ապահովագրավճարները բնակչության սոցիալապես խոցելի և թիրախային խմբերի համար (մինչև 18 տարեկան երեխաներ, 65-ից բարձր տարիքի անձինք, հաշմանդամություն ունեցողներ և անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքներ), ինչը պետական բյուջեի համար ենթադրում է կայուն և երկարաժամկետ ֆինանսական ներարկումներ:

- Այն, որ ասում են՝ 44․3 միլիարդ ավելացրել են, ես ունեմ ՊԵԿ-ին արված պաշտոնական հարցումների արդյունքում իմ կատարած հաշվարկները, թե որքան աշխատողներ կան, որ 200.000 դրամ և ավելի աշխատավարձ են ունենում։ Հաշվարկներով` ապահովագրման ներդրման պահին 53 միլիարդը հավաքել են բնակչությունից։ Այսինքն՝ այդ մանիպուլյացիան, որ մենք 44 միլիարդ ավելացրել ենք… կրկնում եմ` համակարգի ներդրման պահին 53 միլիարդը վճարել է բնակչությունը, սակայն հիմա ավելի է բարձրացել այդ գումարը, որտեղ ըստ իրենց հրապարակումների՝ ապահովագրվածների թիվը ավելացել է։ Մեր 3 միլիոն բնակչի բժշկական օգնությունը և ապահովագրման սպասարկումը (ճիշտ ապահովագրության կոնտեքստում) կազմակերպելու համար միջազգային հաշվարկներով` մոտ 550-600 միլիարդ դրամ գումար է պետք։ Այսինքն՝ անկախ ամեն ինչից, եթե անգամ մինչև 300 միլիարդ դարձնեն այդ գումարը, իրենց մոտ չի ստացվելու ապահովագրությունն ամբողջությամբ ծածկել։ Նրանք շատ լավ գիտեն այդ հաշվարկները, դրա համար իրենք կարմիր գծով տանում են համավճարների հանգամանքը: Եվ, հետաքրքիրն այն է, որ համավճարները երբեմն կրկնակի են լինում:
Օրինակ, եթե կոնսուլտացիայի է գնում քաղաքացին, կոնսուլտացիոն գումարն իր հիվանդանոցը սահմանում է 18000 դրամ, 6000-ը փոխանցում է ապահովագրությունը, 12000-ը տալիս է բնակիչը, և էստեղ ստացվում է, որ բնակիչները կրկնակի գումար են վճարում իրենց ծառայության համար, այսինքն՝ մի հատ տալիս է ապահովագրական հիմնադրամին, մի հատ էլ հենց հիվանդանոցում է համավճար անում։ Սա լուրջ խնդիր է, սա անկառավարելի է դառնալու, և դրա արդյունքում մեր քաղաքացին է ամենամեծ տուժողը լինելու:
- Համակարգից օգտվելու համար պահանջվում է խիստ հիերարխիկ ընթացակարգ՝ նախ պոլիկլինիկայում գրանցվել ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ, ստանալ ուղեգիր, ինչը հաճախ ուղեկցվում է երկար հերթերով: Շտապ կամ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում այս գործընթացը դժվարացնում է բժշկական օգնության օպերատիվ ստացումը:
Քաղաքացիները նախընտրում են գնալ, առանց հերթագրման, իրենց ծառայությունը վճարովի ստանալ, անկախ ապահովագրված լինելու փաստից։
- Ո՞վ է վերահսկում այս ապահովագրական հիմնադրամի գործունեությունը, ֆինանսական շարժը։ Ըստ օրենքի, որ ընդունվել է, ամբողջ ֆինանսական գործունեությունը պետք է կառավարվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, որը և նշանակում է հիմնադրամի տնօրենին։ Ստեղծվեց հանձնաժողով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը պետք է հոգաբարձուների խորհուրդն ընտրեր։ Հայտարարություն տվեցին, որ պետք է ընտրվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Ճիշտն ասած, ես ինքս իմ փաստաթղթերն ուղարկել էի, որովհետև, երբ դու գործընթացի մեջ ես մտնում, հասկանում ես` իրենք ինչ են անում, և շատ տարօրինակ մի բան ստացվեց։ Շատ պատահական Առողջապահության նախարարության էջում ես տեսնում եմ հայտարարություն, ըստ որի`ցանկացողները հենց հաջորդ օրը պետք է արդեն մասնակցեն այդ մրցույթին։
Երբ փորձեցի շատ երկար զանգերի միջոցով հասկանալ՝ որտե՞ղ է մրցույթը, ո՞ր ժամին է մրցույթը, ի՞նչ ֆորմատով է, ինձ կամ չէին պատասխանում, կամ խոստանում էին հետ զանգել… մինչև որ հաջորդ օրը, մրցույթի ավարտից 1 ժամ հետո ես նամակ եմ ստանում, որ իմ փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքով սահմանված կարգով մրցույթին մասնակցելու համար։ Իսկ թե ո՞ր կետով չեմ համապատասխանում` հասակս էր կարճ, քաշս էր ավել, թե ինչ` չհասկացա, որովհետև ոչ մի կետ, ոչ մի հղում չկար, ուղղակի գրել էին` չեք համապատասխանում: Այնուհետև տեսնում ենք արդեն ընտրված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։
Եվ հետաքրքիր բան արձանագրեցինք` խորհրդի կազմում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդականը, ամերիկյան խոշորագույն առողջապահական կազմակերպության «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային բժշկական տնօրենը… այն դեպում, երբ հստակ ասվում է` հոգաբարձուների խորհրդի անդամը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Հասկանո՞ւմ եք` այդ մարդիկ պետք է կառավարեն Հայաստանի Հանրապետության ամենամեծ բյուջե ունեցող հիմնադրամը, է պետք է տիրապետեն նաև մեր անձնական տվյալներին, որոնք գեներացված են այդ հիմնադրամում. հարց եմ տալիս` ովքե՞ր են այդ մարդիկ, ի՞նչ գործ ունեն այդ հիմնադրամում, ի՞նչ շահեր են հետապնդում։ Քանի որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքը դեռ չկա, այս պահին մենք պարզապես տեսնում ենք, որ ընտրվել են, դեռ գնահատականներ չեմ տալիս, բայց այն, որ արդեն ընտրությունը մենք տեսանք՝ ինչպես է կատարվում, հասկանալի է, որ դա մրցույթ չէր, ձևական ընթացակարգ և նշանակումներ էին։
- Հայաստանի բժիշկները տարիներ շարունակ ծառայում են որպես էժան աշխատուժ եվրոպական երկրների և ԱՄԷ-ի համար, որոնք, իրենք էլ իրենց հերթին՝ կադրային արտահոսք ունեն դեպի Կանադա և Շվեյցարիա։ Մեր բժիշկները, առավել ևս՝ այս պայմաններում, գերադասում են դուրս գալ երկրից:

- Ապահովագրական համակարգի և նոր կարգավորումների հետևանքով վճարովի հիվանդների թիվը նվազել է, ինչի պատճառով բժշկական կենտրոնների տնօրենները չեն կարողանում բժիշկներին արժանապատիվ աշխատավարձ վճարել։
- 100% պետական ենթակայության հիվանդանոցները հաճախ չեն կարողանում ժամանակին փոխհատուցումներ ստանալ պետական և ապահովագրական հիմնադրամներից, ինչն ուղղակիորեն հանգեցնում է բուժաշխատողների աշխատավարձերի ուշացումների։
- Առողջապահության նախարարությունը պարտադիր ապահովագրության ներդրման և ծառայությունների արժեքների (օրինակ՝ խորհրդատվությունների, լաբորատոր հետազոտությունների) հաշվարկման հարցում չունի հստակ և թափանցիկ տնտեսական հիմնավորում։
- Դեպքեր կան, երբ բժշկի կոնսուլտացիայի արժեքը սկզբում գնահատվել է 2,000 դրամ (պետպատվերի նախկին տրամաբանությամբ), այն դեպքում, երբ նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նույն ծառայության գինը տատանվել է 10,000-20,000 դրամի սահմաններում։
- Ատեստացիայի սպառնալիք․ Ներդրվող անհատական լիցենզավորման և ատեստացիայի համակարգը հախուռն է և չհաշվարկված, ինչը կարող է հանգեցնել մեծ թվով որակյալ բժիշկների՝ համակարգից դուրս մնալուն և նոր արտագաղթի ալիքի։
- Բժշկական համալսարանն ավարտած և կլինիկական օրդինատուրա անցած մասնագետներին առանց լիցենզիայի աշխատել արգելելը սահմանափակում է մասնագիտական գործունեության իրավունքը:
- Բժշկական հաստատությունների ղեկավարների և տնօրենների մեծ մասը ներգրավված են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության մեջ (ավագանու անդամներ, պաշտոնյաներ), ինչը հանգեցնում է վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական օրենսդրության խախտումների։
- Բժիշկների, բուժքույրերի և միջին բուժանձնակազմի նկատմամբ կիրառվում են ճնշումներ քաղաքական հայացքների կամ սոցիալական ցանցերում քննադատական կարծիքներ հայտնելու/լայքելու համար՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում և այլ բուժհաստատություններում աշխատանքի անցնելու արգելք։
- Իշխանամետ շրջանակներին հարող տնօրենների և պաշտոնյաների կողմից հնարավոր ֆինանսական չարաշահումների (օրինակ՝ բյուջետային միջոցների վատնման) պարագայում պատասխանատվությունից խուսափելու և արտոնյալ վիճակում մնալու միտումներ կան։
- Քովիդի ժամանակ մի հսկայական Հաշվեքննիչ պալատի զեկույց ներկայացվեց, որտեղ գրված էր միլիարդավոր դրամների հասնող անարդյունավետ ծախսերի մասին, գնումների մասին, բավականին մեծ թվով խախտումների մասին. Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը կարևոր դերակատարում ունեին, սակայն պատասխանատվություն չկրեցին:
- Մինչ պետական բյուջեի միլիարդների վատնումները մնում են անհետևանք, ապահովագրական հիմնադրամները խիստ պատժամիջոցներ են կիրառում բժիշկների նկատմամբ աննշան (օրինակ՝ 1000 դրամանոց հետազոտության) փաստաթղթային կամ հիմնավորման շեղումերի համար։
- Երբ նախարարությունը մեծ քանակով «Գենսուլին» էր ձեռք բերել, հիշում եք՝ ես ահազանգեցի, մոտ 100-ի հասնող հիվանդներից նամակներ ստացա, ստորագրահավաքներ արեցին, որ մեր առողջությունը վտանգված է։ Այդ ժամանակ նախարարությունը մնաց իր կարծիքին, որ այդ դեղն անվտանգ է, քանի դեռ մի քանի ամիս առաջ, մեր, իմ ահազանգերից հետո մենք տեսանք տեսչական մարմնի կողմից հայտարարություն, որ հետ է կանչվել «Գենսուլինի» խմբաքանակը՝ հաշվի առնելով որակական ցուցանիշները և այլն։
Ի դեպ, ես դրա մասին բազմաթիվ անգամ եմ խոսել. երբ հայտարարեցի, որ Թաիլանդի Հանրապետությունն այդ դեղը հետ է կանչել, որովհետև եղել է որակի խնդիր, սկզբից Առողջապահության նախարարության դեղերի վարչությունը հերքեց՝ ասելով` «Չկա տենց բան»։ Երբ որ ես հրապարակեցի Թաիլանդի Հանրապետության արձանագրությունները, նրանք ասացին՝ դե, մի խմբաքանակ է եղել, հետ է կանչվել։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունը հետ է կանչում այդ պրեպարատը, բայց անցել է 4 տարի․ երևի 4 տարի մեր բնակիչները ստացել են «Գենսուլին», որովհետև չկարողացան առողջապահության նախարարին և դեղերի փորձագիտական կենտրոնին համոզել, որ դեղը խնդիր ունի։
- Հասկանալի պատճառներով Հայաստանում բոլոր պիլոտային ծրագրերը կատարվում են կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում, կամ լավագույն դեպքում կարող են վերցնել մի մարզ, ու միշտ լինում է Գյումրու բժշկական կենտրոնը։ Մի քանի սկրինինգների հետ կապված պաշտոնապես խնդրել եմ տրամադրել սկրինինգային պիլոտի ամփոփման արդյունքները` հասկանալու համար` ի՞նչ արդյունքի եկան, քանի՞ մարդու հետազոտեցին, քանի՞սն ուներ հիվանդություն, քանի՞սն է ռիսկային… և ինձ պատասխանեցին, որ ամփոփում չկա: Ապահովագրական ծրագրի ամենակարևոր ֆունկցիան այն է, որ կանխարգելի հիվանդությունը, չունենանք հիվանդ քաղաքացի, որ այդ հիվանդ քաղաքացին չդառնա հաշմանդամ և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա խիստ ազդեցություններ չունենա։ Սակայն մեզ մոտ կանխարգելիչ բժշկությունն այսօր ամբողջությամբ հետին պլանում է, և մեր առողջության առաջնային պահպանման բժիշկներն այսօր միայն թղթաբանություն են անում, հասցնում են միայն ուղեգրեր կախել, ինչ-որ հաշվետվություններ տալ, և սկրինինգային այդ ծրագրերը լրիվ հետին պլան են մղվել:
- Քաղաքացիներն իրենց ընտանեկան բժիշկներից կամ թերապևտներից, մանկաբույժներից պետք է պահանջեն իրենց տարիքային խմբերի սկրինինգային հետազոտությունները։ Եվ բժշկական ապահովագրության բժիշկները պարտավոր են իրենց բնակչությանը տեղեկացնել, որ իրենք այսինչ տարիքային խմբում են և պետք է անցնեն համապատասխան հետազոտությունները: Մեր քաղաքացիներին կհորդորեմ անպայման ճշտեն՝ իրենց տարիքային խմբում ի՞նչ սկրինինգներ են նախատեսված, և պարտադիր կատարեն այդ սկրինգները:
- Ինչո՞ւ ունենք դեղորայքի դեֆիցիտ, որովհետև դեղ արտադրողների համար Հայաստանում դեղ գրանցելը բիզնես առումով էֆեկտիվ չէ, ինչպես նաև շատ քաշքշուկներ են առաջացնում դեղերի փորձագիտական կենտրոնում… ամիսներ, գուցե և 1 տարի գրանցման գործընթացները կարող են տևել, վճարումները, տուրքերը վճարելուց հետո կարող է ընկերությունը պատասխան ստանալ, որ, օրինակ, ինչ-որ մի հետազոտություն չունեք, ու դրա համար այդ դեղը չի գրանցվի։
- Դեռ 2 տարի առաջ ահազանգ հնչեցրեցի խմելու ջրի աղտոտվածության մասին, մասնավորապես` Արմավիրի մարզի օրինակով: Խմելու ջրի մասին վերջերս խոսում են տարբեր իրավապաշտպաններ, բայց ինձ համար տարօրինակ էր, և անգամ ես իրենց տեղեկացրեցի, որ սխալ է միայն «Վեոլիա ջրի» վրա պատասխանատվությունը դնելը։ Հայաստանի Հանրապետությունում ջրի նկատմամբ վերահսկողությունը կատարվում է Առողջապահության աշխատանքի տեսչական մարմնի կողմից. եթե կան խախտումներ, շեղումներ, իսկ շեղումների մասին հետազոտությունները կատարվում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ՊՈԱԿ-ի կողմից։ Արդեն ասացի, որ կրճատում են մարզային այդ կենտրոն կառույցները, այն դեպքում, երբ մենք ունենք բնական ժանտախտի օջախներ, բնական խոլերայի օջախներ…

Այդ տարածքներում այդ կառույցները միշտ կատարել են հետազոտություններ՝ հողի նմուշառում, ջրի նմուշառում, որպեսզի տեսնեն` այդ սպորներն ակտի՞վ են, թե՞ ոչ, վտանգներ կա՞ն, թե՞ չկան: Հատկապես խոլերայի հետ կապված՝ ամառվա շրջանում Արմավիրի մարզն է ակտիվ: Մենք ունենք տուլարեմիայի օջախներ Գեղարքունիքի մարզում, ժանտախտի օջախներ, սիբիրյան խոցի օջախներ՝ Վարդենիսի տարածաշրջանում։ Այսինքն՝ այս բոլորի ուղղությամբ պետք է տեղում դաշտային աշխատանքներ կատարվեին, համապատասխան եզրահանգումներ արվեին, և անհանգստության դեպքում կատարվեին տարածքների,փակում, համապատասխան գործողություններ, և այլն, և այլն։
Հետևաբար, եթե խնդիրը բարձրացնում են, պետք է ամբողջական խոսել: Վերահսկող մարմինների մասին է պետք խոսել: Ես այս մասին ասել եմ Արփինե Հովհաննիսյանին, երբ նա գրել էր ինձ: Ինչո՞ւ է թիրախավորվում միայն «Վեոլիա ջուրը», երբ վերահսկող մարմիններն ուրիշ են։ Երբ հետազոտություններում շեղումներ են հայտնաբերվում, օրինակ, մարզերում ջրային կապտաժներ են կոչվում (Ջրային կապտաժը ինժեներատեխնիկական միջոցառումների համալիր է՝ ստորերկրյա ջրերը (աղբյուրներ, ստորերկրյա հոսքեր) երկրի մակերևույթ հանելու, հավաքելու և մաքուր վիճակում ջրատար համակարգ կամ սպառման վայր տեղափոխելու համար:
Նպատակն է` ապահովել ստորերկրյա ջրերի պաշտպանությունն աղտոտումից, փոշուց և մակերևութային հոսքերից), դրանց միջից նմուշառում են անում և տեսնում են շեղումներ, պարտադիր է, որ նրանք տեղեկացնեն դրա մասին տեսչական մարմնին, և տեսչական մարմինը կատարի վերահսկողական և այլ գործառույթներ։ Օրինակ, արգելի ջրի մատակարարումը, մինչև վեր հանեն խնդիրը։ Ժամանակին տեսչական մարմինը ստանում էր պատասխանները, իսկ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նմուշառումները կատարում էր ջրի հավաքման տեղից մինչև բնակչի տուն հասնելը մի քանի կետերում։ Ժամանակին բազմաթիվ հետազոտություններ էին անում և ջրի որակի, և ինֆեկցիաների հետ կապված, և՛ էլեկտրոլիտների, և՛ քլորացման տոկոսի հետ կապված, որպեսզի ճիշտ քանակով լինի և չվնասի բնակչության առողջությանը… և խողովակների վնասման հետ կապված հարցերն էին ուսումնասիրվում… որպեսզի հասկանան` որտեղի՞ց սկսել վերահսկողությունը և ինչպե՞ս կարգավորել խնդիրը։
Օրինակ, եթե «Վեոլիա ջուրն» ասում է՝ իմ ամբողջ ճանապարհի վրա իմ լաբորատորիաները ցույց են տալիս, որ մաքուր է ջուրը, սակայն պետությունը, ի դեմս հիվանդությունների կանխարգելման և վերահսկման իր կենտրոնների՝ պետք է ներկայացնի իր հետազոտությունները` կատարելով հանրային առողջության իր գործառույթը: Ամենակարևորը, եթե «Վեոլիա ջուրն» իր լաբորատորիայով հայտնաբերում է շեղում, բնականաբար, ինքը չի գրում տեսչական մարմին, ասում է՝ ես չեմ վերահսկիչ մարմինը, դրա համար պետությունն ունի իր պարտավորությունները: Ինձ համար շատ ցավալի է, որ պետությունը` ի դեմս Առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման այդ կարևորագույն կենտրոնների մարզային մասնաճյուղերի օպտիմալացում անելով, այս իրավիճակին հանգեցրեց: Եթե հիշում եք, Ազգային ժողովում Անահիտ Ավանեսյանին ես հարց տվեցի` ինչո՞ւ եք փակում այդ կենտրոնները…
Պետական մարմինների հանցավոր անգործության հետ գործ ունենք… Ստացել են աշխատավարձեր և ոչինչ չեն արել:
- Զրի որակի մոնիթորինգը Առողջապահության նախարարության տեսչական մարմինն է անում: Տեսչական մարմինը նաև սեփական նախաձեռնությամբ կարող է պատվիրակել, որպեսզի նմուշառումներ և հետազոտություններ կատարվեն, վարակաբանական հսկողություններ արվեն: Այնպես որ, հարցերը պետք է ուղղվեն և՛ Առողջապահության նախարարությանը, և՛ տեսչական մարմնին, և՛ «Վեոլիա ջրին»: Հավասարապես բոլորը պատասխանատվություն են կրում դրա համար, և մենք, ցավոք սրտի, տեսնում ենք, որ որևէ տեղ որևէ էպիդեմիա է լինում, հայտարարում են, որ խմելու ջրից է, հետո նոր բոլոր կառույցները սկսում են ինչ-որ տեղերում աշխատել։ Նույնը միայն ջրին չի վերաբերում, էպիդեմիոլոգիական առումով շատ-շատ խնդիրներ կան: Օրինակ, վերջերս բրուցելոզի հետ կապված հարցը բարձրացրեցի, ահազանգ հնչեցրեցի, մինչև ես չհանրայնացրեցի, Առողջապահության նախարարությունը չգնաց, նմուշառումներ չարեց։

