Իտալիան որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը կապ ունի Կոլեֆերոյի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետ. Reuters
Իտալիայի կառավարությունը որևէ փաստ չի հայտնաբերել, որը կվկայեր Հռոմի մոտ գտնվող ռազմամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունին Ռուսաստանի առնչության մասին, հայտնել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն:
Պայթյունը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը Կոլեֆերոյի KNDS Ammo Italy գործարանում այն բանից հետո, երբ հրշեջները ժամանել էին հրդեհը մարելու: Տուժածների մասին չի հաղորդվում:

Թեև կառավարությունը չէր մեկնաբանել այն տեղեկությունները, թե գործարանն զինամթերք է արտադրում Ուկրաինայի համար, Կրոզետոն փորձել է փարատել այն շահարկումները, թե պայթյունի հետևում կանգնած է ռուսական դիվերսիա:
«Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ սա կարող է այլ բան լինել, քան ներքին խնդիր», — հայտարարել է Կրոզետոն:


