Ալիևն ասում է՝ ես եմ խաղի տերը. Փաշինյանը ցայտնոտի մեջ է. ռուսները շատ լավ գիտեն՝ մինչև ընտրությունները 2 քայլով ինչպես վատացնել Փաշինյանի ու ՔՊ-ի վիճակը. Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանի շուրջ, մենք չենք կարող իմանալ, որովհետև մենք այդ սեղանին չենք։ Երբ 5 ժամ բանակցում են, պարզ է, որ գտել են ինչ-որ փաթեթ, բայց վերադառնալուց հետո Ալիևը և՛ Հայաստանի իշխանություններին, և՛ ինչ-որ չափով միջնորդներին ասում է՝ ո՛չ, որովհետև կան կետեր, որոնք պետք է կատարվեն։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր հայկական կողմն այդքան ոգևորվել Աբու Դաբիից հետո։
  • Երբ դու ասում ես, որ քո այլընտրանքային զարգացումն ավելի շատ Թուրքիայից ու Ադրբեջանից է կախված, քեզնից ավելի շատ պիտի պահանջեն և պահանջում են։
  • Դու կարող ես ինչ-որ ծառայություններ outsourcing անել, բայց տարածքը՝ ո՛չ։ Դրա համար էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքը խոսել էր 100 տարով վարձակալության մասին։ Անհեթեթություն է «Զանգեզուրի միջանցքի» պարագայում խոսել outsourcing-ից։ 
  • Եկեղեցու դեմ արշավի վերսկսումը բանակցությունների փաթեթի մաս է։ Նա ուզում է ցույց տալ, որ ինքը լինելու է այն առաջնորդը, որը կերտելու է հայերի նոր ինքնությունը։ Հետո կգնա ու կզեկուցի, որ նրանց բոլոր պահանջները կատարել է, ու կպահանջի, որ թուրք-ադրբեջանական տանդեմն էլ իրեն օգնի վերընտրվել։ 
  • Փաշինյանը հայկական այլընտրանքները բերել-մտցրել է թուրքական դաշտ։ Բայց այդ դեպքում էլ գինը բարձրանում է, թուրք-ադրբեջանական տանդեմն իրենից ավելին է պահանջում։ 
  • Ես դեռևս Աբու Դաբիից առաջ էի ասել, որ Ալիևը չի համաձայնելու ստորագրել որևէ թուղթ, որովհետև ինչո՞ւ համաձայնի, եթե առանց դրա էլ կարող է ստանալ ավելին։
  • Ալիևը ցույց է տալիս, որ իր արժեքն ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Իսրայելի համար այնքան մեծ է, որ կարող է 5 ժամ բանակցել ու հետո ասել՝ ո՛չ։ Նա ասում է՝ ես եմ այս խաղի տերը։ Ալիևը մերժում է, բայց ճնշման տակ հայտնվում է Փաշինյանը, որովհետև նա է ցայտնոտի մեջ, նա ժամանակ չունի, նա պետք է թուղթ ունենա 2026թ. ընտրությունների քարոզարշավին թափահարելու համար։ Ալիևն ասում է՝ այո՛, դու մեզ պետք ես, բայց իմ ասելով է, երբ ուզեմ, ում ուզեմ, այդ թվում՝ Թրամփին, կարող եմ ասել՝ ո՛չ։
  • Քայլ առ քայլ ճնշում են գործադրում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Արևմուտքի հետաքրքրությունը Թուրանի ճանապարհի առնչությամբ այս տրամաբանության ներքո է։ Իրենց համար տնտեսական խնդիրները կարևոր չեն, կարևոր է, որ թուլանան Չինաստանն ու Ռուսաստանը։
  • Փաշինյանի թիմը, անընդհատ գտնվելով այլընտրանքային խաղերի մեջ, անցնելով ճամբարից ճամբար, հույս ունի հարց լուծել, բայց միշտ սխալ է դուրս գալիս իր հաշվարկների մեջ։ Հայաստանում Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացելն օրակարգից դուրս չի եկել, ինչո՞ւ չէ, եթե Հայաստանը՝ որպես գործիք, թույլ է տալիս իրեն օգտագործել այդ հարցում։
  • Այսօր Ռուսաստանը հարվածել է Կիևի կենտրոնին, այնտեղ, ուր Ադրբեջանի դեսպանատունն է ու Հեյդար Ալիևի արձանը։ Կարելի է սրանից հետևություններ անել, բայց միայն այն ժամանակ, երբ վերջնականապես հասկանանք՝ խաղը դեպի ուր է գնում։
  • Հասկացողները հասկանում են, որ Հայաստանից ծաղիկները հենց այնպես չէ, որ չեն հասնում Ռուսաստան, պատահական չէ, որ հայկական կոնյակը հանկարծ սկսեց ստանդարտին չհամապատասխանել։ Ինչո՞ւ ռուսներն ավելի կոշտ հայտարարություններ չեն անում, որովհետև դա ոչ մի օգուտ չի տալու, իսկ այսպես էֆեկտն ավելի ակնառու է։ Երկու կողմն էլ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում՝ անկախ երկու կողմերի հայտարարություններից։ Հայկական կողմի կախվածությունն այսօր Ռուսաստանից ավելի մեծ է, քանի մինչև 2018 թվականը։ Խնդիրներ ունենք ամենուր, այդ թվում՝ արտաքին ինվեստիցիաների ոլորտում։
  • Փաշինյանը, լինելով օպորտունիստ, առօրյա քաղաքական հարցերով զբաղված գործիչ, իր համար նորմա է դարձրել այսօր մի բան ասել, վաղը՝ մեկ այլ բան։ Եթե նայենք այսօրվա Փաշինյանի խոսնակի հայտարարություններին, տպավորություն է ստեղծվում, որ բանակցություններ առհասարակ չեն եղել։ Փաշինյանի սկսած խաղի շարունակությունն անդադար հանձնելն է։

  • Թրամփի բանակցային տրամաբանությունը թույլ կողմին ճնշելն է։ Այդպես էր Ուկրաինայի պարագայում, այդպես է հիմա Փաշինյանի դեպքում։
  • Ռուսները շատ լավ գիտեն՝ մինչև ընտրությունները, 1-2 ամիս առաջ երկու քայլով ինչպես վատացնել Փաշինյանի ու ՔՊ-ի վիճակը։ Ու դրա համար բոլորովին էլ պետք չէ, ասենք, ՀԷՑ-ի կամ «Գազպրոմի» աշխատակիցներին դուրս բերել փողոց։ 2018թ. շատ լավ հասկանում էին՝ ով է Փաշինյանը, բայց իրենց պետք էր աջակցել նրան, ու արեցին։ 
  • Սամվել Կարապետյանից ունեցած իր վախի մասին Փաշինյանը բացահայտ ասում է, ու հիմա նրա նկատմամբ նոր քրեական հոդվածի ավելացումը ցույց է տալիս, որ Փաշինյանը նպատակ ունի խաղից հանել նրան։
  • Փաշինյանին ամեն ինչ ներում են՝ քաղաքական հետապնդումներ, ՀԷՑ-ի ու Եկեղեցու դեմ արշավ՝ միայն մի բանի համար, որ ինքը շարունակում է կատարել ռուսներին տարածաշրջանից հանելու իրենց ծրագրի իրագործումը։ Ինքը ցանկացսծ կողմերի միջև խնդիրն օգտագործում է իր իշխանությունը պահելու համար։ 
  • Փաշինյանի համար նպատակը միշտ նույնն է՝ իշխանություն պահելը։ Եկեղեցին ովքե՞ր են պաշտպանելու… Հավատավորները։ Եթե դա էլ ջարդի, մնացածին ասելու է՝ հանգի՛ստ վեր ընկեք տեղներդ, ինչ ուզեմ՝ անելու եմ։ Դրանից հետո կուզի՝ միջանցք կհանձնի, կուզի՝ Երևանում ադրբեջանական թատրոն, մզկիթներ կբացի… ադրբեջանցիներին կբերի կլցնի այստեղ… ինչ կուզի՝ կանի: Նրա նպատակն ազգի կամքը վերջնականապես կոտրելն է: Որպես կանոն՝ քաղաքական ազգն ունի կամք․եթե այդ կամքը կոտրեց՝ ինչ ուզի՝ կանի։ Իր նպատակը դա է։ Ինքը հասկանում է, որ իր «իրական Հայաստանի» կոնցեպտն իրականացնելու համար ինքը պետք է հայի ինքնությունը փոխի։ 
  • Արևմուտքի համար ամենակարևոր անմեղության կանխավարկածը Հայաստանում վաղուց չի աշխատում: Ելույթ են ունենում Ազգային ժողովում, հեռուստատեսությամբ ու խոսում են այնպես, կարծես մարդու հանցանքն ապացուցված է: Նախ, այդ ամենը պետք է փակ նիստով լինի: Չեք կարող քննարկել այնպիսի բաներ, որոնք ապացուցված չեն դատարանում: Նույնիսկ Ստալինյան ու Վիշինսկու դատարաններում այդպիսի բաներ չէին արվում: Իսկ այստեղ անում են, որովհետև այդ լիցենզիան՝ դաբրոն, ստանում են բրյուսելներից ու այլ տեղերից: Եթե դու Ռուսաստանին ես դուրս մղում այստեղից, ուրեմն շարունակի՛ր, քեզ ամեն ինչ կարելի է: 
  • Ինքն ասում է՝ Վեհափառ չկա… Բա էդ դեպքում ո՞նց ես ասում, որ հավատացյալ մարդ ես։ Վեհափառը ցմահ է ընտրվում, և չկա այլ ճշմարտություն։ 
  • Փաշինյանի համար շատ կարևոր է ճշգրիտ հաշվարկել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ճիշտ ժամանակը։ 
  • Ես այդպես էլ չհասկացա՝ ինչի՞ էր պետք մասնակցել 2021թ ընտրություններին, հետո գնալ, նստել Ազգային ժողովում ու լեգիտիմացնել Փաշինյանի իշխանությունը։ Ես դեռևս 2021թ մայիսին, որոշ սոցհարցումների տվյալներ տեսնելով, ասում էի՝ չի՛ լինելու։ Ես չեմ հասկանում՝ ինչի՞ն էին հավատում։
  • Եթե ընդդիմությունը բոլոր այն տհաճ պատկերներից հետո, որ մենք տեսանք Պառլամենտում, որոշում է մնալ ԱԺ-ում, ուրեմն կա՛մ շահերի բախում կա, որ մենք չենք էլ տեսնում, կա՛մ իրենք համոզված են, որ 2026-ի ընտրություններով ճանապարհը շարունակելով՝ հաջողության են հասնելու։
  • Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի դեմ անվստահության գործընթացն ընդունելի գաղափար է. դրանով դու ցույց ես տալիս, որ չես վստահում երկրի ղեկավարին: Երբ մարդիկ մեծ զանգվածներով դուրս կգան փողոց ու կասեն՝ չենք վստահում քեզ, այն ժամանակ դա կարող է ազդեցություն ունենալ: 
  • Սրանից վատ չի լինելու, ինչի՞ն է սպասում ընդդիմությունը, ինչո՞ւ քայլ չի անում անվտահության գործընթաց սկսելու ուղղությամբ: Պառլամենտում մնալով՝ 2026թ․ ընտրություններին ավելի քիչ ձայն են հավաքելու, իսկ Ազգային ժողովում իրենց մնալը Փաշինյանն օգտագործելու է իրենց իսկ դեմ։ Ազգային ուժերին կհեռացնի, ու նախկին նախագահներին Ալիևի հետ հարաբերություններում կդարձնի սակարկման թեմա։ Ես նրանից ամեն ինչ հավատում եմ։ 
  • Ինձ համար ավելի հեշտ է ինձ դնել Ալիևի տեղը՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր է կատարում, ինչ մարտավարությամբ է առաջ շարժվում, քան Փաշինյանի, ով ոչ մի սրբություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս