Փառք Աստծո, անկախ պետականություն ունենք, ընտրությունը պիտի բխի մեր, ոչ թե օտարի շահից. Արման Թաթոյան
Իշխանությունները խորհրդարանական ընտրությունները ցանկանում են վերածել արտաքին ուժերի միջև ընտրության։ Գոշավանքում նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ այս մասին հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ փորձեն համոզել ժողովրդին, թե պետք է ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, միևնույնն է՝ պետք է ելնել բացառապես Հայաստանի շահերից:
«Նրանց բոլոր թեզերն այն մասին են, թե Հայաստանն այլ ընտրություն չունի. ժողովուրդը պետք է նայի, թե որ արտաքին ուժն է որ կուսակցությանը սատարում, իսկ մենք ասում ենք, որ կարևորը ոչ թե այն է, թե ուրիշներն ինչ են ուզում, այլ այն, թե մենք ինչ ենք ուզում»,- ասաց նա։
Թաթոյանն ընդգծեց` Արևմուտքի և ՌԴ-ի միջև ընտրության թեզն առաջ տանող Նիկոլ Փաշինյանն իրականում վայելում է Ադրբեջանի աջակցությունը։ Նա հավելեց` Փաշինյանն արեց հնարավորը, որպեսզի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը վերածի իր քարոզչության գործիքի։
«Սակայն Հայաստանն այդ գագաթնաժողովից ոչինչ չստացավ՝ ո՛չ վիզաների ազատականացման, ո՛չ անվտանգության համակարգի, ո՛չ էլ ներդրումների ու առևտրի հարցերում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես առաջ չեն մղում ազգային շահերը»,– ասաց Թաթոյանը։



