«Արցախի նախկին նախագահի միջոցով Փաշինյանը փոխանցում էր, որ արցախահայերը տարբերակ չունեն, պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն». Հակոբյան
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, շարունակում են ԱԺ բարձր ամբիոնից հայտարարել, որ «Արցախը հայկական չէ», «Ղարաբաղի շարժումը չեն շարունակելու», և այլն։
Երեկ էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Արցախը հայկական չէ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ արցախահայերը դուրս եկան Արցախից»։ Նա նկատի ունի այն, երբ ադրբեջանական ցեղասպանական գործողությունների սպառնալիքի ներքո արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Այս համատեքստում, սակայն, Ռուբեն Ռուբինյանը չխոսեց այն մասին, որ 2023 թվականից առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Ռուբեն Ռուբինյանը ստում է հենց նրանով, որ հակասում է իր քաղաքական առաջնորդի ու իր քաղաքական թիմի անդամների հայտարարություններին։
«Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանն այլ հայտարարություններ էին անում, հավանաբար Ռուբեն Ռուբինյանը հիշողության կորուստ ունի, չի հիշում իր առաջնորդի հայտարարությունը հենց Արցախի մասով, երբ ասում էր՝ տարբերակ չկա՝ արցախահայերը պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն։
Իրենք ի սկբանե իրենց օրակարգը ձևավորում էին առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում արած հայտարարության հիման վրա։ Արցախի նախկին նախագահի միջոցով Նիկոլ Փաշինյանը մեզ փոխանցում էր, որ արցախահայերը տարբերակ չունեն, պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, բոլոր թվարկված հանգամանքները հաշվի առնելով, այս նախընտրական փուլում իշխանությունը փորձում է պատասխանատվությունը հեռացնել իրենից և ամբողջ պատասխանատվությունը բարդել Արցախի իշխանության և առհասարակ արցախահայերի վրա, նաև ՊԲ-ի վրա։
«Կրկնում եմ՝ Ռուբեն Ռուբինյանը ստում է, քանի որ ի սկզբանե որդեգրել էին այդ «կուրսը», որ արցախահայերը պետք է ինտեգրվեն Ադրբեջանի հետ ու ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, մնացածը մոռացության տալու, իրենց հանցագործությունների մասին չխոսելու համար է։ Շատ լավ գիտեն, որ իրենց ղեկավարը դարի մեծագույն հանցանքը գործեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ հերքելով Արցախի հայկականությունը։ Առնվազն թող լռեն այնքան, քանի դեռ օրենքի առաջ պատասխանատվության համար չեն կանգնել, պիտի հանցավոր խումբն օրենքի առաջ պատասխան տա։ Այո, իրենք են հանձնել Արցախը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ՝ որևէ իշխանություն հավերժ չէ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ազգային իշխանությունները երբևէ հավերժ են եղել, իսկ դավաճանական իշխանությունները՝ ոչ։
«Դավաճանական իշխանության իշխանավարումը որքան երկարում է, այնքան մեծանում է պատժաչափը, որովհետև իրենք անդադար շարունակում են հանցագործություններ կատարել, քանի դեռ կարողանում են պատժից խուսափել, որովհետև իրենք են այսօր իշխանության և պարալիզացրել են իրավապահ ողջ համակարգը։
Բայց ինչ-որ պահի, իրենք դադարելու են իշխանության լինելուց և անպայման օրենքի առաջ պատասխանատվություն են կրելու բոլոր հանցագործությունների համար»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։



