
2018-ին աշխարհաքաղաքական կենտրոնները սեղմեցին կոճակը. սկսվեց «Նիկոլ» օպերացիան. այս պարագայում եթե դու ուժ ես կիրառում, ո՞ւմ դեմ՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ այդ կենտրոնների. Սամվել Ֆարմանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սամվել Ֆարմանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- 2018թ․ տեղի են ունեցել խոշոր իրադարձություններ, որը բերել է շարունակվող աղետալի հետևանքների։ Չեք գտնի աշխարհում տեղի ունեցած որևէ այլ խոշոր իրադարձություն, երբ դրանից հետո ժողովուրդները չեն ստեղծում դրանց պարզ բացատրություններ։ Եվ հենց այստեղ է, որ ծնվում են միֆերը, առասպելը։ 2018թ․իրադարձությունների մասին բոլոր պարզամիտ բացատրությունները՝ «Պողոսը բերեց Պետրոսին» տրամաբանության մեջ, ինձ համար հասկանալի են, ու դրանք ժամանակի ընթացքում ոչ միայն չեն դադարելու, այլև ծնելու են նոր առասպելներ։ Մարդիկ չեն ցանկանում ընդունել, որ աղետի պատճառներից մեկն էլ իրենք են. այդպիսին է մարդը։ Դրա համար էլ ստեղծվում են այդ կեղծ միֆերը ու շրջանառվում տարբեր նպատակներով:
- Ցավով պիտի արձանագրեմ, որ հատկապես անկախությունից հետո մեր պետական կյանքի տարբեր դերակատարներ չեն ներկայացրել իրենց իմացածը, և սա մեր բացերից մեկն է։ Սրա բացակայությունն է, որ սնում է առասպելների, կեղծ միֆերի առաջացումը։ Իմ վերջին անդրադարձն այն շարքից էր, որ իմ աչքի առաջ խեղաթյուրվում էր պատմությունը, ու ես չեմ կարող լռել։
- 2018թ․թեպետ ժողովուրդը մերժում էր Սերժ Սարգսյանին, բայց իրականում ժողովուրդը մերժում էր 30 տարի ստեղծված համակարգը, ոչ թե հենց Սերժ Սարգսյանին: Հայ ժողովրդին սահմանադրորեն թեև ներարկվում էր, որ՝ դուք եք ձևավորում իշխանությունը, սակայն 1995-96թթ.-ից ժողովրդի մեջ կար այն մտայնությունը, որ այնքան էլ ինքը չէ իշխանություն ձևավորողը։ Հայ ժողովուրդը չէր լցվել փողոցներ՝ Սերժ Սարգսյանին մերժելու համար, այլ մերժում էր առհասարակ ՀՀ քաղաքական համակարգը։
- 2018թ․Նիկոլ Փաշինյանը քայլում էր Գյումրիից։ Ես չեմ տիրապետում լրացուցիչ տեղեկությունների, բայց գիտեմ, որ Փաշինյանի ղեկավարած շարժումը մինչև Երևան մտնելն իշխանափոխության հանգեցնելու վտանգ իր մեջ չի պարունակել։ Ովքեր հակառակն են պնդում, այլ նպատակ ունեն։ Ավելին, նման պնդում անող մարդիկ ևս նման պարագայում ուժ չէին կիրառի։ Կրկնում եմ, այդ պահի դրությամբ, որպես ականատես եմ ասում, իշխանափոխության վտանգ չկար։ Եթե մենք էլ Մարալիկից քայլելով 2700 հոգով հասնեինք Երևան, նույնիսկ Փաշինյանին էլ ձեռք չէր տա մեր դեմ ուժ կիրառել, որովհետև դրանով միայն մեզ կօգներ։
- Ինչ-որ պահի Ֆրանսիայի հրապարակում հայտնվեցին ռուսական կապիտալով աշխատող տասնյակ կազմակերպությունների աշխատակիցներ։ Ռուսական կողմը կարող էր թույլ չտալ ձնագնդիի ծավալվելը, սակայն աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով՝ դա տեղի չունեցավ։
- Որոշ ժամանակ անց, ինչ-որ կախարդական կոճակ սեղմելուց հետո Նիկոլ Փաշինյանի 2700 հոգանոց աջակիցների քանակը հնգապատկվեց։ Թե ի՞նչ կոճակ էր, ո՞վ սեղմեց, չեմ կարող ասել։ Կարող եմ ենթադրել:
- Աշխարհաքաղաքական երկու կենտրոններից էին այդ կոճակները սեղմում՝ հավաքական Արևմուտքից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, Իսրայել, և այլն, նաև՝ Ադրբեջան) և Ռուսաստանից:
- 2018թ. Նիկոլ Փաշինյանի 2700 հոգին ոչ մեկի համար վտանգավոր չէին։ Նա ուշադրություն էր փնտրում, հետո աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից նշածս կախարդական կոճակը սեղմվեց, 2700 հոգին դարձավ 18.000։
…Արևմուտքը իր հերթին տեսնելով` ինչ է կատարվում, հավանաբար եկավ այն եզրակացության, որ ռուսական կողմն այդ իրավիճակն օգտագործում է երկրի ներսում իշխանություն փոխելու համար։ Եվ հավաքական Արևմուտքն այդ պայմանական «Գազպրոմ» օպերացիայի դեմն առնելու համար համախմբեց իր ռեսուրսներն ու հանեց փողոց։
…Նիկոլ Փաշինյանի ղեկավարած այդ շարժումը դարձավ մի մեծ կաթսա, որտեղ կային բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները։ Հետևաբար՝ այդ օրերին Հայաստանում իշխանությունների խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու նրա թափառախմբի հետ էր, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների։
- 2018-ին աշխարհաքաղաքական կենտրոնների նպատակը և խնդիրը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոյի փոփոխությունն էր, ոչ թե Սերժ Սարգսյանի անձը։ Իսկ այդ փոփոխությունը բխում էր բոլոր այդ կենտրոնների շահերից։ Այս պարագայում եթե դու ուժ ես կիրառում, ո՞ւմ դեմ ես կիրառում՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ աշխարհաքաղաքական կենտրոնների։
- Սերժ Սարգսյանին հազար բանում կարելի է մեղադրել, բայց պատմության առաջ նրա իրական մեղադրանքը հետևյալն է․նա համարում էր, որ իր ունեցած ռեսուրսներով ինքը կարող է պահել ԼՂ շուրջ եղած ստատուս-քվոն։ Այս հարցում ինքը և մենք՝ որպես ժողովուրդ, սխալվել ենք։ Սերժ Սարգսյանի դեմ աշխատում էին և՛ դրսում, և՛ ներսում։ Բայց առանց Հայաստանի իշխանության մասնակցության՝ երբեք չէին կարող լինել այն հետևանքները, ինչը հիմա է։
- Ամենալավ ներկայացումն անգամ, երբ շատ երկար է ձգվում, մարդկանց հոգնեցնում է։ Այդպես էլ մեր ժողովրդին հոգնեցրել էին նախկին քաղաքական համակարգի առաջնորդները։
- Մինչև 2018-ի իրադարձությունները ՀՀ քաղաքացիներն այլևս չէին մտածում կամ մտահոգվում անվտանգության մասին, որովհետև մինչև 2018-ի հեղափոխությունը նախկին իշխանություններն ապահովում էին այդ անվտանգությունը: Արդյունքում եղավ այս աղետը։
- 2018թ․դրությամբ կային աշխարհաքաղաքական մեծացած սպասումներ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա ստատուս-քվոյի փոփոխության վերաբերյալ։ Դա դարձավ թրիգեր։
- Որևէ արտաքին դերակատարի մեղադրանք ներկայացնելը քաղաքական ռացիոնալ մտածողության ժանրից դուրս է։ Մեծ խաղացողներն իրար դեմ շահեր ունեին, և միակ տեղը, որտեղ բոլորի շահերը համընկնում էր, Արցախն էր, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրն այդ ստատուս-քվոյի վերաբերյալ իր պատկերացումներն ուներ։ Լավրովը երեկ էլ ասաց, որ, օրինակ՝ Ռուսաստանի համար ձեռնտու էր 5 շրջանների վերադարձը, կարգավիճակի հարցը հետագային թողնելը։ Հետևաբար՝ մեղադրել Ռուսաստանին, որ իր շահերից բխում էր ստատուս-քվոյի այդպիսի փոփոխություն, ծիծաղելի է։ Նույնն այլ երկրների մասին կարելի է ասել, բոլորն իրենց շահերն են առաջ մղում: Հավաքական Արևմուտքը մտածում էր, որ ստատուս-քվոյի փոփոխությունը՝ որպես հաղթող կողմի, լինելու էր Հայաստանի հաշվին։ Ու դա նրանց կողմից պետք էր փաթեթավորել այնպես, որ Հայաստանում աճեին հակառուսական տրամադրությունները։
- Նրանում, ինչ մեզ հետ տեղի ունեցավ 2018-ից հետո, աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոնի պետք չէ մեղադրել: Եթե դու քո տան դռները ներսից բացում ես, դառնում աշխարհաքաղաքական առևտրի առարկա, ուրեմն դու պիտի լինես զոհի կարգավիճակում։
- Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը գնաց պաշտոնավարման երրորդ ժամկետի՝ բանակցային գործընթացի ԼՂ ստատուս-քվոյի շուրջ դեստրուկտիվ իրադարձությունների զարգացումը բացառելու համար։ Կարեն Կարապետյանը կարող էր մտածել, որ ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը շատ ավելի հարմար դերակատար է հնարավոր լուծումների հասնելու համար։ Ես կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը եղել է նրա ու Կարեն Կարապետյանի փոխադարձ համաձայնությամբ։
- Արցախի կորստով ու հայաթափմամբ, ըստ էության, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ։
- 2018թ․ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց․ամբողջ ժողովուրդը փողոցներում էր, հաջորդ օրն էլ ապրիլի 24-ն էր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ոչ ոք չէր կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա սրացումների։ Չափազանց բարդ իրավիճակ էր։ Ամբողջությամբ չի արտահայտում իրավիճակը այն մեղադրանքը, թե Կարեն Կարապետյանն ամեն գնով պետք է պահեր իշխանությունը։ Դա այն ժամանակն էր, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։
- Այդ օրերին ՀՀ նախագահի կեցավայրում տեղի ունեցան քննարկումներ։ Եվ որոշում կայացվեց՝ վարչապետի թեկնածու առաջադրել Կարեն Կարապետյանին։ Սերժ Սարգսյանը բոլորին կոչ արեց՝ պետք է համախմբվել Կարեն Կարապետյանի շուրջ, որքան էլ փողոցում կար հանրային ճնշում։ Թվում է՝ սա մի եղանակ էր, որ կարող էր լիցքաթափել իրավիճակը։ Մի վայրկյանում, սակայն, ես ու իմ գործընկերները տեսանք՝ ինչպես սոցիալական ցանցերի՝ Ֆեյսբուքի ամբողջ նյուզֆիդը լցվեց Նիկոլ Փաշինյանին սատարող ու մեզ հայհոյող գրառումներով, կեղծիքներով, անմիջապես ֆեյսբուքյան կեղծ էջերով հարձակումներ սկսվեցին… դա նախապես պլանավորած էր: Այդ տեխնոլոգիաները շատ գրագետ կիրառվեցին։ Այդ օրերին նույնիսկ Одноклассники-ի օգտատերերի զանգվածային արտագաղթ եղավ Ֆեյսբուք…
- Կարեն Կարապետյանն առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու, եղավ հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց դրանից հետո իրավիճակը ոչ միայն չհանդարտվեց, այլև ավելի սրվեց։ ՀՀԿ պատգամավորների մեջ կարող էին լինել մարդիկ, ովքեր կարող էին դեմ լինել Կարեն Կարապետյանի թեկնածությանը, օրինակ՝ որոշ գործարարներ, որոնք դժգոհ էին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ որոշումներից։ Կառավարական ամառանոցում հանդիպումներից մեկի ժամանակ որոշում կայացվեց, որ Սերժ Սարգսյանը կգա Խորհրդարան, կհանդիպի ֆրակցիայի բոլոր պատգամավորների հետ, ինչը տեղի ունեցավ։ Մինչև առավտյան 6:30 Սերժ Սարգսյանը հանդիպեց պատգամավորների հետ՝ նրանց ասելով, որ պետք է ընտրել Կարեն Կարապետյանին։
- Ցավոք, հետո Կարեն Կարապետյանը զանգվածային միտինգների, ճնշումների ֆոնին՝ հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ չի առաջադրվելու, ինչն ինձ համար շոկային էր, ու ես հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը վերցնում է իշխանությունը։ Ես հասկանում եմ, որ Կարեն Կարապետյանի ընտանիքը ևս այդ օրերին կարող էր հայտնված լինել թիրախում, որովհետև նրա կողմից բացատրությունը հնչել է, որ ընտանիքը խիստ դեմ է եղել, բայց բոլորս էլ մանկամիտ չենք, որ չհասկանանք, որ եղել են նաև այլ պատճառներ։ Գուցե նա կասկածներ է ունեցել, որ հնարավոր չի լինի ընտրվելուց հետո իշխանություն պահել։
Հիշեցնենք, Սամվել Ֆարմանյանն օրեր առաջ ծավալուն գրառմամբ անդրադարձել էր այդ օրերի որոշ դրվագների:
- Իմ տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից խնդրանք է եղել Կարեն Կարապետյանին, որ գրավոր ձևակերպի ցույցը ցրելու հանձնարարությունը, ինչը Կարեն Կարապետյանը չի արել։ Այն ժամանակ այսօրվա վիճակը չէր, որ Նիկոլը մարդ էլ ուտի՝ մարսի, գնա, ոչինչ էլ չի լինի… Այն ժամանակ ոչ ոք չէր մտնի արյան տակ։ Իսկ եթե դա զուգորդվեր Ադրբեջանի կողմից արտաքին ագրեսիայո՞վ…
Վերոնշյալ գրառման մեջ Ս. Ֆարմանյանը պատմել էր. «Ի զարմանս ինձ ու շատերին, դրա հաջորդ օրը Փաշինյանը սրեց իրավիճակը՝ կրկին գնաց Մարիոթ հյուրանոց, իբր արդեն Կարապետյանի հետ երես առ երես հանդիպելու համար, ինչպես ինքը հայտարարել էր: Մինչ այդ Կարապետյանը մեզ ասաց, որ իմաստ չի տեսնում ներկայանալ այդ հանդիպմանը: Մնացածը գիտեք՝ Նիկոլը հետո ասաց, որ ինքն է առաջադրվելու, կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա և այլն:
Ես ականատեսի աչքով չգիտեմ, թե ինչեր են տեղի ունեցել վարագույրների հետևում այդ ընթացքում հիմնական դերակատարների մասնակցությամբ: Ինձ փոխանցված տարբեր աղբյուրներից գիտեմ, որ Կարապետյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից նախ հավաստիացել էր, թե արդյո՞ք հնարավոր է խաղաղ եղանակով՝ առանց արյան, երկրում վերականգնել հասարակական կարգը, և հավաստիանալուց հետո, որ այո՝ հնարավոր է, կարգադրել էր Գասպարյանին անել դա: Ոստիկանապետը, հավանաբար, ինքն իրեն ապահովագրելով հնարավոր հետևանքների քաղաքական պատասխանատվությունից, խնդրել էր գրավոր ձևակերպել այդ հանձնարարությունը, ինչը Կարապետյանը չէր արել: Հավանաբար իր հերթին մտահոգ լինելով, որ ոստիկանական հնարավոր գործողությունների ժամանակ կարող են զոհեր լինել:
Նորից եմ կրկնում՝ առաջին ձեռքից մինչ օրս չգիտեմ, թե որքանով է այս ամենը ճիշտ, բայց ես այն լսել եմ միմյանցից տարբեր աղբյուրներից, բայց հաջորդող օրը, ինձ ու երևի շատերի համար զարմանալիորեն, Կարեն Կարապետյանը ԳՄ հերթական նիստում ասաց, որ ստեղծված իրավիճակում չի առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Երկրում իրավիճակը լիցքաթափվելու փոխարեն գնալով էլ ավելի էր սրվում»:
- Եթե կա մի քաղաքական սակավամիտ, ով մտածում է, որ Հայաստանի՝ 2018-ին տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխությունն աշխարհում տիրող գլոբալ փոփոխությունների մի մասը չի եղել, և որևէ ղեկավար կարող էր դա կանխել կամ ձախողել, ես նրան իրադարձությունները խորը ընկալող մարդ չէի համարի… Աշխարհաքաղաքական կենտրոնների համար «Նիկոլ» օպերացիան ամենահեշտն էր։ Այսօր արդեն 2018-ի հեղափոխության մասնակից աշխարհաքաղաքական կենտրոններն ասում են՝ մենք ի՞նչ անեինք՝ դուք, ձեր վարչապետը։ Փաստորեն, այդ կենտրոնների կողմից գտնվեց մեկը, մի խեղկատակ, ով պատրաստ էր մտնել այդ աղետաբեր բեռի տակ, հանձնել Ղարաբաղը։
- Կարեն Կարապետյանը տնտեսության մարդ էր։ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմը, որպես իշխանություն, իդեալական տարբերակ էր։ Վստահ եմ՝ եթե Կարեն Կարապետյանն իմանար՝ ինչ է լինելու, որքան էլ դժվար լիներ, կպահեր իշխանությունը…
- Նախագահի կեցավայրում քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանն ինքը սկսեց խոսակցությունը, ասաց՝ պատրաստ եմ հրաժարական տալ նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից․ Կարեն Կարապետյանը դեմ արտահայտվեց։
- Միքայել Մինասյանը ոչ միայն չի հետաքրքրվում քաղաքականությամբ, այլև ամենամտերիմ մարդկանց հետ անգամ այդ թեմայով բառ չի փոխանակում։ Միայն Միքայել Մինասյա՞նն է փող տվել Նիկոլ Փաշինյանին, որ իր ընտանիքի մասին չգրի։ 2005-2006թթ․ ես ներկա եմ եղել հանդիպման, որտեղ մարդիկ փող են տվել Նիկոլ Փաշինյանին՝ ինչ-որ բան չտպելու համար։ Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ փող վերցրել է համարյա բոլորից։ «Հայկական ժամանակի» խմբագրության շենքը նրան ո՞վ է նվիրել։ Կարո՞ղ է պարզվի՝ ինչ-որ բոբո օլիգարխ է եղել։ Նիկոլ Փաշինյանը շարքային փող վերցնող չի եղել, այլ ունիկալ։
- Եթե Հայաստանում կա որևէ մտածող մարդ, ով մտածում է, որ Նիկոլ Փաշինյանն իր համար նշանակալից ընտրությունները՝ 2026-ի ընտրությունները, չի կեղծելու, նա նրան լավ չի ճանաչում։ Ովքեր մտածում են՝ ուզում է գնալ ընտրություններով, էլի նրան չեն ճանաչում։ Նիկոլ Փաշինյանը մտել է մի ցիկլի մեջ, որ անհնարն անելու է՝ 10 րոպե ավել իշխանություն պահելու համար։ Նա 3-րդ էլ, 4-րդ ժամկետի էլ կգնա, պետք լինի՝ 8-րդ ժամկետի էլ… Եթե չլինեին հեռախոսները, սոցցանցերը, Փաշինյանն այնպիսի դիկտատուրական համակարգ կստեղծեր, թուրքմենական դիկտատուրային երանի կտայինք։
- Լինելով աշխարհում ամենաանկիրթ մարդիկ, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իրեն թույլ է տալիս հեգնանքով խոսել գյուղի մարդկանց մասին։ Դուք, մարդուկնիկ, էդ գեղի մարդկանց կոշիկի տակի կեղտը չարժե՛ք։ Դուք իշխանության եք եկել այդ մարդկանց ազնիվ սպասումների վրա։
- 2021թ․ չի եղել մի մարդ, ով ընտրել է խորհրդարանական ընդդիմությանը՝ իր մտքում չունենալով Փաշինյանի հեռացումը։ Այդ նպատակը խորհրդարանական ընդդիմությունը ձախողել է։ Սա գոռում է՝ թալանը, թալանը, մեկը չի ասում՝ ո՞ւր է այդ թալանը, ինչի՞ հետ չես տալիս, 7 տարի է՝ իշխանության ես։ Սա այն դեպքում, երբ ազգուտակով, ցեղով ինքն է ոտքից գլուխ թաթախված կոռուպցիայի մեջ։
- Իմպիչմենտի գործընթացն ինչ էլ անի, չի կարող վնասել 2026թ․ ընտրություններին։ Ուզում է՝ 4 միլիոն հայություն լցվի փողոցները, Նիկոլ Փաշինյանն ինքնակամ, ընտրություններով չի գնալու։ Գտե՛ք ադեկվատ վարչապետի թեկնածու, փողոցով փորձենք ճնշել, իմպիչմենտի գործընթացն իրականություն դառնա։
Մանրամասները՝ տեսանյութում։