52 միլիոն 560 000 դրամ` ավելի քան 137.000 դոլար՝ Զարեհ Սինանյանի գրասենյակի միջոցառմանը
Նոյեմբերի 20-21-ին Երևանում կկայանա «Հայ մշակույթի գործիչներ» համագումարը․ այս մասին տեղեկանում ենք օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված մի պայմանագրից, որը կնքել են վարչապետի աշխատակազմը և «Աութսորս» ՍՊԸ-ն՝ «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ի հետ համատեղությամբ։
Պայմանագրի առարկա է նշվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կարիքների համար համաժողովների կազմակերպման ծառայությունները։ Վերջինիս ընդհանուր արժեքը 52 միլիոն 560 հազար դրամ է՝ ավելի քան 137.000 դոլար։
Ինչպես նշվում է փաստաթղթում, համաժողովին նախատեսված է Հայաստանից և Սփյուռքից 250 անձի մասնակցություն, կլինեն պանելային քննարկումներ, աշխատանքային ժողովներ, սեմինարներ, սուրճի, ճաշի ընդմիջումներ, ցուցահանդեսներ ու համերգներ։
Նշվում է՝ այս համագումարը կնպաստի Հայաստան-Սփյուռք և միջազգային մշակութային համագործակցության կայուն զարգացմանը։
Անցկացման վայր է նշվում Հայաստանի Ազգային պատկերասրահը։
«Աութսորս» ՍՊԸ-ի մասին
Այս ընկերությունը գրանցվել է 2015 թվականին Երևանում, ընկերության 100 տոկոս սեփականատերն Արմեն Սարգսյանն է։
2015 թվականից գործող ընկերությունը 2018 թվականից է հայտնվում պետգնումներում և դառնում պետական գնումների ֆավորիտ մատակարար՝ այդ թվում՝ ոչ մրցակցային՝ մեկ անձ, գնանշման հարցում, դրամաշնորհ գնման ընթացակարգերով կնքելով տասնյակ պայմանագրեր տարբեր նախարարությունների, համայնքապետարանների, ՊԵԿ-ի և վարչապետի աշխատակազմի հետ։
Միայն վարչապետի աշխատակազմի հետ, ըստ պետգնումների էլեկտրոնային հարթակի, այս ընկերությունն արդեն իսկ կնքել է 3 խոշոր պայմանագիր, որոնք բոլորն էլ վերաբերում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակին․
2023 մայիսին «Համահայկական երիտասարդական համաժողով» միջոցառման համար այս ընկերության հետ կնքված պայմանագրի գինը կազմել է 208 միլիոն 800 հազար դրամ ($545,702.98), գնման ընթացակարգը՝ ԷԱՃ,
2023 հուլիսին «Հայ իրավաբանների համազգային համաժողով» միջոցառման համար կնքված պայմանագրի գինը կազմել է 53 միլիոն 247 հազար 600 դրամ ($139,163.67),
2025 հուլիսին էլ 234 միլիոն դրամով ($611,563.68) էլ ընկերությունը ստանձնել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի կազմակերպումը։

