Աստղիկ Ավետիսյանն ընդգրկվել է միջազգային «Eventiada PR Awards»-ի ժյուրիի կազմում
Հաղորդակցության և հանրային կապերի ոլորտի առաջատար մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր հաղորդակցական մրցանակաբաշխություններից մեկի՝ Eventiada PR Awards-ի միջազգային ժյուրիի կազմում։
Eventiada PR Awards-ը տարածաշրջանի ամենահին և ազդեցիկ մրցանակաբաշխություններից է, որը միավորում է ավելի քան 25 երկրի առաջատար PR, հաղորդակցական և մարքեթինգային մասնագետների։ Մրցույթը կազմակերպվում է Eventiada Group-ի և միջազգային IPRA (International Public Relations Association)-ի հովանու ներքո՝ նպատակ ունենալով խրախուսել և պարգևատրել լավագույն հաղորդակցական նախագծերը, որոնք առանձնանում են իրենց նորարարական լուծումներով և սոցիալական նշանակությամբ։
Աստղիկ Ավետիսյանի ընդգրկումը ժյուրիի կազմում կարևոր միջազգային գնահատական է նրա մասնագիտական գործունեությանն ու Հայաստանի հաղորդակցության զարգացմանն ուղղված երկարամյա աշխատանքին՝ ընդգծելով Հայաստանի ներկայությունը համաշխարհային PR համայնքում։
«Eventiada PR Awards»-ի ժյուրիում ընդգրկվելը մեծ պատասխանատվություն է և վստահություն։ Մրցանակաբաշխությունը հարթակ է՝ ներկայացնելու հայկական հաղորդակցական փորձն ու մեր արժեքային մոտեցումները միջազգային մասնագիտական հանրությանը։ Հաղորդակցությունը վաղուց արդեն պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն միջավայր է, որտեղ ձևավորվում են հանրային կարծիքը, մշակութային և արժեքային համակարգեր։ Այսօր հաղորդակցության ուժը սահմաններ չի ճանաչում․ այն կարող է միավորել ազգերին, աջակցել բիզնեսների կայուն աճին, բարձրացնել պետական կառույցների վստահելիությունը և կարևորել սոցիալական պատասխանատվությունը։ Ինձ համար պատիվ է Հայաստանը ներկայացնել միջազգային ռազմավարական հաղորդակցության փորձագիտական շրջանակում», – նշել է ռազմավարական հաղորդակցության և մեդիա փորձագետ Աստղիկ Ավետիսյանը։
Մրցանակաբաշխության արդյունքները կհրապարակվեն 2025 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում, որին կմասնակցեն հաղորդակցության, հանրային կապերի և մարքեթինգի ոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

