Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն. սրանց օրոք ամեն ինչ սպասելի է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վանաձորի դատարանի շենքում դատական նիստի ժամանակ մեղադրյալին դանակահարել են: Սրանից մի ամիս առաջ էլ տնային կալանքի մեջ գտնվողին էին խփել: Տեղյակ չեմ, թե ինչ պայմաններում և ինչ պատճառով է նման դեպքեր արձանագրվել, սակայն սրանք խոսուն փաստեր են համակարգի խայտառակ վիճակի և լիակատար բարդակի մասին:

Իսկ, օրինակ, Սրբազան պայքարի գործով դատավարությանը ոչ միայն ձայնամեկուսացում ապահովող հաստ ապակի է, մի բան էլ՝ դատական կարգադրիչները խոչընդոտներ են հարուցում ապակուց այն կողմ հաղորդակցվելու համար: Քաղաքական գործերով ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, անհարկի խնդիրներ հարուցում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է:

Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն: Սրանց օրոք ամեն ինչ սպասելի է:
Սա է համակարգի իրական դեմքը, որովհետև իրենց ողջ ռեսուրսը ընդդիմախոս, հոգևորական վարկաբեկելու, բռնելու և նստեցնելու վրա է կենտրոնացված»:

Տեսանյութեր

Լրահոս