Ու վերջապես, շատ անձնական. Միշկային ամեն անգամ այցի գնալիս, նաև մեկ այլ խորը կարոտիս էի հագուրդ տալիս. Գեղամ Մանուկյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«3 տարի և 57 օր քաղաքական հետպնդման, նիկոլի անձնական վրեժխնդրության հետևանքով անազատության մեջ մնալուց հետո այսօր փոխվեց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. ռեալ կալանքի փոխարեն տնային կալանք։
Քանիցս բարձրաձայնել եմ, անգամ խորհրդարանում եմ մշտապես խոսել բարձրաստիճան զինվորականների, պաշտոնյաների մոտ, որ նա լոկ Նիկոլի ցուցումով ռազմագերի է Հայրենիքում։
Այս ողջ ընթացքում մշտական այցերիս ու տեսակցություններիս ժամանակ, երկար զրույցների ընթացքում դիմացս հայրենասեր, ռազմագետ, իր նպատակներից ու երազանգներից չհրաժարվող զինվորական էր, որ Արցախյան Ազատամարտին միացել էր դեռ պատանի տարիքում։
Ավելի ուշ նրա մասին դեռ երկար կխոսեմ, այսօր միայն պիտի գնահատանքի խոսք հղեմ նրա այն ընկերներին, զինակիցներին, որոնք չուրացան նրան ու մնացին կողքին։ Այսօր էլ, նոր պատգամավորությունը ստանձնած ավագ ընկերոջս՝ Պետրոս Մեղրյանի հետ շտապել էի Վարդաշեն ՔԿՀ, հիշելով, որ խափանման միջոցի դատը կայանալու է վաղը։ Բայց մուտքի մոտ հսկիչների անակնկալն էր՝ գեներալին այսօր են տեղափոխել դատարան։ Իսկ հետս տարել էի նախօրեին լրագրող Մարիամ Պետրոսյանի հուզիչ գրառումը Միքայել Արզումանյանի մասին, ուր նա հիշեցնում է, որ 5 տարի առաջ, այս օրը ամենավճռական ու դժվարին պահին գեներալը չտատանվեց ու ստանձնեց ՊԲ հրամանատարի պատասխնատու պաշտոնը, քաջ գիտենալով ձախողման վտանգներն ու դրա անձնական հետևանքները։ Տարել էի, որ նորից համոզվի, հակառակ իշխանության բոլոր փորձերին, նրան հիշում են ու գնահատում։
Ու վերջապես շատ անձնական՝ Միշկային ամեն անգամ այցի գնալիս, նաև՝ մեկ այլ խորը կարոտիս էի հագուրդ տալիս, կարոտ, որ դեռ շարունակվում է ու հույս, որը երբեք չի տկարանում։
Հ.Գ. նա այսօր այլ հարցում է հաղթել այս իշխանություններին ու նրանց փոքրոգությանը, բայց թերևս այդ մասին ընտանիքը կխոսի…»:

