«Թրամփի ուղին» թուրք-ադրբեջանական «ներքին բակ» է․ Թրամփն այդ ճանապարհի տեղն էլ չգիտի․ Բալասանյան

«Թրամփի ուղին» կամ TRIPP-ը զուտ Ադրբեջանի ցանկության ու պահանջի բավարարման գեղեցիկ փաթեթավորումն է՝ Բաքվին տալու ճանապարհ՝ Նախիջևանի հետ կապ ունենալու համար։ 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի շուրջ զարգացումների մասին։

««Թրամփի ուղին» որտե՞ղ է ավարտվում։ Վերջը որտե՞ղ է։ Գորի՞սն է վերջը, Մեղրի՞ն է վերջը, թե՞ Ադրբեջան-Ռուսաստան սահմանն է վերջը Դաղստանում։ Երբ մենք ասում ենք՝ ճանապարհ, այդ ճանապարհը պիտի որոշակի տրամաբանություն ունենա։ Հիմա սա տրանսպորտային միջա՞նցք է, թե՞ տրանսպորտային միջանցք չէ։ Եթե խոսքը գնում է ընդամենը 37 կմ մասին, սա թուրք-ադրբեջանական «ներքին բակ» է, ոչ թե տրանսպորտային միջանցք, և արդյո՞ք արժե այդ 37 կմ-ին այդպիսի ամպագոռգոռ TRIPP անվանումը տալ։ Հիմա այս «Թրամփի ուղին» Նախիջևանից Զանգելան գնալու համա՞ր է, թե՞ Նախիջևանից Դաղստան գնալու համար է։ Որտե՞ղ է ավարտվում այս «Թրամփի ուղին»՝ ոչ ոք այդ մասին չի խոսում։ Հետևաբար, սա զուտ Ադրբեջանի ցանկությունն ու պահանջն է՝ իրենց տալ ճանապարհ՝ Նախիջևանի հետ կապ ունենալու համար, և վերջ։ Պարզապես անունը դրել են «Թրամփի ուղի», որ հայ  հասարակության մեջ ընդվզում չլինի»,- կարծում է միջազգայնագետը։

Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Ալիևը մշտապես դա պատկերացրել է՝ որպես Հայաստանով անցնող արտատարածքային (էքստերիտորիալ) ճանապարհ, որի նկատմամբ Հայաստանը որևէ վերահսկողություն չպետք է ունենա, և այժմ էլ չի հերքում նախկինում իր կողմից արված հայտարարությունները, այդ պատճառով էլ այն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։

Կարդացեք նաև

«Հայկական կողմը կարողացե՞լ է բանակցությունների ժամանակ հասնել նրան, որ Ադրբեջանը հրաժարվի իր այս տեսակետից։ Սա հարցերի հարցն է, որին, ըստ էության, ոչ ոք պատասխան չի տալիս։ Եվ վերջապես, ամենից շատ շահարկված հարցը՝ Ադրբեջանի քաղաքացին հայ սահմանապահի մոտ ստուգման ենթարկվելո՞ւ է, նրա անձնագրում դրվելո՞ւ է Հայաստանի մուտքի կնիքը, և հետո՝ ելքի կնիքը, թե՞, ինչպես հայտարարեց Ալիևը՝ «ադրբեջանցին հայ սահմանապահի երես չպետք է տեսնի»։ Դե, որովհետև ադրբեջանցին այնպիսի «ազնվական» ծագում ունի, որ «հայ սահմանապահն ո՞վ է, որ ադրբեջանցին մի քանի րոպե նրա մոտ կանգնի և իր թանկ ժամանակից տրամադրի»:

Մենք այս մասին անընդհատ սարկազմով ենք խոսում, բայց սա ողբերգություն է, սա ուղիղ կերպով խոսում է սուվերենության կորստի մասին։ Լավ, սուվերենության կորուստը պոզով-պոչո՞վ է լինում։ Էլ ի՞նչ պիտի արվի, որ մենք հասկանանք, որ սա սուվերենությանն է սպառնալիք։ Այս հարցերին հայկական կողմը չի պատասխանում»,- նշեց Գրիգոր Բալասանյանը՝ հավելելով, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ո՛չ այդ ճանապարհի տեղը գիտի, ո՛չ էլ 4 տարի հետո լինելու է նախագահ, որ այդ ճանապարհի անվտանգությունը երաշխավորի։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս