Բաժիններ՝

Բարդ փոխհարաբերություններ

Այսօր մարդիկ շարժվում են հպարտությամբ և եսակենտրոնությամբ, իսկ խոնարհությունը շատերը համարում են խեղճության և թերարժեքության բարդույթ:

Մեր յուրաքանչյուր գործ հիմնված է մեր հպարտ ես-ի վրա: Դրա համար, երբեմն, Աստված կարող է ուղարկել այլ մարդկանց, որոնք կքննադատեն, կխոչընդոտեն մեր կատարած բարի, հոգևոր գործերը, որպեսզի տեսնենք, թե ինչպես է բացահայտվում մեր թաքնված հպարտությունը, և ես-ը` վիրավորվում: Այդ ամենը նրա համար է, որ այդ բացահայտման լույսի ներքո կարողանանք ուղղվել և կատարյալ հոգևոր խոնարհություն ձեռք բերել, հակառակ դեպքում՝ չենք կարողանա սիրել և խաղաղություն գտնել:

Քրիստոս հստակ ցույց է տալիս հոգու բժշկության ուղին. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» (Մատթ. 11.29):

Խոնարհությունը աստվածային զգեստավորումն է: Երբ մարդ այն կրում է, իր ներսում զգում է խաղաղություն, իմաստություն, ազատություն, խնդություն, համբերություն, ինքնատիրապետում, ներդաշնակություն, զորություն, մտքի պայծառություն, արագ կողմնորոշվելու և գործելու կարողություն: Սա հոգևոր վիճակ է, այլ ոչ թե հոգեբանական կամ ռոմանտիկ-զգացմունքային վիճակ: Այն Սբ. Հոգու շնորհով հոգու կենսաբեր ուժերի վերականգնում է: Իսկ ինչը մեզ ներսից ճնշում է` մեր վիրավորված և խայթված եսասիրությունն է:

Կարդացեք նաև

Դեպրեսիան ծնվում է ինքդ քեզ սիրելու կենտրոնացվածությունից: Ինքդ քո նկատմամբ համակվածությունը և զբաղվածությունը հանգեցնում է դեպրեսիայի:

Պարզապես սիրել ինքդ քեզ՝ նշանակում է ապրել ապարդյուն: Մի՛ սիրեք ինքներդ ձեզ, սիրե՛ք Աստծուն և ձեր մերձավորին և երբեք դեպրեսիայի մեջ չեք ընկնի: Մենք չենք սովորել լույսի պես լինել` անշահախնդիր գործել հանուն ուրիշների, սակայն ակնկալում ենք ստանալ մյուսների սերն ու հարգանքը:

Այն երկրավոր սերը, որն ունենք, եսասիրական և ինքնակենտրոն սեր է և ամենևին կապ չունի Քրիստոսի սիրո հետ: Հարցն այն է, որ այդ ինքնակենտրոն բնույթից ենք նայում քրիստոնեական արժեքներին և մեր փոխհարաբերությունը հյուսում Աստծո հետ` առաջ քաշելով մեր ցանկությունների «պայմանագիրը»:

Եթե մեր ներսում խախտվում է մեր ցանկություններով թելադրված Աստծո հետ բարեկամության այդ «պայմանագիրը», ծնվում է նեղսրտությունը և դժգոհությունն առ Աստված:

Հնարավոր է, որ իսկապես դժվար է ինքնակենտրոն լինելուց փոխվել` նայելով դեպի մերձավորները, այդուհանդերձ անհրաժեշտ է քայլեր կատարել, որովհետև քրիստոնեությունը կրավորական հավատք չէ, այլ ներգործական:

Բայց ինքներս մեզանից պետք է սկսենք: Հայր Պաիսոսն ասում է, թե մեծ էգոիզմ է, երբ մտածում ես, թե կարող ես վերափոխել ուրիշներին:

Եթե մարդը չսկսի աշխատել իր էության հղկման վրա, ապա սատանան նրա համար այլ աշխատանք կգտնի, այսինքն` ուրիշների թերությունները գտնել և նրանց քննադատել, դատել: Նախ և առաջ, մեր հոգեկան մռայլ վիճակը հաճախ պատճառ է դառնում, որ մեզ վերաբերվեն անտարբերությամբ կամ վատ: Եթե փոխենք մեր վերաբերմունքը ուրիշների նկատմամբ, կնկատենք դրական փոփոխություններ նաև նրանց վարքագծում:

Մեր գործողություններով շատերին կարող ենք մեր դեմ տրամադրել, բայց եթե նրանց սկսենք վերաբերվել հոգևոր մոտեցմամբ՝ շրջապատված կլինենք լավ ընկերներով: Հետևաբար, մենության և մռայլության, բարդ փոխհարաբերությունների դեմ ճշմարիտ բուժումը անշահախնդիր սերն է:

Սերը պետք է փոխանցել, որպեսզի այն աճի, մարդու ներսում զորանա, և անհատը՝ ինչպես լույսը, փայլատակի: Ուստի, քրիստոնեական հավատքը հեռվից չի սկսում, այլ հենց մեր շրջապատում, թե ինչպես ենք վերաբերվում մերձավորներին և մյուսներին, նույնիսկ իրերին: Դրական մոտեցումը բերում է դրական լիցքեր և ուժեր, իսկ բացասականը սպառում է մարդուն:

Քրիստոնյան լուսավոր մարդ է: Նա ճառագայթում է Քրիստոսի սիրո լույսը, հանգստությունը և կայունությունը: Եթե որևէ մեկը նույնիսկ չի ճանաչում նրան, զգում է, որ կարող է նրան ապավինել: Ք

րիստոսի լույսի առջև հալվում է սրտի սառույցը, անհետանում է ստվերը, և մարդու ներսում ծաղկունք ու մշտարթուն գարուն է տիրում: Այս ամենը վերացական իրողություններ չեն, այլ իրականություն: Մարդու սիրտը նման է ծաղկի, այն ծաղկում է, երբ հաղորդակից է սիրո աղբյուրին: Եթե չջրենք, այն կթառամի, կչորանա:

Ուրիշների հետ մեր բարդ հարաբերությունների պատճառը հաճախ մեր հոգևոր անտարբերությունն է, անգործությունը և վհատությունը, հատկապես՝ հուսահատությունը: Վերջինս մեզ հեռացնում է աստվածային սիրո աղբյուրից և ստիպում է  հոգու դատարկություն և անգործություն զգալ: Եթե նույնիսկ ինչ-որ սխալ բան ենք արել, ապա պետք է ներողություն խնդրել, այլ ոչ թե ընկնել անհանգստության, լարվածության, հուսահատության գիրկը` մտածելով, թե ինչ-որ մեկին կամ ոմանց դուր չենք գալիս, և չարախոսում են մեր մասին:

Հոգու դառնության, վիրավորվածության, չներելու, բարդ փոխհարաբերությունները սկսվում են նաև այնտեղից, երբ մարդկանց կարծիքները չափազանց շատ ենք կարևորում, քան Աստծո կողմից մեր անձի արժևորումը:

Դարեդար միլիոնավոր մարդիկ այս աշխարհով եկել ու անցել են և շատերի մասին հայտնել իրենց լավ կամ վատ կարծիքը: Եվ ինչպես իրենք են եկել-գնացել, այդպես էլ իրենց կարծիքներն են մոռացվել:

Կարևոր է, թե Աստված ինչպես է գնահատում ու արժևորում մարդուն, այլ ոչ թե ինչպես են ժամանակավոր մարդիկ հայտնում իրենց ժամանակավոր կարծիքը անձիդ մասին: Աստծո հավերժական գնահատանքն ու արժևորումն է էական, որը մնայուն է և հավիտենական: Սրբակյաց հոգևորականներից մեկը պատմում էր, որ, երբ ինքը երիտասարդ էր, հարց տվեց մի վանականի, թե ինչու է կյանքն այսքան բարդ: Վանականը պատասխանեց, որ կյանքը բարդ չէ, այլ ինքդ ես բարդ:

Կյանքը խաղաղություն է: Կյանքը Ավետարան է: Բայց դու չես ապրում Ավետարանի համաձայն, և դա է քո խնդիրների պատճառը: Եվ դրա համար այս կյանքը դժվարին ուղի է: Եվ այն դառնում է անտանելի դժվար, երբ քո կյանքից հեռացնում ես Աստծո ներկայությունը:

Այնպես որ, ինչպես նշում էր սրբակյաց մի վանական, վերջին ժամանակներում մարդկանց կփրկի սերը, խոնարհությունը և բարությունը: Բարությունը կբացի դրախտի դռները, խոնարհությունը կուղեկցի այնտեղ, իսկ սերը ցույց կտա Աստծուն:

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս