Արյունոտ ցորեն՝ Ադրբեջանի տարածքով. Փաշինյանն ու Ալիևը «տեղավորում են» Հայաստանը Միջին միջանցքի մեջ
«Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով՝ Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ»։
Ավետիք Իսահակյանի այս խոսքերն արդիական են հատկապես այսօր։ Բայց հացի խնդիրն էլ իր տեղն ունի։ Հայաստանում պարենային անվտանգությունը, մասնավորապես՝ ցորենի արտադրության ու ներմուծման խնդիրը մշտապես ունեցել է անվտանգային ու ռազմավարական նշանակություն։ Եվ սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն։
2024թ. տարեկան վիճակագրության տվյալներով՝ Հայաստանն ապահովում է իր ցորենի պահանջարկի ընդամենը մեկ քառորդը, մնացածը ներկրվում է արտասահմանից։ Ընդ որում, Հայաստան ներկրվող ցորենի 99.9 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Իսկ եթե հիշենք ներկա իշխանությունների օրոք հայ-ռուսական վատթարացած հարաբերությունները, հենց այստեղ է, որ ասպարեզ է գալիս նորին գերազանցություն քաղաքականությունը։
Ահա այս պատկերի մեջ է, որ առավել ուշագրավ է դառնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 21-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունը, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի Հայաստան տեղափոխվող ղազախական ցորենը։
Բայց մի՞թե պարենային անվտանգությունը Հայաստանում այնքան ծանր կացության մեջ է, որ Հայաստանը նախատեսում է ցորեն ներկրել Ղազախստանից, այն էլ՝ Ադրբեջանի տարածքով, թե՞ այստեղ քաղաքական ինչ-ինչ խնդիրների հարց կա, և տնտեսական շահն այս պարագայում ստորադասվում է գործող վարչակազմի քաղաքական առաջնահերթություններին։
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը «168 Ժամ»-ի հետ զրույցում դրական գնահատեց այս նորությունը՝ նշելով, որ դա ապաշրջափակմանն ուղղված կարևոր քայլ է։

Հենրիկ Քոչինյան. «Ես միշտ ասել եմ, որ այդտեղից պետք է սկսվի։ Այդտեղից պետք է սկսվի, որովհետև այդտեղ ոչ մի դժվարություն չկա, ֆինանսներ չի պահանջում։ Միայն կամք է պետք, որ ասել՝ անում ենք, վերջ, ու սկսել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից շտապեցին ողջունել Ալիևի հայտարարությունը՝ նշելով, որ այդ քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և փոխվստահության ամրապնդման գործում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարեց, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը գալու է Ակտաու-Բաքու ծովային ճանապարհով, այնուհետև շարունակելու է ադրբեջանական ու վրացական երկաթգծով՝ մտնելով Հայաստան։
Տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը տեխնիկական դժվարություններ այստեղ չի տեսնում։
Հենրիկ Քոչինյան. «Եթե դա իրականանա, շատ լավ կլինի։ Տեխնիկական ոչ մի դժվարություն չկա։ Եթե իսկապես այն, ինչ որ հայտարարեց Ալիևը, հրահանգ լինի, որ մեր բեռները բաց թողնեն, առանց որևիցե ծախսի կլինի։ Տեխնիկական ոչ մի խնդիր չկա էդտեղ։ Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք։ Եթե մինչև տարվա վերջ գոնե մի շարժակազմ ցորեն գա, ուրեմն լավ է»։
Բայց արդյոք Ադրբեջանի և Վրաստանի տարածքով այս բեռնափոխադրումը կարելի՞ է համարել լուրջ քայլ դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում փոխադարձության սկզբունքով՝ ինչպես ամրագրված է Վաշինգտոնի հռչակագրում։
Տնտեսագետ Վահե Դավթյանը «168 Ժամի» հետ զրույցում շեշտեց՝ Ալիևի հայտարարությունը և դրա շուրջ ստեղծված տեղեկատվական այս ամբողջ աժիոտաժն իրականում PR քայլ է, որը, սակայն, խորքային նպատակներ է հետապնդում։

Վահե Դավթյան. «Ի՞նչ են ուզում այս PR ակցիայով ցույց տալ, որ փաստացի Հարավային Կովկասում իր դիվերսիֆիկացումն է ստանում, այսպես կոչված, Միջին միջանցքը, որը կոչված է սպասարկելու Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղին՝ հակակշռելով Հյուսիս-Հարավ ծրագրին։ Հենց այդ Միջին միջանցքն է, որի մեջ փորձում են ամեն կերպ տեղավորել Հայաստանի Հանրապետությանը, փորձում է անել դա և Ադրբեջանը, և Թուրքիան, մյուս կողմից փորձում է անել Եվրոպական Միությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ եվրոպացիներն առաջարկեցին Հայաստանին ավելի խորը ինտեգրվել հայտնի Global Gateway նախաձեռնության մեջ և դրա շրջանակներում առաջարկեցին Հայաստանին շուրջ 2,5 միլիարդ եվրո վարկային միջոց Հայաստանի տրանսպորտային համակարգի բարելավման համար։ Երբ մենք խորապես ուսումնասիրում ենք Global Gateway ծրագիրը, տեսնում ենք, որ տարածաշրջանում առանցքային ծրագրերից մեկը, որը կոչված է իրագործվելու, Միջին միջանցքն է։ Հիմա չպետք է որևէ պատրանք ունենանք և պետք է հստակ հասկանանք, որ, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքը կամ Թրամփի երթուղին, ինչպես ուզում եք անվանեք, այն մեծ հաշվով տեղավորվում է Միջին միջանցքի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայի մեջ։ Այլ հարց է, թե ո՞վ է այն վերահսկելու, ի՞նչ դերակատարություններ են այնտեղ լինելու։ Սա հարցի երկրորդ կողմն է։ Բայց լոգիստիկ առումով սա Եվրոպա-Կովկաս-Ասիա նախաձեռնությունն է, որը հակակշռում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախաձեռնությանը, որի շահառուներ են հանդես գալիս Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը և Հնդկաստանը։ Ըստ այդմ, ինչո՞ւ է նման լոգիստիկ լուծում տրվում՝ ցույց տալու համար, որ Հայաստանն ունի ներուժ և պատրաստակամություն ինտեգրվելու Միջին միջանցքում, դառնալու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի մաս։ Հայաստանի պարագայում Միջին միջանցք ինտեգրվելը նշանակելու է Սյունիքով կոմունիկացիայի ձևավորում։ Թե ինչ կարգավիճակ կունենա կոմունիկացիան, սա քննարկման այլ թեմա է»։
Փորձագետն ընդգծեց այն հանգամանքը, որ ղազախական ցորենի բեռնափոխադրման ներկրման պարագայում խոսքն ընդամենը Վրաստանի միջնորդությամբ դեպի Հայաստան բեռնափոխադրման մասին է, ոչ թե Ադրբեջան-Հայաստան ուղիղ բեռնափոխադրումների։
Վահե Դավթյան. «Ուղիղ բեռնափոխադրումների մասին դեռևս խոսք լինել չի կարող, քանի դեռ չկան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի դեռ չկան փոխադարձ ճանաչված սահմաններ, քանի դեռ չկա վերջնական և հստակ քաղաքական կամք տարածաշրջանում հաղորդակցությունների վերաբացման վերաբերյալ, և այլն։ Այստեղ խոսքը, կրկնում եմ, զուտ Վրաստանի տարածքով փոխադրման իրականացման մասին էր։ Պարզապես նախկինում արգելք կար՝ Ադրբեջանում գործող ցանկացած բեռնափոխադրման վերաբերյալ, որոնք ուղղվում էին Հայաստան, և այժմ այդ արգելանքը հանված է»։
Այս համատեքստում Վահե Դավթյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ հենց Ղազախստանը, ինչո՞ւ է որոշվել առաջին բեռնափոխադրման այս ակցիան իրականացնել հենց այս երկրից, և ինքն էլ պատասխանում է իր հարցին՝ Ղազախստանը վերոնշյալ Միջին միջանցքի շատ կարևոր դերակատար է, որն ավանդաբար դիտարկվում է՝ որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու կարևոր հանգույց։ Իսկ ինչո՞ւ հենց ցորեն։
Վահե Դավթյան. «2024 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հացահատիկի 99․9 տոկոսն ապահովվել է Ռուսաստանից իրականացվող ներկրումների շնորհիվ, իսկ ցորենի 50 տոկոսն է ներկրվել Ռուսաստանից։ Այս պարագայում, ներկրելով հենց Ղազախստանից նման բեռնատեսակ, մենք դրանով իսկ, կարծում եմ, փորձում ենք տեղավորվել այն հակառուսական ծիրի մեջ, որ այստեղ ինտենսիվորեն ձևավորվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, և, ի վերջո, այս ամենի նպատակն է՝ ցույց տալ, որ տարածաշրջանում կարող են լինել նաև այլընտրանքային ուղիներ, որոնք ուղիղ կախված չեն ռուսական ռազմավարական նպատակադրումներից։ Մեծ հաշվով՝ սա այլընտրանք է նույն Վերին Լարսին»։
Ընդհանրապես, տնտեսությունն ու քաղաքականությունն իրար հետ սերտորեն փոխկապակցված են։ Երբ գործում է զուտ տնտեսական բաղադրիչը, հաշվի է առնվում տնտեսական արդյունավետությունը՝ որքանով է արտահանումը կամ ներկրումը շահավետ տնտեսապես։ Բայց եթե հարցն ունի քաղաքական տարրեր, դա արդեն քննարկման այլ թեմա է։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասում է՝ տնտեսապես ձեռնտու է ցորեն ներկրել Ռուսաստանից՝ չնայած լոգիստիկայի հետ կապված որոշ բարդություններին, բայց եթե այս պարագայում հարցն արդեն քաղաքական ենթատեքստ ունի, նշանակում է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ցորենի ներկրման տնտեսական արդյունավետությունը քաղաքական քայլերով մտցնում է փակուղի։ «168 Ժամի» հետ զրույցում գյուղատնտեսն ընդգծեց, որ սա թակարդ է՝ Հայաստանն Ադրբեջանին հպատակեցնելու, Հայաստանի Հանրապետությունն Արցախի պես շրջափակման մեջ գցելու նպատակով՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով։

Աշոտ Հարությունյան. «Ռուսաստանի Դաշնության ցորենը, որպես հացի հումք, շատ որակով է, և այսքան տարի մենք օգտվել ենք։ Իսկ գինը ՀՀ-ում արտադրված ցորենից նույնիսկ էժան է։ Հիմա եթե այս ամենը դնում են մի կողմ, նշանակում է՝ սա քաղաքական վայրիվերումների հետևանք է։ Բոլոր ջանքերը ներդնում են, որ մի բան, որ գոնե այսօր հասարակ ժողովրդի համար շատ թե քիչ մատչելի է, դա էլ են կտրում ժողովրդի գլխից։ Երկրորդը, հարաբերությունները վատացնում են Ռուսաստանի հետ, և բացի այդ, նաև արտահանման խնդիրներ են լինելու, շարունակվելու է՝ կոնյակ, հետո շարանը կավելանա, մարդիկ կմնան անգործ՝ ինչպես այսօր վարորդները։ Իսկ որպես ամփոփում՝ ասում եմ՝ եթե կա Ադրբեջանի հայտարարություն, սա հերթական թակարդն է, այսինքն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնել, Ռուսաստանի հետ ճանապարհները փակել, կախման մեջ լինել կոնկրետ քո երկիրը քանդողից, Արցախը խլողից, 21-րդ դարում էթնիկ զտում անողից, մեր զինվորների նահատակությունը ուրանում ենք, դնում ենք մի կողմ… Հիմա այդ կարգի մարդու արտահայտությունը, երբ մեր վերքերը թարմ են, դեռ արյունահոսությունը չի կանգնել, նման մարդուն, որը 21-րդ դարում բռնի տեղահանություն, էթնիկ զտում է անում, դու այսօր փորձում ես նման մարդու խոսքին հավատա՞լ»։
Մասնագետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հարավից Հայաստան հացահատիկի ներկրման ճանապարհը Ղազախստանից ապրանքների բեռնափոխադրման երթուղուց երկուսուկես-երեք անգամ կարճ է, իսկ դա նշանակում է, որ ճանապարհի երկարությամբ պայմանավորված՝ գինը բարձրանալու է։
Աշոտ Հարությունյան. «Հիմա դրեք, կիլոմետրաժով նայենք ընկերություններ, որոնք բեռնափոխադրումներ են կազմակերպում, մետրի ճշտությամբ կասեն՝ Ձեր ասած երթուղին ինչքան է, իսկ, ասենք, Ստավրոպոլից, Ռոստովից, Կրասնոդարից ներկրվող ցորենի ճանապարհն ինչքան է, և ճանապարհային ծախսերը և ժամանակը ինչ է պահանջում, և արդեն Դուք կտեսնեք, որ սա զուտ քաղաքական խնդիր է կարգավորում՝ Հայաստանը կտրել Ռուսաստանի Դաշնությունից, կախման մեջ դնել իր ոչ միայն պոտենցիալ, այլ կոնկրետ այս պահին թշնամու հետ»։
Հին Հռոմում քաղաքական ամենաարդյունավետ տեխնոլոգիաներից մեկը, ինչպես հայտնի է, ժողովրդին հացով ու տեսարաններով սիրաշահելն էր։ Աշոտ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի կառավարող ուժը փորձում է նույն մեթոդը կիրառել, բայց դրա ժամանակներն արդեն անցել են։ Մինչդեռ այս հարցն ինքնին լուրջ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի պարենային անվտանգության համար։ Մասնագետի խոսքով՝ ներկրված հացահատիկի պահուստներն այս պահի դրությամբ քիչ են, և եթե ճանապարհները փակվեն, Հայաստանը լուրջ խնդրի առաջ է կանգնելու։ Բացի այդ, Ադրբեջանի տարածքով բերված ցորենը, մեղմ ասած, կարող է անվտանգ չլինել։
Նախկին փոխնախարարի բնորոշմամբ՝ Ադրբեջանով եկած ցորենը բառի բուն իմաստով արյունոտ է։
Աշոտ Հարությունյան. «Դրա համար եմ ասում՝ ոչ թե այսօր ստամոքսով մտածել է պետք, և ասում է՝ մի՛ վախեցեք քիչ ուտելուց, մարդ կարող է 200 գրամ հացով էլ յոլա գնալ, բայց մնալ մարդ, արժանապատիվ երկիր։ Իսկ եթե պիտի զուտ մտածեն ստամոքսները լցնելու մասին, թող ուտեն Ղազախստանից Ադրբեջանով եկած ցորենը։ Իսկ դա ո՞ր լաբորատորիայում է ստուգվելու, ի՞նչ է գալու, ի՞նչ կգա, այդ սննդի մեջ ի՞նչ կարող է լինել, ովքե՞ր են ստուգելու։ Սրանք՝ տարբեր տեղերից սնվողները, անընդհատ հակառուսական քաղաքականություն են տանում, տեսնում են՝ տարբերակ չկա, կպնում են հացին։ Ռուսաստանը մի հատ փռշտաց, մի հատ մռնչաց՝ սրանք մկան ծակին հազար թուման են տալու։ Երկրորդ Ուկրաինա՞ են ուզում սարքել։ Այո՛, ես տնտեսություն ապահովող մարդ եմ, հաց ապահովող մարդ եմ, չեմ ուզում մտնել քաղաքականության մեջ, բայց ես չեմ ուզում արյունոտ հաց ուտել։ Այսինքն՝ Ադրբեջանով եկած ցորենը բառի բուն իմաստով արյունոտ է։ Ոնց ուզում է՝ թող ընդունեն։ Եթե կարող են արյունոտ հաց ուտել, գրող ուտեն»։
Աշոտ Հարությունյանի ներկայացրած տվյալներով՝ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է 400-500 հազար տոննա ցորեն, որից 316 հազար տոննա ցորենը՝ հացի համար։ Իսկ Հայաստանը 2024 թվականին արտադրել է 120,7 հազար տոննա ցորեն, որը կազմում է Հայաստանի ցորենի պահանջարկի 22.8 տոկոսը։ Այս բերքը ստացվել է 54450 հեկտար ընդհանուր մակերեսով ցանքատարածություններից։ Սրանք պաշտոնապես հրապարակված թվերն են։
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ իրականում վիճակն ավելի վատ է։ Ի դեպ, հասանելի են նաև այս տարվա տվյալները, որոնց համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում ցորենի ցանքատարածությունները կազմել են 47.700 հեկտար, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 7 հազար հեկտարով պակաս, ինչը նշանակում է, որ 2025 թվականին Հայաստանն ավելի քիչ բերք է ստանալու ցորենի ցանքատարածություններից։
Այս պայմաններում հարցը՝ արժի՞ արդյոք ապավինել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն «հանճարեղ» առաջարկին, որ կարելի է ցորենը փոխարինել բրնձով, կթողնենք հռետորական մակարդակում։
Հացի խնդիրը լուծելը, իհարկե, անհրաժեշտություն է, բայց շատ ավելի կարևոր է փրկել Հայաստանը մտքի ու հոգու սովից՝ հատկապես հայոց պետականության, Հայ Եկեղեցու ու հայ ինքնության համար այս դժվարին ու տագնապալի ժամանակներում։ Հենց այնպես չէ ասված Ավետարանում. «Ոչ միայն հացիւ, այլև բանիւ». «Ոչ միայն հացով է մարդ ապրում, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մտ․ 4։4)։

